«Գոյ» թատրոնը հոկտեմբերի 12-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացնում է «Խելագարը» սատիրային կատակերգությունը՝ ըստ Դարիո Ֆոյի «Անարխիստի պատահական մահը» գործի։
«Մենք տևական ժամանակ չենք եղել բեմում միասին, չնայած որ բոլորը տարբեր հարթակներում զբաղվածություն ունեին և պահանջված մարդիկ են: Բայց այն, որ միասին ստեղծագործենք, այդ կարիքը չի լրացվում այլ թատրոններում ստեղծագործելով, որովհետև խոսում ենք բացառիկ թատրոնի՝ «Գոյի» մասին: Դրա համար դատական պրոցեսները, իրավական ողջ գործընթացները որոշեցինք թողնել իրավապահներին ու զբաղվել մեր գործով՝ ստեղծագործելով: Դա, իհարկե, մեծ դժվարություններ և տեխնիկական խնդիրներ էր ենթադրում, քանի որ չունենք տարածք, բայց դա չխանգարեց հավատալ այն մտքին, որ կարող ենք բոլորս միասին պահել մեր թատրոնը, այն թանկ ժառանգությունը, որը ստացել ենք մեր վարպետից՝ Արմեն Մազմանյանից»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Գոյ» թատրոնի դերասան, պրոդյուսեր Արսեն Ազիզյանը:
Նա տեղեկացրեց, որ մեծ ծավալի ստեղծագործական աշխատանք են կատարել, փորձել են դրամատուրգների և ռեժիսորների հետ աշխատել, շատ պիեսներ են դիտարկել, ի վերջո հանգել են այն մտքին, որ Սամսոն Մովսեսյանի առաջարկած՝ Դարիո Ֆոյի «Անարխիստի պատահական մահը» ամենահարմար տարբերակն է, որը վերաձևակերպել են որպես «Խելագարը» վերնագրով ներկայացում:
«Դա շատ հետաքրքիր ֆարսային գործ է, որը զուգահեռներ ուներ նաև մեր անցած ճանապարհի հետ: Քանի որ այս ամբողջ ընթացքում առնչվեցինք իրավապահների, ոստիկանների հետ, այսպես ասած՝ այդ բոլոր դիտարկումների հանրագումարը դարձավ «Խելագարը» ներկայացումը»,- հավելեց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Հարցրինք՝ տարաձայնություններ չե՞ն եղել՝ վերսկսելու հետ կապված՝ մինչեւ իրավական գործընթացների հանգուցալուծումը: «Այսպես թե այնպես՝ գործը գտնվում է դատարանում, առաջիկայում նույնիսկ դատական նիստ կա մեր գործերից մեկի հետ կապված: Մենք շատ կարոտել էինք մեր հանդիսատեսին, դրա համար որոշել ենք անպայման լինել բեմում: Ցավոք սրտի, մեր բեմը չէ, բայց ամեն դեպքում հավատում ենք, որ արդարությունն անպայման կվերականգնվի: Անկախ ամեն ինչից, իրավական և այլ որոշումներից՝ մենք կանք: Թատրոնը շենքը չէ, թատրոնը մարդիկ են, որոնք ունեն ստեղծագործելու ազատություն, կամք և ասելիք»,- ընդգծեց Արսեն Ազիզյանը:
Նա տեղեկացրեց, որ պետական ֆինանսավորում և աջակցություն չունեն, իրենց աջակցել են Daroink և Pro Decor ընկերությունները, ամեն օր զանգեր են ստանում հանդիսատեսից, յուրաքանչյուրն առաջարկում է իր յուրովի աջակցությունը: Նույնիսկ մեկն առաջարկել է իր տան մեծ բակը՝ փորձերն անցկացնելու համար, մյուսը՝ ֆիզիկական ուժը, երրորդը՝ մեքենան, ընկերներն էլ օգնել են դեկորներ պատրաստել:
«Եթե կա կամքը՝ անելու, լինելու, գոյություն ունենալու, հայտնվում են նաև միջոցները»,- ասաց Արսեն Ազիզյանը:
Հավելենք, որ ներկայացման մեջ ներգրաված են Սամվել Թոփալյանը, Սամսոն Ստեփանյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը, Վաչե Երիցյանը, Նարինե Պետրոսյանը, Գուրգեն Սարգսյանը և Մարինե Պետրոսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































