Սույն թվականի հունիսի 6-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Լեռնցի ժողովուրդների ավանդական գեղարվեստական մշակույթի պրոբլեմները: Պատմատիպաբանական կապերն ու զուգահեռները Եվրասիայի ժողովուրդների ավանդական և ակադեմիական արվեստում» եռօրյա միջազգային գիտագործնական ֆորումը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ հիմնադրման 80-ամյա հոբելյանին։ Ֆորումը ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի (Սանկտ Պետերբուրգ) առաջին համատեղ գիտական միջոցառումն է։
Ֆորումի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը։ «Անցյալ տարի ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի միջև ստորագրվեց համագործակցության պայմանագիր։ Այսօր մեր առաջին համատեղ գիտական միջոցառումն է։ 2023 թվականը հոբելյանական է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համար, որը նշում է հիմնադրման 80-ամյակը։ Հոբելյանական տարվա ընթացքում Արվեստի ինստիտուտը մտադիր է անցկացնել գիտական միջոցառումների շարք՝ նվիրված այս փառավոր հոբելյանին։ Եվ շատ խորհրդանշական է, որ այս շարքի առաջին ակորդը հնչում է մեր պետերբուրգյան գործընկերների հետ միասին։
Այսօր՝ հունիսի 6-ին, հայ և ռուս ժողովուրդների մեծ զավակներ Արամ Խաչատրյանի և Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրն է։ Այս առումով ես առաջարկում եմ ամեն տարի հունիսի 6-ին համատեղ գիտական միջոցառումներ կազմակերպել Երևանում և Սանկտ Պետերբուրգում։ Եվ քանի որ 2024 թվականին նշվելու է Պուշկինի 225-ամյակը, առաջարկում եմ Երևանում անցկացնել համատեղ միջազգային գիտաժողով՝ նվիրված «Պուշկինի կերպարը արվեստում» թեմային»,- ասաց Աննա Ասատրյանը։
Ֆորումի մասնակիցներին ողջունեց Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի գործիքագիտության սեկտորի վարիչ, կոմպոզիտոր, գործիքագետ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Իգոր Մացիևսկին։ Նա նշեց, որ Հայաստանի և Ռուսատանի արվեստագիտության հաստատությունները պատմականորեն կապված են միմյանց հետ և սերտ համագործակցում են։ Նա հիշատակեց հայ արվեստագետների, ովքեր մեծ ներդրում ունեն Ռուսաստանի մշակույթի զարգացման գործում։ Իգոր Մացիևսկին մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք։
Կարդացեք նաև
Ֆորումին զեկուցումներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի և Արվեստների պատմության ռուսաստանյան ինստիտուտի մասնագետները, հետազոտողներ Հայաստանի, Ռուսաստանի Դաշնության, Գերմանիայի, Չեռնոգորիայի, Բելառուսի գիտական տարբեր կենտրոններից։
Ֆորումի շրջանակներում հունիսի 7-ին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24/4), տեղի կունենա կլոր սեղան՝ «Ավետ Տերտերյան. «ռուսական-սովետական սիմֆոնիզմը» հայկական համատեքստում» թեմայով, իսկ հունիսի 8-ին կլոր սեղան՝ «Կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի աշխարհի սիմֆոնիան» թեմայով:
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին


















































