Լրահոս
Օրվա լրահոսը

Հացը թանկացել է 7.3%-ով․ առաջնային օգտագործման ապրանքների գները շարունակում են աճել

Ապրիլ 12,2023 18:07
hac

Այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ մեր երկրում գնաճը կազմել է 5.4%, իսկ հունվար եւ փետրվար ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 8.1%։ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է սպառողական գների ցուցանիշը։ Գնաճի տեմպը որոշ ապրանքների դեպքում նախորդ տարվա նույն ամիսների համեմատ մի փոքր նվազել է, սակայն ընդհանուր առմամբ, առաջնային օգտագործման ապրանքների գները շարունակում են աճել։

Սննդամթերքի գնաճը այս տարվա մարտին՝ նախորդ տարվա մարտի համեմատ կազմել է 5%, փետրվարին՝ 9.8%։

Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակների գնաճը նախորդ ամսում կազմել է 8.3%, փետրվարին՝ 9.3%:

Հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գնաճը մարտին 6 % է, փետրվարին այս ապրանքատեսակների գնաճը կազմել է 11.8%։

Մարտ ամսին հացը թանկացել է 7.3%-ով, ալյուրն ու այլ տեսակի ձավարեղենի գները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 3.4%-ով, մինչդեռ փետրվարին այս ապրանքախմբում գնաճ է եղել՝ 4.3%: Բրինձը նույնպես էժանացել է, 3.1%-ով, իսկ փետրվարին բրնձի շուկայում թանկացում է գրանցվել՝ 2.7%։

7.6%-ով թանկացել է մակարոնեղենը, փետրվարին այս սննդամթերքի գնաճը կազմել է 17.8%: Տավարի միսը թանկացել է 18.9%-ով։ Խոզի թարմ, պաղեցրած կամ սառեցրած մսի շուկայում գները նվազել են 13.8%-ով, փետրվարին այս մսատեսակի գները նվազել են 5.9 %-ով։ Թռչնամսի գները մարտ ամսին աճել են 1.6%-ով, փետրվարին 2.5%-ով։

Մսամթերքի այլ կիսաֆաբրիկատներ ապրանքախմբում գնաճը մարտին կազմել է 7.6%, փետրվարին՝ 9.2%:

Ուշագրավ է, որ ըստ վիճակագրական կոմիտեի` հացը, բրինձը, մակարոնեղենը, միսը, այդ թվում՝ թռչնամիսը նշվում են որպես կարճաժամկետ օգտագործման սննդատեսակ։

Ձուկն ու ծովամթերքը էժանացել են 0.6%-ով, իսկ ահա սառեցված ձուկը թանկացել է 23.8%-ով։

Կաթի գները մարտին բարձրացել են 8.4%-ով, իսկ փետրվարին՝ 9.5%-ով։

Պանիրն ու կաթնաշոռը նախորդ ամսում թանկացել են 14.8%-ով, իսկ փետրվարին՝ 16.7%-ով։ Ձիթապտղի յուղը թանկացել է 2.6%-ով, փետրվարին՝ 3.9%-ով։

Մարտ ամսին մրգերը թանկացել են 8.7%, փետրվարին այս ապրանքատեսակի գնաճը 14.1% է կազմել։

Ըստ վիճակագրական կոմիտեի, բանջարեղենի գներն, ընդհանուր առմամբ, նվազել են 0.7%-ով, իսկ ահա փետրվարին այս ապրանքախմբի գնաճը կազմել է 7.4%։ Պաշտոնական տվյալներով բանջարեղենից միայն կարտոֆիլի շուկայում է գնաճ արձանագրվել, մարտին այն կազմել է 4.5%, փետրվարին՝ 11.1%։

Չնայած պաշտոնական այս թվերին, դժվար է հավատալ, որ բանջարեղենի շուկայում միայն կարտոֆիլն է թանկացել, քանի որ յուրաքանչյուրը, ով գոնե շաբաթը մեկ անգամ գնումներ է կատարում, կնկատեր, որ գրեթե բոլոր տեսակի բանջարեղենի գները ամեն շաբաթ փոխվում են՝ դեպի թանկացում։

Ալկոհոլային խմիչքները մարտին թանկացել են 7.8%-ով, փետրվարին՝ 8.5%-ով, ծխախոտը՝ 8.8%-ով՝ մարտին, 10.3%-ով՝ փետրվարին։

Ոչ պարենային ապրանքների շուկայում եւս գնաճը զգալի է, հագուստը թանկացել է 6.7%-ով, կոշիկը՝ 8.9%-ով։

Բազմաթիվ քաղաքացիների համար գլխացավանք դարձած բնակարանների վարձակալության գներն այս տարվա մարտին՝ նախորդ տարվա մարտի համեմատ աճել են 33.1-ով, փետրվարին՝ նախորդ փետրվարի համեմատ այս շուկայում գնաճը կազմել է 42.3%:

Առողջապահական ծառայությունների գնաճը մարտին կազմել է 5.1%, փետրվարին՝ 4.2%:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930