ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մարտի 24-26-ն ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում մասնակցել է Համահայկական երիտասարդական ֆուտբոլային ասոցիացիայի (Pan Armenian Youth Futbol Association-PAYFA) կազմակերպած պատանեկան ընտրական մրցույթին եւ ամփոփման միջոցառմանը:
Ասոցիացիայի նախորդ տարվա աշխատանքի արդյունքում գրանցվել են շոշափելի արդյունքներ՝ Հայաստան եկած 8 պատանիներից 3-ը ընդգրկվել են մինչեւ 14 տարեկանների Հայաստանի հավաքականի կազմում: Ընդհանուր առմամբ 12 պատանի ընդգրկվել է Հայաստանի հավաքականներում՝ տարբեր տարիքային խմբերում:
Արտերկրում ապրող մեր տասնյակ հայրենակից պատանիներ երազում են իրենց ավանդն ունենալ հայկական ֆուտբոլի զարգացման գործում:
Միջոցառման ընթացքում պրոֆեսիոնալ մարզչական կազմն ընտրում է լավագույններին եւ ուղարկում Հայաստան՝ տարբեր տարիքային հավաքականների ընտրական գործընթացին եւ միջազգային մրցաշարերին մասնակցելու համար: Մինչեւ ապրիլի ավարտն ասոցիացիայի ջանքերով եւս 6 պատանի ԱՄՆ-ից, Ռուսաստանից եւ Գերմանիայից կմեկնեն Հայաստան` մասնակցելու հավաքների եւ միջազգային մրցաշարերի:
Կարդացեք նաև
Միջոցառումներն անցկացվում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համագործակցությամբ:

ԱՄՆ կարճատեւ այցի ընթացքում Հակոբ Արշակյանը հանդիպել է նաեւ The Armenian Society of fellows խորհրդի անդամների, գիտնականների եւ ձեռներեցների հետ, քննարկել Հայաստանի գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարները:
Տեղի են ունեցել հանդիպումներ նաեւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի ղեկավար Փոլ Կրեկորյանի, համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ




















































