Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-Ադրբեջան համակեցություն հնարավոր է առնվազն 50 տարի անց, այն էլ՝ 3 պայմանով»

Ապրիլ 17,2023 14:30

«Այո, երեկ միջադեպ է տեղի ունեցել, մենք զոհեր ենք ունեցել, բայց ես միեւնույնն է արձանագրում եմ հետեւյալը՝ զոհեր ունեցել են նաեւ ադրբեջանցիները՝ ավելի շատ, ըստ ամենայնի՝ կրկնակի շատ։ Բայց կապ չունի։ Այսօրվա իրավիճակում մեր ռազմավարական խնդիրն է համակեցության բանաձեւը գտնելը, ուրիշ տարբերակ չկա»,-ապրիլի 12 -ին Տեղ համայնքի տարածքում Ադրբեջանի հարձակումից հետո ԱԺ ամբիոնից ասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թվում էր, թե գոնե նման իրավիճակներում «համակեցությունից» խոսել պետք չէ, բայց, այուամենայնիվ, երկրի ղեկավարի ձեռամբ թեման նորից ակնարկվեց։ ՀՀ-Ադրբեջան հնարավոր համակեցության մասին «Առավոտ»-ը զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ, «Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» գրքի հեղինակ Գառնիկ Դավթյանի հետ։

-Պարոն Դավթյան, պատմական փորձն ու վերջին տարիների իրականությունը հաշվի առնելով՝ որքանո՞վ եք հնարավոր համարում ՀՀ-Ադրբեջան եւ հայ-ադրբեջանցի համակեցությունը։

-Թեման բավականին ընդգրկուն է, բայց եթե փորձեմ հակիրճ լինել, ապա նախ շեշտեմ, որ վերոնշյալը պարզապես միջադեպ չէր։ Սա ագրեսիա եւ սադրանք էր Հայաստանի հանդեպ՝ ոչ միայն Տեղ համայնքում տարածքներ զավթելու, այլեւ եղած հայկական դիրքը, որում մեր զինվորները փորձել են ամրանալ, յուրացնելու։ Ինչ վերաբերում է համակեցությանը, ապա Ադրբեջանի հետ ՀՀ-ի համակեցությունը ես հավանական եմ համարում միայն առնվազն 50 տարի անց, այն էլ՝ պայմանով, որ Ադրբեջանում ամբողջապես վերանայվի եւ փոխվի կրթական համակարգը։ Երկրորդ պայմանն այն է, որ Ադրբեջանի պաշտոնական մակարդակում բացառվեն հայերի հանդեպ ամեն տեսակի ատելության դրսեւորումները, հայերին «տմարդ» ներկայացնելու պետականորեն ընդունված քարոզչական բանաձեւը։ Եւ երրորդ պայմանն այն է, որ Ադրբեջանի կողմից լինի սեփական հանցագործությունների եւ գործողությունների ընդունում եւ դրանց հետեւանքների կրում։ Օրինակ՝ հայ սպայի կացնահարած Ռամիլ Սաֆարովի, քառօրյա եւ 44-օրյա պատերազմներում իրականացրած ռազմական հանցագործությունները, որոնք պետք է բացահայտվեն եւ դատապարտվեն Ադրբեջանի պաշտոնական մակարդակում։ Այս ամենի դեպքում միայն գուցե հնարավոր կլինի փորձել գտնել եզրեր՝ հարեւան, իսկ այս դեպքում՝ թշնամի պետության հետ համակեցություն սկսելու համար։ Առհասարակ, Ադրբեջան պետության ձեւավորումից սկսած՝ հայերի եւ ադրբեջանցիների համակեցությունը հարթ չի եղել։ Մեր հանդեպ ատելությունը տարիներ շարունակ խորացվել է։ Ադրբեջանի անկախացումից հետո վերջինս էլ ավելի ազատություն տվեց ձեռքերին՝ խախտելով միջազգային պարտավորությունները։ Այսօր, այս իրականության մեջ ես ադրբեջանցիների հետ խաղաղության, համակեցության կամ որեւէ դրական միտում ունեցող ելքի իրականացում հնարավոր չեմ համարում, քանի որ վերոնշյալ հանգամանքները կյանքի չեն կոչվել, եւ չկա վստահություն, որ մոտ ապագայում կյանքի կկոչվեն։ Այն խնդիրները, որոնք կան երկու պետությունների միջեւ, պատմական խորը հիմք ունեն։ Թեեւ ՀՀ-ում ատելությունը բավական զուսպ է եւ կրթական համակարգում անթույլատրելի է համարվում, Ադրբեջանում «առաջընթաց» կա միայն ատելությունը խորացնելու ուղղությամբ։ Ուստի կապիտուլացված ղեկավարի եւ մյուս պաշտոնյաների բոլոր նման մեկնաբանությունները ոչ միայն մեկնաբանելու իմաստ չեմ տեսնում, այլեւ իրենց ասածները զուրկ են տրամաբանությունից եւ «ռեալ պոլիտիկ»-ից։

-Դեռեւս 2021թ.-ից Նիկոլ Փաշինյանը «թշնամանքը կառավարելու» ակնարկներ էր անում, հանրային կերպով կասկած հնչեցնում, թե որտեղից է գալիս այդ թշնամանքը։ Ձեր մոտ այդ հարցը կասկած առաջացնո՞ւմ է։

-Իմ մոտ տպավորություն է, որ երբ մարդն իմանում է, որ իրեն պետք է անկախ սեռից բռնաբարեն, փոխանակ հակազդի, ասում է՝ «դե դա է իրականությունը, համաձայնվեմ»… Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն ուղիղ համեմատական է Հայաստանի «բռնաբարությանը»։ Սա բոլորիս է վերաբերում, ովքեր որ ապրում են այստեղ եւ իրենց երեխաների ապագան այստեղ են տեսնում։ Ընդհանրապես, իրենց ու Ադրբեջանի հայտարարություններում մեկ նպատակ եմ տեսնում՝ պատվեր են կատարում։ Թե որ կողմից է դա թելադրվում, հակված եմ թուրք-ադրբեջանական կողմին։ Ադրբեջանում մի քանի ընկալում կա՝ «հայերը լավ բանվորներ են եւ փողոց մաքրողներ», եւ «հայ կայանք ու աղջիկները պետք է լինեն պոռնկության աղբյուր»։ Կներեք իհարկե ձեւակերպման համար, բայց իրենցում հենց այդպես էլ գրվում է։ Իրենք բոլոր հայ կանանց ու աղջիկներին այդ տեսանկյունից են նայում։ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը հուշում է, որ ինքը ոչ թե հավատում է նրան, ինչ ասում է, այլ կոնկրետ պատվեր է կատարում, որի նպատակն է հոգեպես կոտրել հայ ժողովրդին ինչպես իր ազգային շահերի հանդեպ՝ Արցախի հարց, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, այնպես էլ տրամադրել, որ մենք պետք է ենթարկվենք թուրքերի եւ ադրբեջանցիների քմահաճույքներին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930