Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումն արգելվել է, որսի 600 տոննա քվոտա է սահմանվել․ Հակոբ Սիմիդյան

Հունիս 06,2023 12:20

2022 եւ 2023 թվականին Հայաստանից արգելվել է Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումը։ Այս մասին Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը (լուսանկարում)։

«Սեւանա լճում սիգի քանակի ավելացում ենք ունեցել, դրա համար, ի տարբերություն 2021 թվականի՝ 2022 թվականին 600 տոննա քվոտա ենք սահմանել, որն ամբողջությամբ իրացվել է։ Շուրջ 580 տոննայի քվոտա ենք տվել, որից 37․6 մլն բնօգտագործման վճար է ստացվել։ 2022 եւ 2023 թվականին Հայաստանից արգելվել է Սեւանի սիգի ձկնկիթի արտահանումը։ Եվ սա շարունակական է լինելու։ 300 մլն դրամ հատկացրել ենք Սեւանա իշխանի ծրագրի շարունակման համար»,- ասաց նա։

Հակոբ Սիմիդյանը հավելեց, որ որսի 600 տոննա քվոտայի շրջանակներում շուրջ 800 ձկնորս է ներգրավված եղել, այսինքն՝ հնարավորինս մեծ թվով մարդիկ են օգտվել ծրագրից։ «Մենք գիտենք, որ Սեւանա լճից այդ 600 տոննա սիգը չէ, որ դուրս է բերվում։ Քվոտայի սահմանումը 2020 թվականից է սկսել, միտքն այն է, որ հաշվարկենք ձկնատեսակի պաշարները, սահմանենք քվոտա եւ կարողանանք ձկնորսությունը բերենք օրինական դաշտ։ Անցած տարի երկու փուլով է եղել, առաջին փուլով գարնանային շրջանում 300 տոննա քվոտա ենք սահմանել։ Հաշվառում ենք իրականացրել, որի արդյունքում պաշարները թույլ են տվել, որ երկրորդ 300 տոննան էլ կարողանանք տրամադրել։ Այս տարի նույն տրամաբանությամբ ենք առաջ գնում, հաշվառման արդյունքում գարնան համար արդեն 300 տոննա սահմանվել է, քվոտան, եթե չեմ սխալվում, ամբողջությամբ արդեն տրամադրվել է։ Սպասում ենք Չեխիայից մեր գործընկերների այցին, որոնք, ըստ էության, իրենց գործիքներով կգան եւ Սեւանա լճում ձկան ու խեցգետնի պաշարների հաշվառում կանեն։ Հուսամ, որ քվոտաների տրամադրման գործընթացը կհասցնենք նրան, որ ձկնորսությունն ամբողջությամբ կհայտնվի օրինականության շրջանակներում»,- ասաց նա։

Սեւանա լճի ջրածածկ տարածքների անտառմաքրման աշխատանքների շրջանակում 2022-ի բյուջեով նախատեսված է եղել 118 մլն դրամ։ «2023 թվականին ամփոփելիս հուսամ մենք արդեն 400 հեկտար ափամերձ տարածք կմաքրենք»,- ասաց Սիմիդյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930