Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր ԱՄՆ-ում ապաստանած պաշտոնաթող դատավորը դիմել Սահմանադրական դատարան

Հունիս 26,2023 13:00

2023 թվականի մայիսի 24-ին Սահմանադրական դատարան էր մուտքագրվել Սուրիկ Ղազարյանի դիմումը:  Նա նախկինում Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական տարածքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորն էր, ապա մեկնեց ԱՄՆ, հայցելով քաղաքական ապաստան: Ի դեպ, նա 2013-ին լրատվամիջոցներին հայտնել էր, որ ԱՄՆ տեղափոխվելու պատճառներից մեկը եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի «հանդգնությունը», այն է՝ «Նա հանդգնել է չկատարել իմ երկրի նախագահի հրամանագիրը` զրկելով աշխատանքից, թոշակից, հայրենիքից, ծնողներիս շիրիմին այցելելու հնարավորությունից, խոչընդոտում է իմ թոշակի ձեւակերպմանն արդեն երրորդ տարին  եւ ուզում է չբողոքեմ»…

Նախկին դատավորը վիճարկում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետի 2-րդ մասը, սակայն, ըստ էության, նկատի է ունեցել տվյալ հոդվածի 6-րդ մասի 3-րդ պարբերությունը, քանի որ հենց այդ պարբերությամբ է վկայակոչված վերջինիս կողմից վիճարկվող՝ «դրույքաչափի 92 տոկոս» ձեւակերպումը: Ներկայացնելով թիվ ՎԴ/1335/05/11 վարչական, ինչպես նաեւ թիվ ԵԴ/0010/11/23 դատական գործերի դատավարական նախապատմությունները՝ դիմողի ներկայացուցիչը նշել էր, որ «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-141-Ն ՀՀ օրենքով փոփոխված՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթն ապահովում է Սահմանադրությամբ երաշխավորված կենսաթոշակի իրավունքը պաշտոնաթող դատավորներից միայն նրանց համար, ովքեր հասել են կենսաթոշակային տարիքի, եւ նրանց նկատմամբ նշանակվել է «տարիքային» կենսաթոշակ եւ չի ապահովում պաշտոնաթող այն դատավորների համար, որոնք պաշտոնավարման ընթացքում ձեռք են բերել այնպիսի հիվանդություններ, որոնք խոչընդոտում են դատավորի լիազորությունների իրականացմանը:

Ըստ դիմողի ներկայացուցչի՝ «Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-141-Ն ՀՀ օրենքով հավելավճարի իրավունքը «նեղացվել» է պետական կենսաթոշակից՝ միայն մինչեւ տարիքային կենսաթոշակի մակարդակ, որի հետեւանքով առողջական պատճառներով պաշտոնաթող դատավորները, անկախ այն հանգամանքից, որ ծառայել են 10 եւ ավելի տարի, զրկվեցին դատավորի անկախության սոցիալական երաշխիք հանդիսացող բարձր կենսաթոշակից՝ այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն հասել «տարիքային կենսաթոշակի» տարիքի՝ 63 տարեկանի: Ըստ դիմումի՝ ՀՕ-141-Ն ՀՀ օրենքի խմբագրմամբ ՀՀ դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին ՀՀ օրենքի գործողության ընթացքում՝ 20.11.2010թ.-ից մինչեւ՝ 01.01.2013թ. առողջական պատճառներով պաշտոնաթող եղած դատավորների համար ապահովված չէ դատավորի անկախության սոցիալական երաշխիք հանդիսացող բարձր կենսաթոշակի իրավունքը: Անդրադառնալով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի վիճարկվող դրույթին՝ դիմումատուն գտնում էր, որ տվյալ իրավանորմն իր բնույթով հակասում է Սահմանադրությանը, քանի որ խտրական վիճակ է ստեղծում դատավորների միջեւ:

Այսինքն, վիճարկվող դրույթով ակնհայտ ձեւով նվազեցվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը կենսաթոշակի իրավունք ունեցող, այն էլ միայն ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված դատարանների դատավորների համար նախատեսված կենսաթոշակը: Նա ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ տվյալ իրավանորմը չի տարածվում Սահմանադրական դատարանի դատավորների եւ այլ պաշտոնատար անձանց վրա:

Դիմողը նշել էր, որ Սահմանադրության 29-րդ հոդվածի պահանջին հակասելու հետեւանքով «արդեն իսկ խտրական վիճակ է ստեղծվել, քանի որ Սահմանադրական դատարանի դատավորի, օրենքի ընդունումից հետո կենսաթոշակի իրավունք ձեռք բերած դատավորների համար ստեղծված է արտոնյալ վիճակ, չնայած թվարկված բոլոր անձինք ունեն պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձի կարգավիճակ»:

Սահմանադրական դատարանը հունիսի 13-ին որոշեց, որ  նախկին դատավորի անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման: Պատճառաբանությունն, ինչպես անհատական դիմումների պարագայում է լինում, այն էր, որ դիմողն իրավասու չէր դիմել ՍԴ: Ուսումնասիրելով նրա գործը, պարզվեց, որ Ս. Ղազարյանը չի սպառել ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները՝ սահմանադրական պահանջը:

ՍԴ-ն վկայակոչել էր ՀՀ վճռաբեկ դատարանում առկա գործով հետեւյալը. «Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ արձանագրել է հետեւյալը. «Գործի նյութերի եւ կրկին ներկայացված բողոքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Ս. Ղազարյանը չի վերացրել Վճռաբեկ դատարանի 2023 թվականի մարտի 14-ի որոշմամբ մատնանշված թերությունը, մասնավորապես, բողոքը չի համապատասխանեցվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով սահմանված հատուկ վերանայման բողոքի պահանջներին, քանի որ այն չի բովանդակում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 396-րդ հոդվածով սահմանված՝ բողոքը վարույթ ընդունելու պայմանները եւ դրանք հիմնավորող փաստարկները, հետեւաբար Ս. Ղազարյանի վճռաբեկ բողոքը պետք է թողնել առանց քննության»:

Պարզվեց, որ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԴ/0010/11/23 դատական գործով՝ Ս.Ղազարյանի, 2023 թվականի մարտի 14-ի որոշմամբ բողոքը վերադարձրել է՝ արձանագրելով, որ բողոքը չի բովանդակում նշում՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված՝ դատական ակտն ամբողջությամբ կամ որոշակի մասով բողոքարկելու, ինչպես նաեւ նույն օրենսգրքի 396-րդ հոդվածով սահմանված՝ բողոքը վարույթ ընդունելու պայմանների եւ դրանք հիմնավորող փաստարկների մասին, այսինքն՝ չի համապատասխանում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին։ Միաժամանակ վճռաբեկ բողոքի թերությունը շտկելու եւ այն կրկին ներկայացնելու համար տասնօրյա ժամկետ էր տվել: Դիմողը սահմանված ժամկետում կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել: Վճռաբեկ դատարանը, քննելով վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, 2023 թվականի մարտի 29-ին կայացրել է «Վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու մասին» որոշում: Ըստ Վճռաբեկի, նախկին դատավորը չի վերացրել այն թերությունները, որոնց համար դատարանը ժամկետ էր սահմանել:

Դիմողը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել քրեական վարույթ չնախաձեռնելու մասին 2022 թվականի դեկտեմբերի 12-ի մինչդատական ակտի վերաբերյալ բողոք, որի շրջանակներում դատարանը մերժել է բողոքի կապակցությամբ վարույթի հարուցումը՝ միջնորդության՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։ Վերաքննիչ դատարանի կողմից եւս հաստատվել են Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիրքորոշումները եւ արդյունքում՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթի հարուցումը մերժելու վերաբերյալ որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը թողել է առանց քննության։

«Հետեւաբար՝ թիվ ԵԴ/0010/ 11/23 քրեական գործի շրջանակում բարձրացված հարցի կապակցությամբ ՀՀ դատարանների կողմից գործի բովանդակային քննություն չի իրականացվել։ Այսինքն՝ սույն անհատական դիմումի հիմքում դրված թիվ ԵԴ/0010/11/23 դատական գործի շրջանակում դիմումով վիճարկվող դրույթները որեւէ կերպ չեն վկայակոչվել: Դիմողի նկատմամբ չեն կիրառվել եւ որեւէ իրավական հետեւանք չեն առաջացրել վերջինիս համար»,-արձանագրել էր Սահմանադրական դատարանը դիմումը հունիսի 13-ին մերժելու ՍԴԱՈ-67 որոշման մեջ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ.-Ծանոթացա նաեւ նախկին դատավորի վարչական գործին: Նրա ներկայացուցիչը դատարանում եղել է Սարգիս Սահակյանը: Նա դիմել էր ընդդեմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության: Վարչական դատարանից Ս. Ղազարյանը պահանջել էր՝ 10.04.2023թ. թիվ ԱԳ-11-8537-2023թ. ակտն անվավեր ճանաչելու, պարտավորեցնել նախարարությանը վերահաշվարկ կատարել, վճարել իրեն՝ պաշտոնաթող դատավորին 13.07.2021 թվականի նշանակված կենսաթոշակը, հիմք ընդունելով նրա վերջին աշխատավարձի՝ դրույքաչափը 572000 ՀՀ դրամ եւ հավելավճարը 457600 ՀՀ դրամի հանրագումարի 55 տոկոսի հաշվարկով:

Օգոստոսի 22-ին նշանակվել է նախնական դատական նիստ: Դատավորն է Աննա Դիլբարյանը:

Դատարանը ներգրավել է ՀՀ ֆինանսների նախարարությանը, որպես երրորդ անձ: Միեւնույն ժամանակ, դատարանը պահանջել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ  այլ դրամական վճարների վարչության պետի կողմից տրված գրության կազմման համար հիմք հանդիսացած  փաստաթղթերն ամողջությամբ:

«Առավոտ» օրաթերթ
24.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930