Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանկական գրքեր ՏԱՐԲԵՐՎՈՂ մարդկանց մասին

Մայիս 01,2023 12:30

«Առավոտը» 2022թ. փետրվարի 27-ի համարում ներկայացրել էր «ԱՐԻ գրականության հիմնադրամ»-ի «Ներառական գրքերի շարք. ՏԱՐԲԵՐ պատմություններ» նախագծի առաջին՝ Գայանե Աղաբալյանի «Արեւոտ խոհարարը» գիրքը։ Օրերս նախագծի շրջանակներում տեղի ունեցավ նույն հեղինակի «Չեմպիոնը» եւ «Ես խոսում եմ պարելով» մանկական գրքերի շնորհանդեսը, որին ներկա էին նաեւ երեխաներ, այդ թվում՝ լսողության խնդիրներ ունեցողների հատուկ դպրոցից։ Նախագիծը ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից։

Մեզ հետ զրույցում «ԱՐԻ»-ի տնօրեն Արեւիկ Աշխարոյանը հիշեցնելով, որ այսօր մեր դպրոցների մեծ մասը ներառական են, այսինքն՝ հաշմանդամություն ունեցող երեխաները սովորում են ոչ միայն հատուկ, այլեւ հանրակրթական դպրոցներում, ասաց. «Որքանով են երեխաները պատրաստ ընդունել իրենցից ինչ-որ բանով տարբերվող կամ հատուկ կարիքներ ունեցող հասակակիցներին։ Մենք պետք է նախապատրաստենք երեխաներին, բացատրենք, որ կա տեսանելի եւ անտեսանելի հաշմանդամություն, որ հաշմանդամություն ունեցողները սովորական երեխաներ են, իրենցից չեն տարբերվում։ Մեծ հաշվով՝ բոլորս ենք իրարից տարբեր, նույնիսկ եթե դա առաջին հայացքից տեսանելի չէ։

Այս նկարազարդ գրքերը (նկարիչ՝ Լուսինե Սահակյան) իրական պատմություններ են մեր կողքին ապրող եւ, չնայած իրենց հաշմանդամությանը, տարբեր ոլորտներում հաջողություններ գրանցած մարդկանց մասին»։

Հայկ Հոբոսյան

Շարունակելով խոսքը, մեր զրուցակիցը համառոտ ներկայացրեց գրքերի հերոսներին. «Հայկ Հոբոսյանը, որը չի լսում, պարային մրցույթների հաղթող է։ Այսօր էլ շարունակում է պարել, պարեր բեմադրել, աշխատում է Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում։

Գրետա Վարդանյան

Իսկ ծանրամարտիկ Գրետա Վարդանյանը, որը Սպիտակի երկրաշարժի ժամանակ կորցրել է ոտքերը, ամենօրյա պարապմունքներից ու բազմաթիվ մրցույթների մասնակցելուց հետո, 2022թ. Դուբայում անցկացվող աշխարհի խաղերի ժամանակ գրավեց առաջին տեղը։ Ավելին՝ նրա ջանքերով հիմնադրվեց Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց ծանրամարտի ֆեդերացիան»։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում են այցելություններ հանրապետության բոլոր մարզեր, որոնց ժամանակ կանցկացվեն ընթերցումներ երեխաների համար, նաեւ հանդիպումներ ուսուցիչների հետ. «Նախագիծը, բնականաբար, ուղղված է ընթերցանության խթանմանը, գրքի արժեւորմանը՝ որպես տեղեկատվական, կրթական, դաստիարակչական գործիք։ Ուսուցիչների հետ հանդիպման նպատակն է գրքերի միջոցով երեխաներին հաշմանդամության մասին պատմելու մեթոդները ներկայացնելը»։

Աշխարհում վաղուց հրատարակվում են մանկական գրքեր, որոնց միջոցով երեխաները հաղթահարում են իրենց բարդույթները, ասենք՝ վախերը, հայ մանկագիրների այդպիսի գրքեր՝ մեր դիտարկմամբ, եզակի են, այս պահին կարող ենք մտաբերել ընդամենը մեկը՝ Լուսինե Շահնազարյանի «Թարս թզուկը», որը պատմություն է տարբերվող մարդկանց մասին։ Համակարծիք լինելով այս դիտարկմանը, Արեւիկ Աշխարոյանն ասաց. «Օրինակ՝ Թումանյանի «Կռնատ աղջիկը» հեքիաթը, որն ըստ էության հայ հեղինակի առաջին ներառական պատմությունն է, թեեւ մինչ օրս այդպես չի մեկնաբանվում… Ճիշտ եք, նման թեմաներով քիչ գրքեր կան, ասենք, որ ծնողներն էլ խուսափում են երեխայի հետ խոսել, շոշափել նման հարցեր, իբր երեխայի մոտ վախեր չառաջացնելու համար։ Մեր նոր գրքերը հենց այդ մասին են. երեխաներին ասում են, որ հաշմանդամություն ունենալը, մյուսներից տարբեր լինելը վախ, խղճահարություն  առաջացնելու առիթ չեն։ Գրքերի հերոսների պատմությունները նույնիսկ մոտիվացնող են ու հուսադրող, որ բոլորը կարող են հասնել իրենց նպատակներին»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Գայանե Աղաբալյանի նոր գրքերը։

«Առավոտ» օրաթերթ
29.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031