Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջ է քաշվում Արցախն առանց հայերի ստանալու հարցը, եւ Ադրբեջանն հենց այս խնդիրն է փորձում լուծել»․ Ժիրայր Ազիզյան

Հունիս 22,2023 13:41

«Առավոտի» զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։

-Պարոն Ազիզյան, հունիսի 15-ից Արցախը լիակատար շրջափակման մեջ է, դադարեցված է մարդկանց տեղաշարժն ու բեռների տեղափոխումը դեպի Արցախ։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը, ի՞նչ պետք է անել։

– Իրավիճակը կրիտիկական է, ոչ թե ամեն օրը, այլ արդեն ամեն ժամը շատ կարեւոր ու գոյաբանական նշանակություն ունի Արցախի համար։ Խոսքը վերաբերում է ոչ միայն Լաչինի միջանցքի բաց կամ փակ լինելուն, այլ ընդհանուր առմամբ արցախահայության անվտանգային երաշխիքների ապահովմանը։ Այսինքն՝ մենք պետք է փորձենք այս ընդհանուր տրամաբանության մեջ ներկայացնել իրավիճակը, ոչ թե զուտ դիտարկենք միայն միջանցքի բաց լինելու հարցը։

Ժիրայր Ազիզյան

Այս գործողությունների նպատակը մեկը չէ, ամենակարեւոր նպատակներից մեկը Արցախի հայաթափումն է։ Արցախի՝ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող հատվածը կարող է անցնել Ադրբեջանի փաստացի վերահսկողության տակ միայն Արցախի լիակատար կամ մեծամասամբ հայաթափման դեպքում։

Անկախ այն հանգամանքից, որ միջազգային գրեթե բոլոր դերակատարներն ավելի մեծ շահեր ունեն Ադրբեջանի հետ, բայց այնուամենայնիվ 21-րդ դարում որեւէ միջազգային դերակատար կամ կառույց չի կարող Արցախի հայ ժողովրդի առջեւ դնել իրենց պատմական հայրենիքը լքելու որեւէ լեգիտիմ պահանջ։ Ուստի, այստեղ արդեն առաջ է քաշվում Արցախն առանց հայերի ստանալու խնդիրը։ Եվ Ադրբեջանն առաջին հերթին հենց այս խնդիրն է փորձում լուծել։

Մենք պետք է այս հարցով խոսենք ոչ թե Բաքվի, այլ պետք է խոսենք միջազգային հանրության հետ։ Այսօր կարծես թե փորձում են կազմակերպել Ստեփանակերտ-Բաքու ինչ-որ ֆորմատներով երկխոսություն, բայց այդ երկխոսությունը չի կարող որեւէ դրական արդյունք ապահովել արցախահայության համար, որովհետեւ Բաքուն Ստեփանակերտի հետ չի բանակցելու որպես սուբյեկտի, հավասարազոր մի գործընկերոջ հետ։ Եվ դա ոչ թե բանակցություն կլինի, այլ վերջնագրային տրամաբանությամբ խոսակցություն։ Ուստի, մենք այս հարցով Բաքվի հետ բանակցելու որեւէ բան չունենք։ Իհարկե, պաշտոնական Ստեփանակերտը բազմիցս տարբեր առիթներով հայտարարել է, որ պատրաստ է Բաքվի հետ գնալ բանակցությունների։ Բայց պետք է հասկանանք, որ այդ պատրաստակամությունը դեռ չի նշանակում, որ մենք բուռն շահագրգռվածություն ու մեծ ակնկալիքներ ունենք։

Ուստի, այս իրավիճակում մենք առաջին հերթին պետք է պահանջենք, որպեսզի միջազգային հանրությունը Ստեփանակերտի հետ ծավալի ինչ-որ ֆորմատով երկխոսություն։ Մենք պետք է միջազգային հանրությանը ներկայացնենք ստեղծված իրավիճակը եւ բացատրենք, որ արցախահայությանը թողնել Ադրբեջանի վերահսկողության տակ, նշանակում է արցախահայությանը դատապարտել ուղղակի ֆիզիկական բնաջնջման։ Իհարկե, Ադրբեջանի կողմից տարվող այս քաղաքականությունը եւս դրա ապացույցներից մեկն է, որը միջազգային հանրությունն անկասկած տեսնում եւ ընկալում է։ Ասում են՝ Արցախում հումանիտար աղետ է, բայց ես բազմիցս նշել եմ՝ հումանիտար աղետը աֆրիկյան երկրներում է, որտեղ կա սննդամթերքի ու խմելու ջրի խնդիր։ Բայց երբ խոսում ենք Բաքվի կողմից տարվող քաղաքականության հետեւանքով նման իրավիճակի մասին, սա հումանիտար աղետ չէ։ Երբ Բաքվի կողմից արցախահայությունը դատապարտվում է կենսական բոլոր պայմաններից զրկվելուն, սա արդեն նշանակում է ցեղասպանություն։

-Բերձորի միջանցքում վերահսկողություն պետք է իրականացնի ռուսական կողմը՝ ըստ նոյեմբերի 9-ի փաստաթղթի, բայց մենք տեսնում ենք, որ նրանք քայլեր չեն ձեռնարկում միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ։ Ավելին, օրերս Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիները փորձեցին ռուս խաղաղապահների աջակցությամբ հայկական տարածքում դրոշ տեղադրել։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, անդրադառնալով այս հարցին, ասաց․ «Լաչինի միջանցքի միջադեպը կապված է հայ-ադրբեջանական սահմանազատված սահմանի բացակայության ընդհանուր խնդրի հետ»։ Ինչպե՞ս եք գնահատում ռուսական կողմի գործողություններն ու հայտարարությունները։

-Մենք ռուսական կողմից բազմիցս նման մեկնաբանություններ ենք լսել՝ Զախարովայի, Պեսկովի, Լավրովի շուրթերից, որ փորձում են սեփական մեկնաբանությամբ ներկայացնել իրողությունները։ Բայց մենք շատ լավ տեղյակ ենք եւ հասկանում ենք, թե ինչ է կատարվում։ Այո, չկա հստակ սահմանազատված սահման, բայց եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանը դեռեւս սահմանազատված ու սահմանագծված չէ, դա չի նշանակում, որ ռուսական խաղաղապահ զորակազմը իրեն պետք է իրավունք վերապահի որեւէ կերպ միջամտել նման տրամաբանությամբ գործողությանը։

Զախարովան իր այդ հայտարարությամբ ինքն իրեն հակասում է, որովհետեւ եթե Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանը սահմանազատված ու սահմանագծված չէ, ապա ինչո՞ւ է Ռուսաստանը կողմերից մեկին օգնում՝ որեւէ գործողություն իրականացնելու դեռեւս չսահմանազատված սահմանին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930