Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծնողին տվել են երեք ձեռք, ասել են՝ այդ երեք ձեռքը ձեր որդին է՝ տարեք՝ հուղարկավորեք». Թագուհի Թովմասյան

Մայիս 05,2023 14:33

«Շատ ծանր խոսակցություն էր ներսում գնում. մենք գործ ունենք այնպիսի իրողությունների հետ, որ մարդկանց պատկան մարմինները տվել են երեք ձեռք, ասել են՝ այդ երեք ձեռքը ձեր որդին է՝ տարեք՝ հուղարկավորեք: Դրա համար ծնողը հրաժարվում է: Մեկ այլ ծնողի դեպքում, 1,82 հասակով տղա ունի, 43 համարի կոշիկներ է հագնում, բայց իրեն տվել են 1,62 հասակովի ԴՆԹ նույնականացման տվյալներ եւ ասում են՝ դուք պետք է հարմարվեք այդ իրավիճակի հետ, դա ձեր երեխան է: Նա հագել է շատ ավելի փոքր չափի կոշիկ, քան իր որդու ոտքի չափն է եղել: Այսինքն, նույնականացման դաշտում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք սյուրռեալիզմի դրսեւորում է եւ ողբերգություն է պատերազմից 2,5-3 տարի հետո այսպիսի իրավիճակում թողնելը»,– լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ 44-օրյա պատերազմում գերեւարվածների եւ անհայտ կորածների հարազատների հետ հանդիպումից հետո:

Թագուհի Թովմասյանը կարծում է, որ իր այդ վերաբերմունքով ՀՀ կառավարությունը պարզապես ցանկանում է փակել այդ էջը՝ ծնողներին ասելով՝ հարմարվեք այս ամենի հետ:

Տիկին Թովմասյանը վստահեցնում է, որ իրենց որդիների նույնականացման, գտնվելու վայրի կամ մահվան հանգամանքները պարզելու հետ կապված շատ ծնողներ շատ ավելի մեծ աշխատանք են տարել եւ պարզել եղելությունը, քան պետական պատկան մարմինները, ու տվյալների նույնականության արդյունքների ամփոփումը փաստում է, որ որոշներն առնվազն չհաստատված գերիների ցանկում պետք է լինեն: Ծնողները պնդել են եւ փաստեր ներկայացրել, որ գերիների ցանկն ավելին է, քան հաստատվածը, որը ներկայացնում են ՀՀ պետական մարմիններում եւ իրենց համար անհասկանալի է, թե ինչո՞ւ չի հաստատվում այդ անձանց՝ գերության մեջ լինելը:

Լրագրողներից մեկի դիտարկման հետ, որ երեք օր է Վաշինգթոնում բանակցություններ էին ընթանում եւ պաշտոնական տեղեկատվության մեջ չի երեւում, որ գերիների եւ անհայտ կորածների հարցը քննարկվում էր, Թագուհի Թովմասյանը համաձայնեց. «Այո, ճիշտ եք նկատում, այդ հարցը կարծես թե չի քննարկվում, եթե փակ դռների ետեւում քննարկվում է՝ չգիտեմ»: Ամեն դեպքում, Թագուհի Թովմասյանը փաստում է՝ կառավարությունից այլեւս ոչ մի հույս չկա եւ այն, ինչ իրենք պետք է անեին, արդեն չեն արել եւ ինքն այլեւս իր միջազգային գործընկերների հետ է փորձելու արդյունքների հասնել:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031