Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցը: Այս որոշման նախագծի համար հիմք է հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի եւ Սոս Հակոբյանի դիմումը՝ ուղղված ԱԺ բոլոր խմբակցություններին:
Հիմքը հետեւյալն է՝ Սեդա Սաֆարյանը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է դեռ 1994-ի օգոստոսի 11-ին, 2022-ի սեպտեմբերի 15-ին նա ԱԺ որոշմամբ ընտրվել է ՍԴ դատավոր: ԱԺ-ում, որպես ՍԴ դատավոր, երդվել է դեկտեմբերի 16-ին: Նա անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը դադարեցրել 2023-ի հունվարի 27-ին, այսինքն, ըստ պետռեգիստրի, Սաֆարյանը որպես անհատ ձեռնարկատեր գործել է առանց ընդհատումների 1994 թվականի օգոստոսից մինչեւ 2023-ի հունվարի 27-ը: Մինչդեռ, ըստ Սահմանադրության 164 հոդվածի 6-րդ մասի, դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական մարմիններում, որեւէ պաշտոն առեւտրային կազմակերպություններում, զբաղվել առեւտրային գործունեությամբ, որեւէ վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթականից:
Այս հիմնավորումները ներկայացնելով՝ հիմնական զեկուցող, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պնդեց, որ նա իր կարգավիճակի հետ անհամատեղելի գործունեությամբ է զբաղվել, ուստի հորդորեց դիմել Սահմանադրական դատարան, թող իրենք որոշեն՝ խախտում արե՞լ է տիկին Սաֆարյանը, թե՞ ոչ. «Եվրոպական դատական ակտ կա, որտեղ չափազանց կարեւորվում է նման մարմիններում մասնագիտական գործունեություն ծավալող անձանց բարձր մասնագիտական չափանիշը: Ելնելով այն բանից, որ Սեդա Սաֆարյանը բարձր մասնագիտական չափանիշ է բավարարել, չէր կարող սա ներկայացնել՝ իբրեւ անուշադրության արդյունք: Ոչ մի անձնական բան չկա, զուտ իրավական»:
Կարդացեք նաև
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը համաձայնեց Արծվիկ Մինասյանի հետ, որ Սաֆարյանն իսկապես ունի բարձր մասնագիտական որակավորում ու հիմնավորեց. «Այլապես նրան չէր հաջողվի ՄԻԵԴ-ում ապացուցել, որ 2004-ին Վարդենիսում մի ընտանիքի վրա ուղղակի գործ է կարվել, խախտվել է նրանց արդար դատաքննության իրավունքը եւ 2004-ից մի ամբողջ ընտանիք նստած է եղել բանտում՝ 13 եւ 9 տարի ազատազրկումով: Ուրիշ բան, որ այդ ժամանակ երկրի քաղաքական իշխանությունը խրախուսող էր նման դատական վճիռների նկատմամբ»:
Հետո Ալեքսանյանը հարցրեց՝ նախորդ անգամ ՍԴ դիմել էիք «Ապօրինի գույքի բռնագանձման» օրենքի հետ կապված, որեւէ կապ կա՞ այս երկու դիմումների միջեւ եւ քանի՞ պատգամավոր է ձեր խմբակցությունից անցնում «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» գործերով․ «Սեդա Սաֆարյանը ինչ-որ մեկից գումա՞ր է վերցրել, ծառայություն մատուցել, թե՞ ոչ»:
Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ իրենց դիմումը ՍԴ ոչ թե «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի չեղարկմանն էր վերաբերում, այլ վիճարկել են կոնկրետ ձեւակերպումներ, որոնք իրավական անորոշություն են ստեղծել: Ըստ Մինասյանի, արհեստականորեն փորձում են միջանձնային ինչ-որ կապեր փնտրել ՔՊ-ականները, ինչը տեղին չէ. «Սեդա Սաֆարյանը փաստաբանական արտոնագրի դադարեցումը նոյեմբերին է ներկայացրել, ինչո՞ւ չի արել նույնը ձեռնարկատիրական գործունեության համար, որեւէ հիմնավոր փաստարկ չենք կարող գտնել: Կա՞՝ ասեք»:

Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, որ բացարձակ կապ չունի՝ Սեդա Սաֆարյանը վճարովի՞ է մատուցել ծառայություններ, թե՞ ոչ, խոսքը իր կարգավիճակի անհամատեղելիությանն է վերաբերվում. «Սադրանքներ են եղել եւ այլն, դա մեր քննարկման հարցը չէ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ




















































