Ուրբաթ՝ 16 հունիսին, տեղի է ունենալու Կիլիկիո Կաթողիկոսության Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի ընտրությունները։ Այս ընտրությունները կատարվում են չորս տարին մեկ անգամ և սա թեմի 17-րդ ընտրություններն են։
Պատգամավորական ժողովը թեմի բարձրագույն ժողովն է, որն իր ընտրովի մարմիններով՝ Թեմական Խորհուրդ, Կրոնական Խորհուրդ, Կրթական Խորհուրդ, Տնտեսական Հանձնախումբ, Բարեսիրական ու Սոցիալական ծառայության մարմիններով ղեկավարում է համայնքի աշխատանքները։ Իրանում կա Հայոց Առաքելական եկեղեցու երեք թեմ՝ Թեհրան, Թավրիզ և Նոր-Ջուղա կենտրոններով․ Թեհրանի թեմը բաղկացած է Թեհրան, Արաք, Ղազվին, Ռաշտ-Էնզելի, Գորգան-Սարի և Մաշհադ քաղաքների հայկական համայնքներից և Իրանի ամենամեծ թեմն է։ Հայոց Առաքելական եկեղեցու թեմերը և քրիստոնեության մյուս դավանանքերին հետևող եկեղեցիները (Կաթոլիկ, Ավետարանչական ․․․) ունեն պետական գրանցում և իրավաբանական անձի կարգավիճակ ունեն։ Այդ եկեղեցիների ներքին ընտրությունները կատարվում են Իրանի Ներքին գործերի նախարարության հսկողությամբ և պետական օրենքներով։ Իրանում ընտրությունները մեծամասնական կարգով են և դա սահմանափակում է ընդդիմության հնարավորությունները․ որոշ ուժեր համամասնական ընտրակարգ են պահանջում, որը պատասխանատուների կողմից չի ընդառաջվում։
Թեհրանի հայոց թեմի պատգամավորական ժողովի հերթական ընտրությունները կատարվում են ժամկետից ուշ․ դա կապված է Իրանի Տեղական Ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) օրենքերի փոփոխության, համավարակի, հետո նաև Իրանում ծայր առած զանգվածային ցույցերի հետ․ Թեմի 16-րդ Պատգամավորական Ժողովի ընտրությունները կայացել են 25 նոյեմբերի 2016 թվականին, այսինքն այս ընտրությունները կազմակերպվում են 30 ամիս ուշացումով։ Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել երեք ուժ և դաշինք ու անհատ թեկնածուներ․ դրանք կոչվում են «Կայուն համայնք», «Միասնություն Դաշինք» և «Անկախների Դաշինք»։

Կարդացեք նաև

Բնականաբար այս ընտրությունների վրա իր հետքն է թողնում նաև Հայաստանյան անցուդարձերը։ Հայաստանն ու հայրենիքը սփյուռքահայերի մեծամասնության սրտերում է․ ընտրության թեկնածուները համաձայն եկեղեցական թեմի կանոնադրության գնում են համայնքային մարմիններում աշխատելու և նրանց գործունեության դաշտը Սփյուռքի այդ համայնքն է, բայց նրանք քարոզարշավի ժամանակ չեն մոռանում խոսել նաև հայ ժողովրդին հուզող համընդհանուր հարցերի և մտահոգությունների մասին։ Եթե նախկինում ՀՅԴ-ին հարող ուժերի և ընդդիմության տարաձայնության առանցքը թեմի պատկանելիության հարցն էր՝ Էջմիածնական թե Կիլիկյան, հիմա խնդիրը կրթական-հոգևոր հարցերն են, հայեցի դաստիարակությունը, մշակութային քաղաքականությունը, փոքրացող համայնքի հայկական դպրոցների ապագան, մարզական կյանքը, սոցիալական հարցերը, հանդուրժողականությունը, թեմի անշարժ գույքերի պատշաճ տնօրինումը, ֆինանսական հոսքերի կառավարումն ու հավանական չարաշահումների դեմն առնելը և Սփյուռք-Հայաստան կապերը։
Տիգրան Դավուդյան


















































