Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե տվյալ համակարգը պաշտպանված չէ՝ ստացվում է, որ մենք մեր տվյալները ոչ միայն պետությանն ենք տալիս, այլ նաև 3-րդ կողմին. մասնագետ

Մայիս 10,2023 15:07

«Ընդհանրական շեշտադրում կատարելով Հայաստանում թվայնացման գործընթացին և դրա մաս կազմող էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանն ու արդյունավետ գործարկմանը՝ կարող ենք ասել, որ մենք գտնվում ենք որոշակի փուլում, սակայն այդ փուլը և արված աշխատանքները համարել հաջողված ու նպատակային՝ միանշանակ չենք կարող, քանի որ որակական գնահատական տալով տարբեր գործիքների, որոնք թվայնացման մաս են կազմում, հասկանում ենք, որ մենք առերեսվում ենք լուրջ մարտահրավերների, որոնք և՛ ռիսկային են, և՛ պարունակում են որոշակի վտանգներ հասարակության ադապտացման համատեքստում»: Այս մասին հայտնեց «Փոլիսինեթ» գիտահետազոտական կենտրոնի համահիմնադիր Վիկտորյա Մելքոնյանն այսօր «Մեդիա» կենտրոնում կազմակերպված «Կիբերհարձակումները՝ թվային և տեղեկատվական անվտանգության համապարփակ ռազմավարության բացակայության հետևանք» թեմայով քննարկման ժամանակ։

Նա տեղեկացրեց, որ սա իրենց 2-րդ հետազոտությունն է, առաջինի ընթացքում քննարկել են տեղեկատվական հասարակությունների էլեկտրոնային կառավարման համակարգերը, իսկ երկրորդի դեպքում արդեն ուսումնասիրել են ամենավերջին էլեկտրոնային գործիքները և փորձել վեր հանել մեկնարկային փուլում դրանց գործառութային առանձնահատկությունները:

«Թվայնացման գործընթացում, մենք որոշակի միջանկյալ դիրքում ենք գտնվում և հասարակությանը հրամցնելով թվային որոշակի գործիքներ, մենք նաև ակնկալում ենք հասարակության համարժեք վարքը և հետադարձ կապն այդ գործիքների օգտագործմանը, ինչը բավականին մարտահրավերային է, քանի որ դրանց ներդրումից հետո է միայն սկսվում որոշակի տեղեկատվական արշավ և որոշակի գիտելիքների ու հմտությունների փոխանցում որոշակի թիրախային խմբերի, որոնք այս կամ այն կերպ պետք է առնչվեն թվային այդ գործիքներին»,-ասաց Մելքոնյանը՝ հավելելով, որ հասարակության որոշակի զանգված դուրս է մնում թվայնացման գործընթացից:

«Թվային Հայաստան» կազմակերպության ՏՏ ծրագրերի համակարգող Մերի Շարոյանի խոսքով, իրազեկման կրթության խնդիր կա, քանի որ ստեղծված են որոշակի էլեկտրոնային ռեսուրսներ, որոնցից քաղաքացիները բավականաչափ տեղյակ չեն: Նա էլեկտրոնային հարթակների օրինակներ բերեց, որոնցից քաղաքացին տեղյակ չէ, օրինակ` էլեկտրոնային ժողովրդավարության համատեքստում՝ հանրագրերի հարթակը, պետիցիայի հարթակը, որոնք հնարավորություն են տալիս քաղաքացուն հանրային հնչողության հարցերի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել :

Քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արմեն Գրիգորյանն անդրադառնալով կիբեռանվտանգության հարցերին՝ շեշտեց, քանի որ գնալով բարդանում են թվայնացման գործիքները՝ դրան զուգընթաց խոցելիությունն է ավելանում և աճում՝ կիբեռանվտանգության դերը: Նրա խոսքով, զգալի մասով խնդիրներ են առաջանում հանրային ծառայությունների մատուցման էլեկտրոնային հարթակների անվտանգության առումով՝ հենց այդ համակարգերի աշխատակիցների գիտելիքների պակասի կամ անփութության պատճառով:

«Թվային ցանկացած գործիքից օգտվելու համար քաղաքացի պետությանը փոխանցում է որոշակի անձնական տվյալների պաշար, որտեղ կարող են լինել անձնագրային տվյալներ, որոնք կենսական նշանակություն ունեն, կոնտակտային, ֆինանսական, առողջապահական , տնտեսական, սոցիալական և այլ տվյալներ: Նմանօրինակ տվյալների արտոնումը պետությանը կամ պետությանը կից կառույցին, որը պատասխանատվություն է կրում այդ տվյալների անվտանգության համար, ստացվում է, որ մենք պետությանն արտոնում ենք, որպեսզի նա տեր կանգնի մեզ համար շատ կարևոր նշանակության անձնական կյանքի: Եթե տվյալ համակարգը ճիշտ չի գործարկվում կամ պաշտպանված չէ կամ ցանկացած կիբեռանվտանգության համար խոցելի ՝ արդյունքում ստացվում է, որ մենք մեր տվյալները ոչ միայն պետությանն ենք տալիս, այլ նաև 3-րդ կողմին, որը կարող է լինել թշնամական երկրի ներկայացուցիչ: Կիբեռհանցագործությունը դառնում է ազգային անվտանգության հիմնախնդիր»,-եզրափակեց Վիկտորյա Մելքոնյանը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031