Մեքսիկական հանրաճանաչ «Circulo de Poesia» հրատարակչությունն իսպաներեն լեզվով, իսկ Բարսելոնայում «Carena» հրատարակչությունը կատալերեն, ՀՀ ԿԳՄՍՆ-ի աջակցությամբ` «Հայ գրականությունը թարգմանություններում» ծրագրի շրջանակում, հրատարակել են հայ ժամանակակից բանաստեղծ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սլավի-Ավիկ Հարությունյանի «Աստված մոլորվել է մեր մեջ» (իսպաներեն) եւ «Խաղաղ օրեր» (կատալերեն) գրքերը։
Մեքսիկացի բանաստեղծ եւ քննադատ Ռոբերտո Ամեզքուիան հայ բանաստեղծի գրքի մասին գրում է. «Այս գիրքը, որ թերթում է հիմա ընթերցողը՝ նրա առջեւ դռներ կբացի, որտեղից լսվում են ինչպես հին հայկական ավանդական, օրորոցային մեղեդիներ, այնպես էլ՝ կզգա ժամանակակից երաժշտության հեւքը։ Սիրո, ազգային, հանրաճանաչ շեշտադրումներից մինչեւ օրորոցային, սակայն, ասես` մեկ խաչված հնչյուններով, մեկ՝ պոռթկումներով, ինչը պատերազմներին եւ դրանց վայրագություններին պոետի յուրօրինակ արձագանքն է: Հայ բանաստեղծ Սլավի-Ավիկ Հարությունյանի «Աստված մոլորվել է մեր մեջ» ժողովածուն մեզ մոտեցնում է բանաստեղծի առեղծվածային, միաժամանակ՝ հակամիստիկ մատյաններին, որտեղ մեր գոյության անցողիկ պայմաններում՝ բարձրագույն հավատքի հետ միասին, ճանաչում ենք ամենախոր՝ ուրացած ու մոռացության մատնված զարկերակը: Այդժամ է, որ յուրաքանչյուր արարք դառնում է սթափության աղաղակ, կամ անփոխարինելի մի աղոթք»,- կարդում ենք Ռոբերտո Ամեզքուիանի գրախոսականում։
Սլավի-Ավիկ Հարությունյանի մեքսիկական «Աստված մոլորվել է մեր մեջ» ժողովածուն հայերենից իսպաներեն է թարգմանել Նարինե Այվազյանը։ Կատալերեն բանաստեղծությունների գիրքը տպագրվել է հանրաճանաչ Ռոբերտո Դել Հոյո Ալֆարոյի թարգմանությամբ ու առաջաբանով։

Կարդացեք նաև
«Խաղաղ օրերը» կարոտախտի օրեր են, կարոտ առօրյա կյանքում, ընտանեկան տոներին, ընկերներին, հիշողություններին, միեւնույն ժամանակ՝ երկրի, Հայաստանի հանդեպ ունեցած մեծ սիրո, ինքնության փնտրտուքի օրեր: Սլավի-Ավիկ Հարությունյանն այնքան է սիրում Հայաստանը, որ նրա գույները, հոտերը, բնապատկերները թափանցում են բանաստեղծի հոգու մեջ` որպես նրա կյանքի շարունակություն։ Խաղաղ օրերը նաեւ գոյության, առօրյա կյանքի, կորուստների, սիրո, բարեկամության եւ սոցիալական քննադատության մասին մտորումների օրեր են, որ ոչ թե մերժում է ինքնաքննադատությունը, այլ ընդունում է այն որպես մարդկային բնության մի մաս: Խաղաղ օրերը գոյատեւման պայքարի օրեր են, հուսադրող ապագայի ձգտումներ: Նույնիսկ հրաժարվելով անձնական երազանքներից, որ «մնան միայն աշնանան մուգ, ջարդվող լուսաբացերը»։
Խաղաղ օրերը պատերազմի, շարունակվող պատերազմների բանաստեղծական հուշարձաններ են, աղաղակ այն մասին, որ խաթարված է երկրի ինքնությունն ու խաղաղ ապրելու, կառուցելու հնարավորությունը։ Գրքում կան շատ կարճ բանաստեղծություններ, որոնք ինձ հիշեցնում են ճապոնական հոգու բնության խաղաղությունը, որը զուգորդվում է շատ երկար, երբեմն երկխոսական բանաստեղծություններով, որոնք ինձ հիշեցնում են դասական հույն բանաստեղծների եւ մեծ ռուս բանաստեղծ Մայակովսկուն: Ես հայ գրականության մասին ոչինչ չգիտեմ։ Ես կարդացել եմ շատ բանաստեղծների ազատ բանաստեղծություններ, բայց այս փաստն ինձ բավարար գիտելիքներ չի տալիս իր երկրի բանաստեղծական ավանդույթները բնորոշելու համար, բայց պետք է ասեմ` գտնում եմ, որ Սլավի-Ավիկ Հարությունյանը բացառիկ բանաստեղծական ձայնով օժտված պոետ է»,- նշել է Ռոբերտո Դել Հոյո Ալֆարոյը։
Մարտի 29-ին Մեքսիկայում գրքի միջազգային փառատոնին (the Coyoacոn International Book) կկայանա Սլավի-Ավիկ Հարությունյանի «Աստված մոլորվել է մեր մեջ» գրքի շնորհանդեսը։ Իսկ կատալերեն գրքի շնորհանդեսը նախատեսվում է այս տարվա մայիս-հունիս ամիսներին։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.03.2023



















































