Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Ցորի զորամասի» գործով նիստին դատախազն ու տուժող կողմը առարկություններ ներկայացրին պաշտպանության կողմի միջնորդությանը՝ ամբաստանյալ Գեւորգ Գեւորգյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ:

Նախորդ նիստերից մեկում վկաներ էին ցուցմունք տալիս՝ զինվորներ ու պնդում, թե՝ եթե Գեւորգ Գեւորգյանը չլիներ, իրենք էլ էին զոհվելու:
Դատախազն ասաց, որ 23 վկաներից հարցաքննության ենթարկվել է 9-ը, ըստ էության, այդ վկաներն ու Գեւորգյանը պետ-ենթակա հարաբերությունների մեջ են եղել Գեւորգյանը հանդիսացել է վկաների գերակշիռ մասի պետը ու եթե Գեւորգյանը հայտնվի ազատության մեջ, նրանց վրա ազդեցություն գործելու հավանականությունը մեծ է: Ըստ դատախազի, միջնորդությունը անհիմն է եւ ենթակա է մերժման:
Կարդացեք նաև

Նա նշեց, որ Գեւորգյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության համար, որի համար նախատեսվում է պատիժ ազատազրկում 7-13 տարի ժամկետով գույքի բռնագրավմամբ, կամ առանց. <Հանցանքի ծանրությունը եւ սպասվող պատժի խստությունը հանդիսանում է կարեւոր տարր՝ գործի քննությանը խոչընդոտելու: Գործով ձեռք բերված փաստական տվյալները ամբաստանյալին վերագրվող հանցանքի ծանրությունը գնահատելով՝ գտնում եմ, որ Գեւորգյանը ազատության մեջ լինելով՝ կարող է ազդեցություն գործադրել գործով դեռեւս չհարցաքննված վկաների վրա: Գեւորգ Գեւորգյանի առերևույթ կատարած հանցագործության հետեւանքով զոհվել է 20 զինծառայող, նա հանդիսացել է այն ստորաբաժանման շտաբի պետը, որտեղ ծառայել են եւ հիմա էլ շարունակում են ծառայել քրեական գործի հետ առնչություն ունեցող այն անձինք, որոնք այժմ սույն գործով վկաներ են: Հետեւաբար, Գեւորգյանը կարող է վկաների վրա անօրինական ազդեցություն ունենալ՝ իր օգտին ցանկալի ցուցմունքներ ստանալու համար»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































