Երեւանում հասարակական տրանսպորտի ցանցի բարելավման նպատակով վերջին 5 տարիներին ձեռք է բերվել 563 նոր շարժակազմ։ Այդ թվում՝ վերջերս ձեռք բերված ընդամենը երեք տրոլեյբուսներն են, որ դեռ Երեւանում չեն։ Այս մասին Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը։
«Սա որոշակի առումով մեզ թույլ է տալիս, որպեսզի կարողանանք հասարակական տրանսպորտի մասով ունենալ բարեփոխված իրավիճակ, եւ մի քիչ ավելի կթեթեւանա ուղեւորահոսքը։ Ես կարծում եմ՝ մենք կկարողանանք մեր քաղաքացիներին սեփական մեքենաների դիմաց ալտերնատիվ հարմարավետ հասարակական տրանսպորտ առաջարկել, որը նաեւ հնարավորություն կունենա երթեւեկել առանձնացված գծերով։ Այսինքն՝ նաեւ այդ տրանսպորտը կկարողանա սովորական մեքենաներից շատ դեպքերում ավելի շուտ հասնել որեւէ վարչական շրջանից դեպի կենտրոն։ Այդ դեպքում մենք ի վերջո կունենանք այն իրավիճակը, որ քաղաքացիները կնախընտրեն հասարակական տրանսպորտից օգտվելը, եւ դա նաեւ էականորեն կբեռնաթափի Երեւան քաղաքը»,- ասաց նա։
Ըստ Լեւոն Հովհաննիսյանի՝ տրանսպորտի ոլորտի բարեփոխումներին կգումարվեն ճանապարհաշինական նախագծերը։ Այս փուլում ամենախոշոր ծրագիրը Ասիական զարգացման բանկի հետ միասին իրականացվող ծրագիրն է, որը միավորելու է Մոնթե Մելքոնյան եւ Արշակունյաց փողոցները։ Ընդհանուր ծրագրի արժեքը 70 մլն դոլար է, մրցութային փաթեթն արդեն պատրաստ է։
Ըստ Հովհաննիսյանի՝ ճանապարհաշինությունը եւ տրանսպորտի համակարգի բարեփոխումները կարող են թեթեւացնել խցանումները։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































