Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկական բացահայտում են դարձել». Բրիտանական թանգարանում ցուցադրվում են Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից ցուցանմուշներ

Մայիս 05,2023 18:03

Միացյալ Թագավորության Բրիտանական թանգարանում մայիսի 4-ին բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով ցուցահանդեսը, որտեղ ցուցադրվում են ցուցանմուշներ Հայաստանի պատմության թանգարանից և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից:

Ցուցահանդեսը Ք․ ա․ VI-I դդ․ Աքեմենյան կայսրությունից մինչ հելլենիստական ժամանակների շքեղության, իշխանական խորհրդանիշների, դրանց փոխակերպումների, ինչպես նաև քաղաքական ու պատմամշակութային նշանակության մասին է։

Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V րդ, դդ․), Էրեբունիից հայտնաբերված արծաթյա հեծյալի ծիսանոթը (Ք․ ա․ VI-IV-րդ դդ․), Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․) առաջին անգամ են ցուցադրվում Միացյալ Թագավորությունում և իսկական բացահայտում են դարձել Բրիտանական թանգարանի մասնագետների համար։

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը։

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, գիտության և մշակույթի գործիչներ, որոնց համար հատուկ բացատրություն է անցկացրել Բրիտանական թանգարանի Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրեն, ցուցահանդեսի համադրող Ջեյմս Ֆրեյզերը։ Նա նշել է, որ այցելուների հատուկ խմբի համար կազմակերպված փակ դիտումների ժամանակ հատկապես ուշադրության է արժանացել Հայաստանի պատմության թանգարանից տրամադրված արջակերպ ծիսանոթը, որը մեկ ցուցափեղկում է համադրված Բրիտանական թանգարանում պահվող համաժամանակյա մեկ այլ բարձրարժեք ցուցանմուշի՝ Անահիտ աստվածուհու կիսանդրու հետ:

Բացման հանդիսավոր խոսքում Բրիտանական թանգարանի տնօրեն Հարթվիգ Ֆիշերը շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատմության թանգարանին և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին արդյունավետ համագործակցության համար։

Ցուցահանդեսի բացմանը նախորդել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի առանձին հանդիպումը Բրիտանական թանգարանի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի տնօրենների հետ:

Հանդիպումը կազմակերպվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանի ներկայությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները և նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ապագա մասնագիտական, գիտամշակությաին գործակցության ուղղությամբ։

Ցուցահանդեսը գործելու է մինչև օգոստոսի 13-ը:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031