Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես հիմնադրվեց Բյուրականի աստղադիտարանի Բուսաբանական այգին

Հուլիս 18,2026 12:00 Share

Այն աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի գիտամշակութային արժեքավոր այցեքարտերից է

ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի հիմնման աշխատանքների մեկնարկը տրվել է 1946 թ. աշնանը։ Որպես տեղադրման վայր ընտրվել է Արագած լեռան հարավային լանջի վրա գտնվող, Աշտարակի տարածաշրջանի, Բյուրական գյուղի, անտառատափաստանային լանդշաֆտային գոտու, 1450 մետր բարձրության վրա գտնվող տարածությունը։ Աստղադիտակների, գմբեթների, աշտարակների տեղադրման, օժանդակ կառույցների և այլ շինարարական աշխատանքների կատարման ընթացքում, որոշվում է մասնակից դարձնել նաև դենդրոլոգ մասնագետի, որը ճարտարապետ Սարգիս Սաֆարյանի գլխավորությամբ, պատրաստի հատակագծերին համապատասխան, պետք է կազմեր կանաչապատման ենթակա բուսատեսակների ցանկն ու նրանց տեղադրման կետերը։ Այդ նպատակով, Երևանի Բուսաբանական այգու տնօրեն Վահան Ղազարյանի երաշխավորությամբ, նշված աշխատանքների իրականացման համար նշանակվում է կրտսեր գիտաշխատող Անուշավան Բոզոյանը, որը և փայլուն կերպով իրականացնում է իրեն վստահված գործը։

Անուշավան Բոզոյանը

Հատակագծերի վրա դենդրոլոգիական աշխատանքների գործում աչքի ընկած երիտասարդ մասնագետը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Վիկտոր Համբարձումյանի համաձայնությամբ՝ համատեղության կարգով, նշանակվում է կանաչապատման աշխատանքների ղեկավար։ Բյուրականի աստղադիտարանի կանաչապատման աշխատանքները խիստ արագացված տեմպերով սկսվում են 1950 թվականի գարնանը։ Տնկման աշխատանքների ընթացքում ծառերի, թփերի տնկանյութը, ծաղիկների, սիզախոտերի սերմերն ու սոխուկները ներմուծվում են Երևանի, ինչպես նաև ՍՍՀՄ տարբեր Բուսաբանական այգիների կոլեկցիոն տնկարանային ֆոնդերից։ Բացի նշվածից, Վիկտոր Համբարձումյանը, հաճախակի գործուղվելով աշխարհի տարբեր երկրներ, բույսերի տեսակային կազմը ավելացնելու նպատակով, զանազան վայրերից ուղարկում է Հայաստանում դեռևս չներմուծված արժեքավոր ծառերի, թփերի տնկիներ, գեղազարդ ծաղիկների, սիզախոտերի սերմեր։ Ահա սա է պատճառը, որ էնդեմիկ և տարաշխարհիկ բույսերից կազմված տեսակային կազմը հարուստ է ստացվում։ Ըստ ականատեսների վկայության, կանաչապատման աշխատանքներին առանձնակի ոգևորությամբ, գործուն աջակցությամբ ու խորհրդատվությամբ աչքի են ընկել Վիկտոր Համբարձումյանի կինը՝ Վերա Ֆեոդորովնան, և հայրը՝ Համազասպ Համբարձումյանը։

Վերա Ֆեոդորովնան

1956 թվականին Բյուրականի աստղադիտարանի առաջին և հիմնական 35 հեկտար տարածքի կանաչապատումն ավարտված է լինում (հետագա տարիներին նոր աստղադիտակներ տեղադրելիս, հատկացվում են ևս 2 հողակտորներ, ընդհանուրը՝ 54 հեկտար)։ Արդեն 1964 թվականին ծառերն ունեցել են ձևավորված սաղարթներ և 5-7, իսկ արագաճ տեսակները՝ 7-8 մետր բարձրություններ։ Ծառուղիներն եղել են կանոնավոր շարքերով տնկված, հով, մաքուր օդով հագեցած զբոսավայրեր։ Հիմնադրված ծաղկանոցները, սիրինգարիաները, վարդանոցներն ու գեղեցիկ ձևավորված, հարդարված կանաչ ցանկապատերի երկայնքով տնկված բազմագույն շտամբային վարդերի շարքերը, իրենց երփներանգ ծաղիկների գեղեցկությամբ ու հոտավետությամբ գերել են մարդկանց սրտերն ու երևակայությունը։

Աստղադիտարանն իրենից ներկայացնում է հայկական ճարտարապետության ավանդույթներով, միաժամանակ գերժամանակակից ոճաբանությամբ ստեղծված շինությունների համալիր։ Վարդագույն տուֆից կառուցված շենք-շինությունների և մասնավորապես գլխավոր շենքի գեղաքանդակ ճակատային մասի դիմաց գտնվող ոչ մեծ հրապարակները զարդարված են եղել սլացիկ հասակ ունեցող եղևնիներով /Picea morinda Link., P. pungens Engim., P. pungens v. glauca Beissn., P. abies Karst., P. obovata Ledeb., P. engelmannii Engelm./, լայնասաղարթ սոճիներով /Pinus banksiana Lamb., P. ponderosa Dougl., P. pallasiana Lamb., P. sylvestris L., P. nigra L./, խեժափիճիներով /Larix sibirica Ledeb./, եղևնիներով /Abies nordmanniana Spach./, սոսիներով /Platanus orientalis L., P. acerifolia Willd./, լորենիներով /Tilia caucasica Rupr., T. cordata Mill./, ալբիցիաներով /Albizzia julibrissin Durazz./, ձիակասկերով /Aesculus hippocastaneum L./, կատալպաներով /Catalpa bignonioides Walt./, կեչիներով /Betula verrucosa Ehrh., B. ermanii Cham., B. litwinowii A. Doluch./, մակլյուրաներով /Maclura aurantiaca Nutt./, սպիտակ ակացիաներով /Robinia pseudoacacia L./, թույաներով /Thuja occidentalis L./, գիհիներով /Juniperus virginiana L., J. sabina L./, քնարածառերով /Liriodendron tulipifera L./, ճապոնական սերկևիլենիներով /Chaenomeles japonica Lindl./, արմավաշուշաններով /Yucca filamentosa L./, վարդերով /Rosa domestica sp./, ֆորզիթիաներով /Forsythia intermedia Zab./ և այլ տեսակի ծառերով ու թփերով։ Կանաչապատ հողակտորներում, իրենց վայելուչ գեղազարդությամբ, առանձնակի ուշադրություն են գրավել նաև սիզամարգերի մեջ միայնակ կամ փոքրիկ խմբերով աճող, պարտիզային ձևեր հանդիսացող, լացող ուռենիները /Salix alba v. pendula hort./, հացենիները /Fraxinus excelsior v. diversifolia Langesh./, կաղնիները /Quercus rubra L., Q. robur f. fastigiata Rehmp./, թխկիները /Acer rubrum L., A. pictum Thunb./ ու թթենիները /Morus alba f. pendula Dipp./։ Ամենուր պահպանված է եղել վարդագույն տուֆի և բուսաբանական հարդարանքի ոճաբանական ներդաշնակությունը։ Այգու տարածքում տնկվել են նաև 25 տեսակի պտղատու ծառեր ու թփեր։ Ահա դա է եղել պատճառը, որ աստղադիտարանի գիտաշխատողները, կոլեկտիվի մյուս անդամներն ու հյուրերը, առանձնակի քնքշանքով այն անվանել են Բուսաբանական այգի։

Այգու հիմնման ընթացքում փորձարկվել են ավելի քան 180 տեսակի ծառեր, թփեր, պարտիզային ձևեր, ինչպես նաև շուրջ 100 տեսակի ծաղիկներ, սորտեր, ինչպես նաև մարգագետնային խոտաբույսեր։ Նշված կանաչ տնկարկների ստեղծման արդյունքում այգում հայտնվել են կենդանական աշխարհի և էնտոմոֆաունայի ներկայացուցիչներ։ Թռչունների ճռվողյունը գերել է մարդկանց հոգիները, ձևավորվել է յուրահատուկ միկրոկլիմա ունեցող բնապահպանական միջավայր։ Նշված աշխատանքների համար Ա. Բոզոյանը պարգևատրվել է Երևանի քաղխորհրդի և ՀՀ ԳԱ կողմից սահմանված պատվոգրերով, պարգևավճարներով։ Հետագա տարիներին տարբեր երկրներից ներմուծված տարաշխարհիկ դենդրոֆլորայի մի մասը՝ շուրջ 30 տեսակ, չհարմարվելով տեղի բնակլիմայական պայմաններին, ոչնչացել են, պահպանվել է դրանց շուրջ 150 տեսակը։ Ոռոգումն իրականացվել է Բյուրական գյուղի ջրային ցանցից ստացվող ջրերով՝ բաց եղանակով։ Այգին ունեցել է 15-18 հոգուց բաղկացած մշտական աշխատող բանվորներ և աշխղեկ։

1964 թվականի հուլիսի 10-ին, Հայրենական մեծ պատերազմում ստացած վերքերից չապաքինվելով, 44 տարեկանում մահանում է Անուշավան Հարությունի Բոզոյանը՝ չհասցնելով պաշտպանել «Բյուրականի Բուսաբանական այգու դենդրոֆլորան» վերնագրով և թեմայով գիտական թեզը։ Ըստ նրա կնոջ վկայության, Երևանի Բուսաբանության ինստիտուտի տնօրինության կողմից նշված աշխատանքի ձեռագիր օրինակը տնից վերցվում է գիրք հրատարակելու նպատակով…

Բազմաթիվ երկրների ակադեմիաների ակադեմիկոս և դրանցից շատերի պատվավոր նախագահ, Գիտական միությունների համաշխարհային խորհրդի նախագահ (ընտրվել է 2 անգամ), համաշխարհային աստղաֆիզիկայի տեսության նոր դպրոցի հիմնադիր, ՍՍՀՄ աշխատանքի կրկնակի հերոս, ՀՀ ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանը 88 տարեկանում իր մահկանացուն է կնքում 1996 թ. օգոստոսի 12-ին։ Հուղարկավորությունը կատարվում է Բյուրականի Բուսաբանական այգու տարածքում, աստղադիտարանի նշանավոր գիտնական ընկերների և իր ընտանիքի անդամների կողքին՝ պանթեոնում։

1990-ական թվականների կեսերից ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը հայտնվում է ֆինանսական ծանր պայմաններում։ Կասեցվում է ոռոգման ջրի մատակարարումը, էլեկտրաէներգիան տրվում է ոչ հաստատուն գրաֆիկով, վերացվում են բանվորների հաստիքները, բուժանյութերի, սրսկման տեխնիկայի ոչ պիտանիության պատճառով այգին վարակվում է սնկային հիվանդություններով ու վնասատուներով։ Աշխարհահռչակ գիտնականի անձնական միջոցներով, 1946 թվականին, Բյուրականի աստղադիտարանի տարածքում կառուցված սեփական տունը, 1996 թվականին, հարազատների կողմից, որպես տուն-թանգարան, նվիրաբերվում է, այս անգամ արդեն, Վիկտոր Համբարձումյանի անունը կրող՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրինությանը։

Ներկայումս Վ. Համբարձումյանի անվան տուն-թանգարանը, չնայած ամենամյա խնամվածությանը, նորոգման և վերականգնման կարիք ունի։ Առանձնատան շուրջը հիմնված ծաղիկներն ու ծաղկաթմբերը, կենդանի ցանկապատերը, սիզամարգերը, խաղողի որթատունկերն ու տաղավարը, ինչպես նաև որոշ պտղատու ծառեր ու թփեր ոչնչացել են։ 2026 թվականի գարնանը, հարազատների ջանքերով, շուրջ 70 քառակուսի մետր տարածքի վրա, վերականգնվել է նախկին վարդանոցը։

Հանճարեղ գիտնականի թողած ժառանգությունն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ։ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի Բուսաբանական այգին հանդիսանում է աշխարհահռչակ աստղաֆիզիկոսի գիտամշակութային արժեքավոր այցեքարտերից ևս մեկը։ Այն վերականգնելու, պահպանելու, բարեկարգելու, հորատանցքերի միջոցով ոռոգման ջրի հարցը լուծելու և նախկին տեսքին բերելու արդյունքում Հայաստանը տարածաշրջանում կունենա աստղագիտության, բուսաբանության, ծառագիտության, կրթական էկոտուրիզմի կազմակերպման եզակի կենտրոն։

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Կենսաբանական գիտությունների թեկնածու,
Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ

Գլխավոր լուսանկարում՝ Վիկտոր Համբարձումյանը՝ կնոջ հետ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել