Պաշտոնական այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել են Բրիտանական թանգարան և դիտել «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, հանդիպել թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի հետ։
Բրիտանական թանգարանում բացված «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են բացառիկ ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից: Ցուցադրությունը բացվել է մայիսի 4-ին և գործելու է մինչև օգոստոսի 13-ը:
Ցուցահանդեսը Ք․ ա․ VI-I դդ․ Աքեմենյան կայսրությունից մինչ հելլենիստական ժամանակների շքեղության, իշխանական խորհրդանիշների, դրանց փոխակերպումների, ինչպես նաև քաղաքական ու պատմամշակութային նշանակության մասին է։

Այցելուների հատուկ խմբի համար կազմակերպված փակ դիտումների ժամանակ հատկապես ուշադրության է արժանացել Հայաստանի պատմության թանգարանից տրամադրված արջակերպ ծիսանոթը, որը մեկ ցուցափեղկում է համադրված Բրիտանական թանգարանում պահվող համաժամանակյա մեկ այլ բարձրարժեք ցուցանմուշի՝ Անահիտ աստվածուհու կիսանդրու հետ: Այս ցուցանմուշներն իսկական բացահայտում են դարձել Բրիտանական թանգարանի մասնագետների համար։
Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերի հետ հանդիպմանը քննարկվել են հայ-բրիտանական համատեղ ցուցադրությունների կազմակերպման հնարավորություններին առնչվող հարցեր։ Անդրադարձ է եղել թանգարանների կառավարման խնդիրներին՝ մասնավորապես կարևորելով ցուցադրությունների արդյունավետ կազմակերպման մոդելների ներդրումն ու զարգացումը, ինչպես նաև միջթանգարանային երկկողմ կապերի ամրապնդումը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Լոնդոն են մեկնել՝ մասնակցելու Կրթության համաշխարհային համաժողովին:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ






















































