Լրահոս
Օրվա լրահոսը

Քարերը նետելու եւ քարերը հավաքելու ժամանակը

Ապրիլ 05,2023 13:00

ԿԳՄՍ նախարարության ղեկավարություն, սա արդեն երրորդ թատրոնն է, որ փակում եք

Նորաստեղծ «Գոյ» թատրոնի դերասաններ Տիգրան Ոսկանյանի, Սամվել Սեդրակյանի եւ ռեժիսոր Արմեն Մազմանյանի հետ 1988 թվականի դեկտեմբերին աշխատել եմ երկրաշարժից տուժած Գյումրիի ավերակներում: Սկզբից տասնմեկ հոգի էինք` արվեստի բնագավառի աշխատողներ, հետո մնացինք այդ չորսս: Մինչ այդ Արմենը եւ մյուսները մեծ ոգեւորությամբ սկսել էին իրենց նորաստեղծ թատրոնի առօրյան, ունեին մեծ ծրագրեր, երազանքներ, սակայն երկրաշարժը եւ արցախյան գոյամարտը էական խմբագրումներ մտցրեցին իրենց ծրագրերի մեջ. այնտեղ այդ տարիներին կարեւորն էին բարեգործական ներկայացումները եւ զինվորներին, աղետից տուժածներին ոգեւորելը: Դրանից հետո «Գոյ» թատրոնը սեւեռել էր ուշադրությունը մարդկային արժանիքներն ընդգծելու վրա, հասարակության արատներն ի հայտ բերելու եւ նրանց դեմ պայքարի վրա: «Գոյը» ստիպում էր մարդկանց մտածել, հասկանալ, որ մենք հոգի ունենք, տարբերվում ենք կենդանական աշխարհից, պետք է ճիշտ օգտագործենք մեր ապրելու ժամանակը: «Գոյը» պայքարում էր անտարբերության դեմ: «Գոյ»-ն ամեն ինչ չէր բեմադրում: Այստեղ հատկապես երեւում էր ազատ ստեղծագործողների միությունը, մի խումբ, որ կարողանում էր շրջանցել հասարակական ճաշակը եւ իշխանությունների պահանջը: Բնականաբար, այսպիսի խումբը չէր կարող պատնեշներ եւ դժվարություններ չունենալ: Բայց դերասանները հաղթահարում էին դժվարությունները` նյութական զրկանքներ կրելով, հազիվ ծայրը ծայրին հասցնելով կամ նույնիսկ չհասցնելով: 90-ական թվականներին մի անգամ հարցազրույց էի վերցնում Արմեն Մազմանյանից իմ «Շեմին» հեռուստատեսային հաղորդաշարի համար, եւ իմ հարցին` ինչպես եք գոյատեւում ձրի աշխատելով, աշխատավարձ չստանալով, նա պատասխանեց. «Մի կերպ: Մենք չենք կարող չաշխատել: Դերասան Տրդատ Մակարյանին աշխատավարձ տաս, թե չտաս, նա, միեւնույն է, խաղալու է: Դա է նրա կոնստիտուցիան»: Վերջապես Արմեն Մազմանյանին իր աներեւակայելի համառության եւ համբերության շնորհիվ հաջողվեց թատրոնի համար ձեռք բերել շենք, բեմ եւ սենյակներ: Դա հաղթանակ էր: Իշխանությունները, որքան էլ չկարողանային ժողովրդի համար ապահովել բարեկեցիկ եւ արժանավայել կյանք, մեծ ուշադրություն էին դարձնում մշակույթին:

Իզուր չէ, որ հնադարյան չինացի հայտնի պետական գործիչն ասում էր. «Եթե ուզում ես պատկերացում կազմել որեւէ երկրի ղեկավարման վիճակի մասին, ուսումնասիրիր նրա մշակույթը»: Աշխարհում բոլոր ազգերը, բոլոր երկրները խնամքով են պահպանում իրենց մշակույթը: Մշակույթը երկրի գանձն է, հարստությունը: Ով քիչ ունի, այդ քիչը այնպես է ներկայացնում, գովազդում, որ բոլորի համար դառնա անզուգական երեւույթ: Մենք շատ ունեինք, չպաշտպանեցինք, իսկ հիմա ունեցածն էլ ենք ոչնչացնում: Ուշքի եկ, ԿԳՄՍ նախարարության ղեկավարություն, սա արդեն երրորդ թատրոնն է, որ դուք փակում եք: Թատրոնը տուն է ե՛ւ աշխատակիցների համար, ե՛ւ հանդիսատեսի։ Այն երկար տարիների հարազատություն է, մի ամբողջ կյանքի ասպարեզ, մի ամբողջ կյանքի իմաստ, գործ, առաքելություն, որով շատերը ամրացրել են իրենց գոյությունը, տաճար, որի համար շատերը զոհել են իրենց ամեն ինչը, գուցեեւ անձնական երջանկությունը, ընտանեկան բարեկեցությունը։ Ո՞ւր ենք մենք գնում։ Ի՞նչ է մեր վերջը։ Ես հիմա ԿԳՄՍ նախարարության ղեկավարությանը դիմում եմ ոչ որպես թատերասեր, ոչ որպես «Գոյ» թատրոնի բարեկամ, որի հետ ինձ երկար տարիների բարեկամությունն է կապում, այլ որպես հոգեւորական։ Ուզում եմ ձեզ պատմել մի պատմություն իմ քահանայական փորձառությունից։ Մի քանի տարի առաջ հաղորդություն էի տալիս մի միջահասակ կնոջ, որ ծանր հիվանդություն ուներ եւ այդ հիվանդությունից էլ մահացավ։ Ես մխիթարում էի իրեն, ասում էի, որ Աստված ողորմած է, կօգնի իրեն։

– Ոչ,- ասաց նա,- ես փրկություն չունեմ։

– Ինչո՞ւ,- հարցրի ես։

Նա պատմեց, որ տարիներ առաջ՝ 80-ական թվականների սկզբերին աշխատում էր մշակույթի նախարարությունում, եւ իր ձեռքով հեռացրին օպերայից մի երգչուհու, որպեսզի հաստիքն ազատվի, նրա փոխարեն ուրիշին ընդունեն։ Հեռացրին առանց պատճառի, պարզապես կրճատեցին, դուրս նետեցին։ Իսկ երգչուհին չդիմացավ այդ հարվածին, սրտի կաթված ստացավ եւ մահացավ։

– Ես եմ մեղավոր նրա մահվան մեջ,- ասաց նա,- այդ աղջկա ողջ կյանքն ու իմաստն էր օպերայում երգելը: Նա ուրիշ ուրախություն չուներ, նրա ընտանիքն էր օպերան, իսկ ես, որ կարող էի ընդդիմանալ ղեկավարության որոշմանը, գոնե չմասնակցել այդ ընթացքին, հոժարությամբ կատարեցի նրանց որոշումը: Ես երկար տարիներ հանգիստ չունեմ նրա մահվանից հետո, տեր հայր, ինձ մի՞թե Աստված կների։ Անցել է երեսուն տարուց ավելի, իսկ ես տանջվում եմ ու զղջում։

Հասմիկ Պողոսյանի՝ նախարար լինելու ժամանակ բազմաթիվ երգիչների եւ այլ աշխատողների փողոց նետեցին։ Նրանցից ոմանք շուտով մահացան սրտի կաթվածից եւ ուրիշ հիվանդությունից։ Թող որեւէ մեկն ասի, որ այդ ամենի մեջ ոչ ոք մեղք չունի։ «Եթե ինչ-որ տեղ սպանում են որեւէ մեկին, դրանում ես եմ մեղավոր»,- ասում էր Դոստոեւսկին։ Իհարկե, սա չափազանցված կարծիք է, բայց ոչ մի չափազանցություն չկա նրանում, որ մարդուն փողոց նետելով, նրա ապրելու իմաստը ոչնչացնելով՝ մենք մեղք ենք գործում, կրճատում ենք նրա կյանքը եւ հատուցելու ենք Աստծո առաջ։ Հոգին սպանելն ավելի փոքր մեղք չէ, քան ֆիզիկական սպանությունը։

Արդեն երկու թատրոն լուծարել է ԿԳՄՍ նախարարությունը, արդեն տասնյակ մարդկանց փողոց է նետել։ «Կա քարերը նետելու եւ քարերը հավաքելու ժամանակը»,-ասում է Ժողովողի գիրքը։ Բավական է քարեր նետել, ուշքի եկեք, մի քանդեք այն տունը, այն օջախը, որը բազմաթիվ մարդկանց ուրախություն է պատճառել իր ներկայացումներով, իր երաժշտական, ընտանեկան մթնոլորտ ստեղծող միջոցառումներով։ Մի խաբվեք, ժամանակը ձեզ չի ների, քարերը հավաքելու ժամանակն էլ կա, եւ Աստված ձեզ էլ է տեսնում։

Թովմա ՔԱՀԱՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930