Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի կեղտոտ ավտոկայանների մաքուր ճշմարտությունը

Հունիս 16,2023 09:00

Հայաստանի գյուղական վայրերում ապրող շատերի համար մայրաքաղաք Երևան մեկնելը սովորական երևույթ է: Լինի դա աշխատանքի, դպրոցի կամ այլ անձնական պատճառներով, հազարավոր մարդիկ ամեն օր գալիս են տարբեր մարզերից Երևան: Ես այդ մարդկանցից մեկն էի, որը բոլոր աշխատանքային օրերին Լոռու մարզից ամեն օր գալիս էր Երևան, գազելով, տաքսիներով․․․ ինչով որ պատահի։ Երևանում առաջին հանգրվանը Կիլիկիա ավտոկայանն էր։ 1 ու կես տարի գնալ-գալով շատ բաներ նկատեցի ավտոկայանում, հիմնականում բացասական կետեր, որոնք քիչ, թե շատ՝ ժամանակի ընթացքում բարելավվեցին։

Ամենակարևոր դժվարություններից մեկը, որին բախվեցի իմ ամենօրյա երթևեկության ընթացքում Երևանի Կիլիկիա ավտոկայանում երկար հերթերն էին։ Մանավանդ ուրբաթ օրերին տոմսարկղի մոտ ասեղ գցելու տեղ չկար, տասնյակ մարդիկ հերթ էին կանգնում հաջորդ հասանելի ավտոբուսի տոմսերը գնելու համար իրենց համապատասխան ուղղություններով: Այս հերթերը երբեմն կարող էին տևել ժամեր՝ ուղևորներին թողնելով հիասթափված և ուժասպառ՝ նույնիսկ ավտոբուս նստելուց առաջ: Ես երկու անգամ 3 ժամ հերթի մեջ եմ եղել։ Ամենավատ կողմն այն էր, որ չէիր կարող հերթից դուրս գալ, նստել և հանգստանալ, որովհետև հերթից դուրս գալուց հետո պետք է վերջում կանգնեիր։ Հիմնականում հերթը առաջանում էր Վանաձոր գնացող գազելի տոմս գնելու համար։ Ուրբաթ օրերին ծանրաբեռնված տոմսարկղում գազելի գալուն պես 5-10 րոպեում վաճառվում էին տոմսերը, իսկ հերթում մնացող մարդիկ դեռ 1 ժամից ավելի պետք է սպասեին մյուս գազելի ժամանելուն։ Հաճախ այս հերթերը վերածվում էին կռիվների, քաշքշուկների, տոմսավաճառի հետ բանավեճերի։ Այս խնդիրը այդպես էլ մնում է չլուծված։

Ավելին, Կիլիկիա կայարանի ավտոբուսների վիճակը ևս մեծ խնդիր էր, որն էլ ավելի դժվար էր դարձնում ամենօրյա երթևեկությունը: «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներից շատերը, որոնք ծառայում էին ուղևորներին տեղափոխելու համար, հին էին և վթարային։ Նստատեղերը հաճախ անհարմար էին, չոր, կեղտոտ, ոտքերդ նստարանի առջևում տեղավորելը դժվար էր, քանի որ դիմացի նստարանը շատ մոտ էր տեղադրված։ Երբեմն վատ աշխատող գազելով երթևեկելիս ճանապարհն ավելի երկար ժամանակում էինք անցնում, և ավտոկայանում ծախսված ժամանակին գումարվում էր նաև գազելում անցկացրած ժամանակը։

Ոսկեհատ Հակոբյանը, որը 1 ամիս շարունակ Երևան էր գալիս բուժում ստանալու համար, նշում է, որ սկզբում իրեն դուր էր գալիս գազելով այդ երկար ճանապարհը գնալ-գալը, բայց հետո ամեն ինչ փոխվեց. «Մեկ շաբաթ Երևան գազելով գալուց հետո արդեն ինձ մոտ զգացի մեջքի ցավեր։ Կարծում եմ, որ դա կապված էր գազելի անհարմար ու չոր նստարանների հետ, քանի որ 2 ժամ նստած գնալը արդեն իսկ ցավի պատճառ կարող է լինել»։

Մեկ այլ խնդիր, որը բարդացնում էր առաջացած դժվարությունները, Կիլիկիայի ավտոկայանում հստակ գրաֆիկի բացակայությունն է: Ավտոբուսների մեծ մասի համար մեկնման ժամանակ չկա, ինչը նշանակում է, որ երթևեկողները երբեք հստակ չգիտեն, թե երբ է իրենց ավտոբուսը ժամանելու, ինչը հանգեցնում է հերթերի և հիասթափության հետագա աճին: Գազելի վարորդը սպասում է այնքան մինչև որ բոլոր տոմսերը վաճառվեն և ազատ նստատեղեր չմնան։ Հաճախ է լինում, երբ ուղևորը գազելում 1 ժամից ավելի սպասում է, մինչև բոլոր տոմսերը վաճառվեն։

Այս ամեն ինչին կարելի է գումարել վարորդների կոպիտ վերաբերմունքը ուղևորների նկատմամբ։ Վերջերս ականատես եղա, թե ինչպես էր վարորդը վիճում հաշմանդամություն ունեցող երեխայի մոր հետ՝ երեխայի անվասայլակը գազելի հետնամասում տեղավորել չկարողանալու համար։ Վարորդը մեղադրում էր երեխայի մորը անվասայլակը բերելու համար։

Երևանում հիմնական գործող ավտոկայաններն են Կիլիկիա ավտոկայանը, Սասունցի Դավիթ կայարանը և Հյուսիսային ավտոկայանը։ Այս 3 ավտոկայաններին միավորում են գրեթե նույն խնդիրները։ Կարևոր է նշել, որ արտասահմանցի ուղևորների համար տոմս գնելիս խնդիր է դառնում տոմսավաճառների հետ շփվելը, քանի որ տոմսավաճառները հիմնականում անգլերեն չեն իմանում, և շփումը դառնում է դժվար։

Սասունցի Դավիթ կայարանը Երևանի ամենաբանուկ հատվածներից մեկն է։ Կայարանը կարելի է համարել, որ լավ վիճակում է գտնվում, սակայն սանիտարահիգենիկ պայմանները շատ վատ են։ Կայանված մեքենաների և ավտոբուսների կողքին կարելի է հանդիպել աղբակույտերի։

Աղբամանները շատ քիչ են կայարանում, որի պատճառով մարդիկ սովորաբար աղբը լցնում են լցված աղբամանի կողքը, որը քամին քշում և տանում է։

Ծովինար Խաչատրյանը ուսանող է, որն Արտաշատից գալիս է Սասունցի Դավիթ կայարան։ Նա նշում է, որ հիմնականում դժգոհություններ չունի. «Կայարանում պայմանները լավ են, կա սպասատեղի, նստարաններ, խանութներ, սակայն տոմսավաճառների կոպիտ սպասարկումից եմ դժգոհ, քանի որ միշտ վատ են սպասարկում»։

Կայարանում գործում է վճարովի զուգարան, սակայն հենց մուտքի հատվածից էլ կարելի է եզրակացնել, որ ներսում վատ և կեղտոտ վիճակ է տիրում։

Վատ կողմերի կողքին պետք է նշել, որ Սասունցի Դավիթ կայարանում մարդկանց համար հարմարավետ պայմաններ են ստեղծված. սկսած ուտելիքի խանութներից՝ մինչև դրամի փոխանակման կետ։

Երևանի Հյուսիսային ավտոկայանը թերևս ամենավատ և դժգույն վիճակում է գտնվում։ Չկան պատշաճ պայմաններ, սպասարկում։ Զուգարանները պարզապես գտնվում են սարսափելի վիճակում, որոնք տարիներ շարունակ չեն նորոգվել։

Նարինե Գալստյանը նշում է, որ մեկ անգամ է օգտվել այստեղի զուգարանից և այլևս չի պատրաստվում օգտվել. «Խայտառակ և սարսափելի վիճակ է պարզապես տիրում։ Առաջին անգամվանից հետո էլ չեմ օգտվում ավտոկայանի զուգարանից։ Եթե մի հատ տուրիստ գա և ուզենա էս ավտոկայանից գնա մարզ, ուղղակի շատ ամոթալի վիճակ կտեսնի այստեղ»։

Մեկ այլ ուղևոր՝ Լուսինե Հակոբյանը ևս իր դժգոհությունն է հայտնում. «Ուրիշ ճար չունենալով՝ օգտվեցի զուգարանից, որը պարզապես զզվելի էր, գարշահոտ միջավայր։ Ավտոկայանի ընդհանուր շենքն էլ նորոգված չէ և վատ վիճակում է»։

Թե ինչու է ավտոկայանը այս վիճակում, տնօրենի տեղակալ Արման Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ երկար տարիներ այս հիմնարկությունը չի ֆինանսավորվել։ Աբրահամյանը հավելեց նաև, որ ավտոկայանը փակ բաժնետիրական ընկերություն է, որի բաժնետերը հանդիսանում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Մեր այն հարցին, թե արդյոք բողոքներ լինում են, Աբրահամյանը պատասխանեց, որ, իհարկե, լինում են, բայց իրենք իրենց հնարավորությունների սահմաններում փորձում են ամեն ինչ մաքուր պահել՝ չնայած, որ այն բարձիթողի վիճակում է, ապա հավելեց, որ մաքրուհիներ, բնականաբար, աշխատում են, հակառակ դեպքում «ոտք դնել չէր լինի»։

2018 թվականին վերանորոգվել է Կիլիկիա ավտոկայանի զուգարանը, որը անմխիթար վիճակում էր գտնվում։ Վերանորոգումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ այն ժամանակվա տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը ավտոկայանում տեսել էր զուգարանը և տեսանյութ հրապարակել։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան նամակում նշեցին, որ Երևանում ակտիվ աշխատում են Կենտրոնական՝ Կիլիկիա ավտոկայանը և Հարավային՝ Սասունցի Դավիթ կայարանը։ Նաև իր գործունեությունն է շարունակում Հյուսիսային ավտոկայանը։ Նախարարությունը դեռ նախորդ տարվանից մշակել էր նոր ավտոկայան կառուցելու նախագիծ, որը դեռ մեծ թափով չի սկսել իրագործվել։

Հարկ է նշել, որ Երևանում կան դեպի մարզեր գնացող երթուղիներ սպասարկող տաքսիներ, ավտոբուսներ և գազելներ, որոնք ավտոկայաններում չեն կայանում, այլ քաղաքի ուրիշ հատվածներում։ Օրինակ` Ապարան գնացող գազելները կանգնում են Լենինգրադյան փողոցի խաչմերուկում։

Կորոնավիրուսը, պատերազմը, տնտեսական ցուցանիշները և այլ գործոնները իրենց հետքն են թողել ավտոկայանների բարելավման գործում, սակայն դեռ կան հեռանկարներ և նախարարության կողմից հաստատվող ծրագրեր, որոնք էլ նախատեսում են քաղաքի ավտոկայանները բարեկարգել և նորոգել։

 

Արուսյակ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930