Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխական կրոնի դոգմաները

Ապրիլ 19,2023 14:00

Ինչի՞ վրա է հիմնված այսօրվա Հայաստանի հասարակարգը

Սոցիոլոգիայի դասականներից մեկը՝ Մաքս Վեբերը, համոզված էր, որ այս կամ այն հասարակարգի լեգիտիմությունը պահպանվում է ներքին, եւ ոչ թե արտաքին գործոններով: Այսինքն՝ բավարար չէ, որ որեւէ կայսր որեւէ թագավորի գլխին թագ դնի: Այդ թագավորի հպատակների մեծամասնությունը պետք է համոզված լինի, որ թագն, այսպես ասած, ճիշտ տեղում է: Այդպես է, համենայնդեպս, վերջին մի քանի դարերի ընթացքում: Հասարակարգի լեգիտիմությունը, ըստ Վեբերի, կարող է ապահովվել երեք տարբերակով՝

1/ զուտ «աֆեկտիվ»՝ էմոցիոնալ նվիրվածությամբ,

2/ արժեքային- ռացիոնալ ձեւով, երբ մարդիկ անսասան համոզմունք ունեն, որ տվյալ հասարակարգն ամենաարդյունավետն է,

3/ կրոնական հավատով, որ ընդհանուր բարիքն ու փրկությունը պայմանավորված է հե՛նց այդ հասարակարգով:

Հայաստանյան այսօրվա հասարակարգը հիմնված է առաջին եւ երրորդ գործոնների վրա: Ընդ որում՝ ավանդական կրոնը եւ Աստվածը փոխարինվում են հեղափոխությամբ եւ Փաշինյանով, այսինքն՝ առաջինը հեղափոխությունն է իր դոգմաներով, ըստ որոնց, պետության եւ հասարակության հիմնական նպատակն է նախկիններին մերժելը, իսկ երկրորդը՝ առաջնորդը, որը մարմնավորում է այդ «հավերժական ճշմարտությունները»:

Մնացածն ածանցյալ է՝ կասկածամտությունը, «գործակալական ցանցերի» պարբերական «բացահայտումները», վհուկների որսը եւ այլն:  Ընդ որում՝ պատերազմող երկրների պարագայում սովորաբար թշնամին է նման տրամադրություններ սերմանում՝ հակառակ ճամբարում անվստահություն եւ ընկճվածություն առաջացնելու նպատակով: Հայաստանում, սակայն, հենց իշխանությունն է դա անում՝ ամեն օր համոզելով իր քաղաքացիներին, որ նրանք շրջապատված են լրտեսներով, դավաճաններով եւ դասալիքներով: Այդ հարվածները, ցավոք սրտի, ուղղված են նաեւ բանակի դեմ՝ այն ինստիտուտի, որը, բոլոր թերություններով հանդերձ, նախորդ երեսուն տարվա ընթացքում կայացել է եւ մեր անվտանգության ամենահիմնական երաշխավորն է:

Բայց այդ ամենը, կրկնեմ, էմոցիաների վրա խարսխված «կրոնական հավատի» հետեւանք է, որն, իհարկե, ժամանակավոր է, բայց այս պահին ես որեւէ շրջադարձ դեպի ռացիոնալ դաշտ, որեւէ բեկում չեմ տեսնում: Ամենեւին պատահական չէ, որ այդ «հեղափոխական կրոնի» առաջնորդն իրեն նույնականացնում է մե՛կ Դավիթ արքայի, մե՛կ Քրիստոսի հետ, այսինքն՝ մի անձնավորության, որը տառապում է համընդհանուր բարիք ապահովելու համար, եւ որի դեմ չար ուժերը դավեր են նյութում: Հոգեբանական այդ զեղումը մանրամասնորեն վերլուծել է Լեւոն Զուրաբյանն՝ իր վերջին հարցազրույցներից մեկում:

Քաղաքական հաշվարկների փոխարեն՝ էմոցիաներ, միֆեր եւ միստիկա, ըստ այդմ, պետք է ենթադրել, որ առաջնորդի առավել մոտ կանգնած ՔՊ-ականներն իրենց առաքյալներ են համարում: Այդ մեծամտությունը կարող էր զավեշտալի թվալ, եթե այդ մարդիկ չորոշեին մեր ճակատագիրը:

 Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    . Այս վարչակարգին լեգիտիմությունը սկզբնապէս հաստատուեցաւ, եւ այնուհետեւ ու մինչեւ օրս պահպանվում է, նաեւ՝ արտաքին գործոններով:

    Քանզի բազմաթիւ պետութիւնների համար էական է այդ լեգիտիմութիւնը, նկատի ունենալով որ փաստաթուղթեր ստորագրուեցան ու տակաւին պիտի ստորագրուին, Հայաստանի անունով, այս վարչակարգին կողմէ:

     
    . Ժամանակը այլեւս եկած է՝ Բանակը անջատելու բանակի սպայակազմի վերնախաւէն, երբ որ այդ մասին կը մտածենք – եւ ոչ միայն այս վարչակարգի գոյութեան տեւողութեամբ – :
     
    Այս մօտեցումը, ոչ միայն որեւէ բան չի փոխեր՝ նահատակուած զինուորների նկատմամբ մեր յարգանքի, հիացմունքի, ցաւի եւ երախտագիտութեան զգացումներէն, այլ՝ ընդհակառա՛կը:
     
    . Ներքին գետնի վրայ, վերեւի վերլուծումը անվիճելի կերպով կը վերաբերի 2018-2020 ժամանակաշրջանին: Սակայն ոչ՝ այս վարչակարգի վերահաստատման եւ պահպանումին, անկէ ետք:

    Ի դէպ, տեղի ունեցած անասելի Աղէտը նաեւ աչքերը բացաւ ստորագրեալի նման – ի սկզբանէ հակափաշինյանական – հայերի՝ այս Հայաստանի անցեալին նկատմամբ:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930