Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է որոշակի անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծվի Հայաստանը լքելու հանդեպ»․ «Առերեսում»

Մարտ 18,2023 22:00

Երևանում անցկացված «Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի մասնակիցների տեսակետն է, թե ողջ աշխարհի հայությունը պետք է միասնաբար ստանձնի Արցախի պատասխանատվությունը եւ չթողնի խնդիրը միայն պետության եւ Հայաստանի քաղաքացիների, առավել եւս՝ արցախցիների վրա: Հարցին ի պատասխան՝ գործնականում ինչպե՞ս է իրականացվելու սա ՝ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ «Ապագա հայկականը» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը թվարկեց քննարկված որոշ գաղափարներ․ «Համաժողովի մասնակիցների կողմից առաջարկներ եղան իրականացնելու մի քանի մեծ ծրագրեր։ Մեկը կոչվում է «Արցախ+10 միլիոն», որը ենթադրում է համահայկական համախմբման հարթակի ձեւավորումը՝ կազմակերպությունների, անհատների կողմից․ հարթակ, որը կարող է նպաստել լոբբինգային շարժմանը։ Երկրորդ կարեւոր ծրագրերից մեկը հենց լոբբինգային գործունեության համադրումն է․ ունենք տարբեր կազմակերպություններ եւ կարիք կա համադրելու։ Իհարկե, ավանդաբար մեծ գործ են անում «Հայ դատի» կառույցները, կան նաեւ «Ամերիկայի հայկական համագումարի», Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ առնչվող կառույցներ, եւ իհարկե՝ նորաստեղծ համայնքներում կան կառույցներ, որոնք չեն ասոցացվում վերոհիշյալ կազմակերպությունների հետ, սակայն ակտիվորեն զբաղվում են լոբբինգով․ դրանք հիմնականում Հայաստանից արտագաղթած անձինք են։ Եվ այդ շրջանակների համադրումը նույնպես շատ կարեւոր գործառույթ է։ Արցախի առնչությամբ երրորդ կարեւոր ծրագիրն Արցախին աջակցության համահայկական հիմնադրամի ձեւավորումն է, որը պետք է նոր մեթոդներով կառավարվող հիմնադրամ լինի»։

«Հայաստան-Սփյուռք միասնականության» թեմայով քննարկումներից հետո ազդարարվեց, թե մասնակիցների 57 տոկոսի կարծիքով՝ Հայաստան-սփյուռք հարաբերություններում կա վստահության ճգնաժամ, որը հաղթահարելի է, բայց անհրաժեշտ են համագործակցության նոր հարթակներ։ Հաղորդման մյուս հյուրը՝ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր եւ տնօրեն Վարդան Մարաշլյանն այս առնչությամբ մասնավորապես ասաց․ «Անկախությունից ի վեր՝ տեղի չի ունեցել տնտեսական եւ քաղաքական իշխանության իրական «կիսվելու» գործընթացը, որ Սփյուռքը լիարժեք մասնակից, գործընկեր դառնա ոչ միայն մոնիթորինգի տեսանկյունից, այլ նաեւ ինստիտուցիոնալ իմաստով՝ համատեղ, պետական մասնավոր համագործակցության ձեւաչափերով, որոնց միջոցով կարելի է վերականգնել այդ վստահությունը՝ պրոֆեսիոնալների ներգրավման, ճիշտ ծրագրերի մշակման միջոցով։ Այսինքն՝ այստեղ ներուժը շատ մեծ է․․․30 տարի այդ ճանապարհով չենք գնացել, բայց մեր մարտահրավերներն այնպիսին են, որ այլընտրանք չունենք՝ այս թեման անընդհատ պետք է առաջ տանենք»։

Քվեարկության մասնակիցների 83 տոկոսը ճիշտ են համարել Հայաստանից արտագաղթածների ներգաղթի ապահովումը: Հարցին՝ ինչպե՞ս է դա արվելու, եթե անցած տարիներին զորակոչից խուսափածների նկատմամբ 44-օրյա պատերազմից հետո համաներում էլ արվեց, սակայն անգամ դա չնպաստեց, որ այդ երիտասարդները մշտապես վերադառնան Հայաստան, Արտակ Ապիտոնյանը պատասխանեց․ «Պետք է փորձել վերադարձնել այն մարդկանց, ովքեր դեռեւս լիովին չեն հաստատվել Սփյուռքում եւ դա բնական է։ Դա հատկապես վերաբերում է նոր գնացած անձանց։ Բայց իհարկե՝ խնդիրը բազմաշերտ է։ Առաջինը՝ նախ տնտեսական պայմանների բարելավում է անհրաժեշտ։ Երկրորդը՝ անհրաժեշտ է նաեւ անվտանգային որոշակի խնդիրների լուծում։ Բայց ամենակարեւոր խնդիրը, որը քննարկվեց համաժողովում ու նաեւ որոշակիորեն կիսատ մնաց՝ պետք է որոշակի անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծվի Հայաստանը լքելու հանդեպ»։ Ճշտեց, որ խոսքը հասարակական պարսավանքի մասին չէ․ «Ամեն դեպքում՝ դա չլինի խրախուսելի արարք՝ առնվազն»։

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիրը քննարկման ընթացքում հիշատակեց, որ «Հայրենադարձության մասին» օրենքի մշակման ուղղությամբ աշխատում են առնվազն 7 տարի․ «Եվ մինչ օրս ինքը նույնիսկ խորհրդարան չի մտել՝ քննարկման համար։ Ի վերջո՝ պետությունը պետք է սահմանի հայրենադարձի հասկացությունը, ընդունի օրենքը եւ սկսի լրջորեն իրականացնել ինտեգրացիոն լուրջ գործընթացներ եւ պատրաստի ենթակառուցվածքներն այդ մարդկանց ներքհոսքի համար»։

Ի դեպ, «Ապագա հայկականը» առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի մասնակիցների մեծամասնությունը կարծում է, որ սխալ է բոլոր ուժերն ուղղել ներգաղթ ապահովելու ուղղությամբ, երբ Հայաստանում կա գործազրկության բարձր մակարդակ և աղքատություն: Նրանց կարծիքով՝ առանց տնտեսական զարգացման և գործազրկության խնդիրները լուծելու՝ ներգաղթը հանգեցնելու է սոցիալական լարվածության:

Այս առնչությամբ հնչած մեկնաբանությունը, նաեւ այն հարցի պատասխանը, թե արդյոք համաժողովում արծարծված խնդիրները հնարավոր է լուծել առանց պետության մասնակցության՝ ամբողջական զրույցում։

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031