Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետի վարքագիծը դրսեւորվում է պարտվողի հոգեբանությունից. նա այժմ կատարում է իրեն հաղթողի կամքը»

Մայիս 27,2023 14:30
Mexak Gabrielyan

«Առավոտի» զրուցակիցն է 1990-1995 թվականներին ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը

– Մայիսի 14-ին, Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ՝ Միշելի եւ Ալիեւի հետ, ըստ Միշելի՝ համաձայնվել է Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքների չափերը՝ 29,8 եւ 86,6 հազար քառակուսի կիլոմետր: Արդեն Երեւանում, մայիսի 22-ի իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ տարածքի մեջ է մտնում նաեւ Արցախը: Ունի՞ Նիկոլ Փաշինյանն իրավասություն՝ միանձնյա նման որոշումներ կայացնելու՝ անտեսելով կոնֆլիկտի ակունքները եւ բանակցային ողջ գործընթացը:

– 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերյան Ալիեւի հարձակումից՝ պատերազմական ակտիվ գործողություններից հետո մենք գրանցեցինք պարտություն: Այդ մասին շատ-շատերն են խոսել եւ կարծիք հայտնել: Սակայն կարեւոր է արձանագրել, որ պարտվել է Հայաստանի կառավարությունը վարչապետի գլխավորությամբ, եւ ոչ մեր բանակը եւ ժողովուրդը: Այդ պարտությունը ոչ Հայաստանի եւ ոչ էլ հայ ժողովրդի վերջն է:

Սակայն, ամենազզվելին պատերազմից հետո վարչապետի դրսեւորած վարքագիծն է, որ սկսեց արդարացնել իր պարտությունը եւ մեղադրել բոլորին: Բանը հասցրեց նրան, որ սկսեց հայկական տեղանունները անվանակոչել թշնամուց տրված անվանումներով: Նա գրեթե չի արտասանում Արցախ անվանումը, Բերձորի միջանցք եւ այլն: Գրեթե ամեն օր պատեհ եւ անպատեհ քարոզում է հուսահատություն եւ անկարողություն, փակ է պահում մեր բանակում տեղի ունեցող կամ տեղի չունեցող փոփոխությունները, ոչինչ չի ասվում ադրբեջանական բանակի մասին, ընդհակառակը՝ քարոզում են ադրբեջանական բանակի առավելությունների եւ զինանոցը համալրելու մասին:

Այս երկուսուկես տարվա ընթացքում նրա եւ նրա թիմակիցների քարոզչությունը ժողովրդին հուսահատեցնելու եւ անելանելի վիճակի մեջ դնելու փորձ է եղել, որպեսզի ժողովուրդը համակերպվի իր հակապետական եւ ազգադավ գործունեությանը, եւ չընդվզի թշնամիների կողմից բռնազավթած տարածքները թշնամուն՝ փաստաթղթով հանձնելու դեմ, որը 100 տարի առաջ ռուս-թուրքական պայմանավորվածության եւ կիսատ թողածի ավարտը կլինի:

Նախ, չպետք է մոռանանք, որ Հայաստանի տարածքը միջազգայնորեն ընդունված իրավական փաստաթղթերով շուրջ 164 հազար քառակուսի կիլոմետր է: Հայաստանը այսօր փաստացի տնօրինում է իր տարածքի ընդամենը մոտ 20 տոկոսին՝ 30 հազար քառակուսի կիլոմետրին:

Նման փաստաթղթի ստորագրումն ու ճանաչումը կլինի ամենամեծ անգրագիտությունը: Իրավական առումով դա առ ոչինչ է: Նախ, երկու հարեւան պետություններ կարող են փոխադարձաբար ճանաչել միմյանց միջեւ եղած սահմանը, միայն եւ միայն, իսկ պայմանագրում նշել տարածքների չափերը, դա անհեթեթություն է, քանի որ երկու պետությունն էլ սահմանակից են այլ պետությունների հետ եւ նրանց միջեւ կարող են սահմանները փոխվել, եւ բնականաբար՝ փոխվել նաեւ տարածքների չափերը:

Հայաստանի դեպքում՝ Թուրքիայի հետ սահմանը ենթակա է փոփոխման, քանի որ Թուրքիայի կողմից 1920 թվականից բռնազավթված է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներից շուրջ 105-110 հազար քառակուսի կիլոմետրը, իսկ Ադրբեջանի կողմից՝ շուրջ 25 հազար քառակուսի կիլոմետրը: Մենք չգիտենք՝ ինչ կարող է տեղի ունենալ վաղը Ադրբեջանի եւ Իրանի միջեւ, չէ՞ որ Ադրբեջանի տարածքը մինչեւ Քուռ գետ, դա Իրանի տարածքն է եղել առնվազն երկու հազար տարի: Իրանը, հարմար առիթի դեպքում, ինչու չպետք է փորձի տեր դառնալ իր տարածքներին: Իսկ մենք ինչու չպետք է ձգտենք նույնպես հարմար առիթի դեպքում տեր դառնալ մեր Արեւելյան տարածքներին՝ մինչեւ Քուռ գետի աջ ափը, որոնք ի սկզբանե եղել են մերը, առնվազն հինգ հազար տարի:

– Կա՞ նման օրինակ, երբ պետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ հստակ թվեր ֆիքսելով:

-Պետությունները փոխադարձաբար ճանաչում են տարածքային ամբողջականությունները, որը նաեւ համաշխարհային համակեցության կարեւորագույն տարրերից մեկն է: Այդ պատճառով էլ որեւէ պետության չի հետաքրքրում մյուսի տարածքի չափը: Ճանաչել՝ նշանակում է ընդունել տվյալ պետության միջազգայնորեն ընդունված սահմանները: Իսկ պետությունների սահմանները կարող են փոխվել հարեւան սահմանակից պետությունների համաձայնությամբ, կամ միջազգային դատարանի կամ իրավասու կազմակերպության իրավարար վճռի հիման վրա: Հետեւաբար, տվյալ պետության տարածքային ամբողջականությունը, ըստ էության, պահպանվում է, սակայն փոխվում է տարածքի չափը: Այստեղ որեւէ հակասություն տարածքային ամբողջականության եւ տարածքի չափի միչեւ չկա: Այնպես որ, վարչապետը պետք է ականջին օղ անի եւ չփորձի մեր պետության շահերին դեմ գնալ եւ ստորագրել մի փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտվի Ադրբեջանի մաս: Ադրբեջան պետությունը հիմնադրվել՝ ստեղծվել է Ռուսաստանի կողմից Պարսկաստանից նվաճած տարածքների վրա, ընդամենը հարյուր տարի առաջ: Այն Ռուսաստանի հարազատ զավակն է: Այնպես որ, Ադրբեջանը որեւէ իրավունք չունի ներկայումս զբաղեցրած տարածքի նկատմամբ ոչ պատմականորեն եւ ոչ էլ միջազգային իրավունքի տեսակետից:

Նիկոլ Փաշինյանի վարքագիծը դրսեւորվում է պարտվողի հոգեբանությունից. նա այժմ կատարում է իրեն հաղթողի կամքը, քանի որ, ինչպես ասում է Պետրոս առաքյալը. «Մարդը ինչից որ հաղթվել է դառնում է նրա ծառան»: Փաշինյանը պարտվել է Պուտին-Էրդողան-Ալիեւ եռյակին, այդ պատճառով էլ պետք է կատարի նրանց պահանջները: Ուրիշ հարց է, որ մեր ժողովուրդը երբեք դա թույլ չի տա, Փաշինյանը չի կարողանում  ընկալել դա, այդ պատճառով էլ փորձում է ժողովրդին մոլորեցնել իր անհեթեթ մտքերով: Իհարկե կլինեն մարդիկ, որ հավանություն կտան նրա ասած մտքերից որոշների, սակայն դա այնքան փոքր մաս է կազմում, որ չարժե դրա մասին մտածել:

Արցախի հարցի լուծման բոլոր ճանապարհները տանում են միակ եւ ճշմարիտ, եւ արդարացի լուծմանը, որը ոչ միայն պատմականորեն Հայոց ազգագրի մեջ է մտնում, այլեւ իրավական առումով ամրագրված է միջազգային փաստաթղթերով, նկատի ունեմ Ազգերի լիգայի հանձնաժողովի 1920 թվականի որոշումը:

Կարծում եմ, ապագայի առումով անհանգստանալու խնդիր չունենք, քանի որ աշխարհը վերափոխումների այնպիսի գործընթացի մեջ է մտել, որն ամբողջովին համընկնում է մեր շահերի հետ եւ մենք, առաջիկայում՝ Ուկրաինայի հաղթանակի եւ Ռուսաստանի ջախջախումից հետո ականատես կլինենք ի նպաստ Հայաստանի բազում գործընթացների՝ նոր դաշնակիցների հետ դաշնակցային պայմանագրերի կնքում, բանակի վերակառուցում, վերազինում, ժամանակակից զինատեսակների ստացում, տնտեսական նոր մոդելի որդեգրում՝ արդիական արդյունաբերության ստեղծում եւ այլն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031