Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Թադևոսյանն ընդունել է SpaceX-ը, Starlink-ը և SpaceXSI-ը (Grok) ներկայացնող պատվիրակությանը

Նոյեմբեր 25,2026 16:14 Share
Աջակցեք aravot.am-ին

Ի շարունակություն նոյեմբերի 18-ին ԱՄՆ աշխատանքային այցի՝ նոյեմբերի 23-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ընդունել է SpaceX-ը, Starlink-ը և SpaceXSI-ը (Grok) ներկայացնող պատվիրակությանը՝ Starlink-ի շուկայի հասանելիության և զարգացման տնօրեն Ջուլիա Գրոբլախերի գլխավորությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Starlink-ի ծառայությունների ավելի լայն տեխնոլոգիական լուծումների կիրառման ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրի առաջնահերթություններին համապատասխան։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել պետական կառավարման համակարգում Starlink-ի ծառայությունների կիրառման ընդլայնման հնարավորություններին՝ Հայաստանի թվային փոխակերպման ազգային առաջնահերթություններին համահունչ։ Քննարկվել են պետական ծառայությունների թվայնացման, բջջային կապի ծածկույթի ընդլայնման, արբանյակային և երկրային կապի ցանցերի փոխգործակցության, ինչպես նաև համայնքներում կապի հանգույցների և հանրային նշանակության ենթակառուցվածքների զարգացման հարցերը։

Հանդիպման առանցքային թեմաներից են եղել նաև արհեստական բանականության և տվյալների ենթակառուցվածքների զարգացումը, Հայաստանում տվյալների կենտրոնների ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տեղական ընկերությունների համար ֆիզիկական արհեստական բանականության (Physical AI) տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնումը։

Անդրադարձ է կատարվել կիսահաղորդիչների արդյունաբերության զարգացմանը, տիեզերական ոլորտում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև SpaceX-ի և Starlink-ի հետազոտական, տեխնոլոգիական և ծառայությունների զարգացման գործընթացներում հայ մասնագետների ու ընկերությունների ներգրավման հնարավորություններին։ Քննարկվել է նաև Հայաստանի միջազգային ճանաչելիության բարձրացման, երկրի տեխնոլոգիական ներուժի և նորարարական հնարավորությունների առավել լայն ներկայացման, ինչպես նաև համաշխարհային տեխնոլոգիական և տիեզերական էկոհամակարգերում Հայաստանի ներկայության ընդլայնման հարցը։

Կողմերը քննարկել են նաև կրթական համակարգում SpaceX-ի արհեստական բանականության՝ Grok-ի, կիրառման հնարավորությունները, այդ թվում՝ դպրոցներին ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով աջակցելու, տեղական տեխնոլոգիական էկոհամակարգը զարգացնելու, ինչպես նաև հայկական ընկերությունների մասնագիտական և տեխնոլոգիական կարողություններն ընդլայնելու հեռանկարները։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համագործակցության շրջանակում փորձնական ծրագրերի իրականացման հնարավորությանը, որոնք հնարավորություն կտան գնահատելու արբանյակային կապի, թվային ենթակառուցվածքների և արհեստական բանականության լուծումների կիրառման արդյունավետությունը տարբեր ոլորտներում։

Քննարկվել են նաև ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ տիեզերական ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, մասնավորապես՝ Հայաստանի արբանյակային կարողությունների ընդլայնման և երեք արբանյակ ունենալու նպատակի իրագործման, ինչպես նաև արբանյակների ուղեծիր դուրսբերման հնարավորություններն ու այդ ուղղությամբ SpaceX-ի հետ համագործակցության հեռանկարները։

Հանդիպման մասնակիցները վերահաստատել են համագործակցության շարունակական զարգացման և համատեղ նախաձեռնությունների ուղղությամբ աշխատանքները խորացնելու պատրաստակամությունը՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանի թվային և տեխնոլոգիական ենթակառուցվածքների զարգացմանը, միջազգային տեխնոլոգիական էկոհամակարգերին երկրի ինտեգրմանը և տեղական ընկերությունների մրցունակության բարձրացմանը։

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ

ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել