Լրահոս
Օրվա լրահոսը

Ես վախենում եմ ամենավատից

Հունիս 30,2023 13:30

Հայաստանն ունի մեկ երանելի առավելություն. զենք ունեն միայն պետությունը եւ ազգային զինված ուժերը

Լիբանանում, երբ ճգնաժամն ու տառապանքը գագաթնակետին էին, այնքան հաճախ էին երգիչները բեմ բարձրանում՝ կրքոտ ժեստերով եւ հայրենասիրական երգերով, պոռթկմամբ, արժանապատվությունը վերագտնելու եւ թշնամուն ջախջախելու տենչով՝ կոչ էին անում զանգվածային հանրային- ազգային հայրենասիրական զարթոնք բարձրացնել եւ կանգնել թշնամու դիմաց՝ վերականգնելու ազգային արժանապատվությունն ու հպարտությունը:

Խնդիրը միշտ նույնն էր մնում. թշնամու ինքնությունը հստակորեն սահմանելու անկարողություն: Ոմանք բացառապես Իսրայելը համարում էին թշնամական ուժ, ոմանք տեսնում էին Սիրիան օկուպանտ թշնամի, որից լիբանանցիները պետք է ազատագրվեն եւ այս ճգնաժամը տեւեց տասնամյակներ՝ Լիբանանը չկարողացավ սահմանել թշնամիների ինքնությունը:

Լիբանանցիների մի մասը՝ հիմնականում քրիստոնյա աջերը պնդում էին, որ լիբանանցիները փյունիկցիների թոռներն են, իսկ լիբանանցի մուսուլմանները ու ձախերը մերժեցին այս կողմնորոշումը եւ պնդեցին, որ լիբանանցիներն արաբներ են: Մեկ այլ կուսակցություն՝ Սիրիայի «Ազգայնական սոցիալիստական կուսակցությունը» հայտարարեց, որ լիբանանցիները ոչ արաբ են, ոչ փյունիկցիներ, այդ լիբանանցիները սիրիացի ազգի մի մասն են:

Մենք՝ լիբանանահայերս միշտ լուռ ու գաղտնի շշնջում էինք, որ մենք այս խնդիրը չունենք, քանի որ մենք գիտենք մեր ցեղն ու ազգը, մենք դարերով որոշել ենք մեր ազգային ինքնությունը՝ արիական հայեր ենք՝ քաղաքակրթության զավակներ:

2014 թվականին Լիբանանում անհանգստություններս խորացան։ Ես տեսա ապագան մշուշոտ ու ամպամած. 2 միլիոն սիրիացիներ, 600 հազար պաղեստինցիներ եւ 4 միլիոն լիբանանցիներ, որոնք կազմված էին հակամարտող լիբանանյան կրոնական խմբերից եւ գոյակցում էին 10 000 կիլոմետրանոց փոքր երկրում:

Մտովի հաշվարկել էի Լիբանանի եւ Հայաստանի ներսում վտանգները եւ երկուսն էլ շատ էին, բայց ես միշտ այս մոտեցումն ունեի, թե Հայաստանում սպառնալիքը հստակ սահմանված է ու ակնհայտ, թշնամին արտաքին է, ուստի անակնկալներ չպետք է լինեն: Մինչդեռ Լիբանանում ամեն երկու տարին մեկ նոր սպառնալիք է ավելանում, համենայնդեպս, Հայաստանում մենք գիտենք, թե ով է թշնամին եւ վտանգները սահմանին են, մինչդեռ Լիբանանում քաղաքացիական կամ ներքին ռազմական բռնկումները շատ վտանգավոր են, ինչին ականատես եմ եղել 12 տարի (1978-1990 թթ.): Այն գրեթե կրկնվելու էր 2008թ. մայիսի 7-ին («Մարտի 8-ի ուժերը» մի քանի օր Հըզբոլլահի եւ դաշնակիցների գլխավորությամբ ներխուժեցին «Լիբանանի մարտի 14-ի ուժեր»-ի համակիր տարածքներ՝ մինչեւ լիբանանյան քաղաքականապես հակամարտող կողմերի միջեւ քաղաքական կարգավորման համաձայնություն ձեռք բերվեց-Պ. Մ.): 2017 թվականին ես վերադարձա Հայաստան՝ հուսալով, որ հայերը կարող են չհամաձայնվել եւ ունենալ իրենց հակամարտությունները, բայց Հայաստանը գոնե կվայելի նվազագույն ազգային կոնսենսուս եւ հանդուրժողականություն, ի վերջո, մենք բոլորս հայ ենք։

Այս գաղափարին աջակցել է նաեւ այն փաստը, որ լիբանանահայ քաղաքական կուսակցությունները բազմաթիվ պատմական առիթներով ապացուցել են, որ պահպանել են իրենց նվազագույն ներդաշնակությունը, չնայած քաղաքական խորը տարաձայնություններին, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ հայերը դրական չեզոքություն են հայտարարել եւ կողմ չեն եղել կամ մասնակցել, ոչ իրար դեմ, ոչ էլ ուրիշ լիբանանցիների: Երբ 2005թ. լիբանանցիները խորապես բաժանված էին «Մարտի 8-ի» եւ «Մարտի 14-ի» կոալիցիաների միջեւ, երկու կոալիցիաների ներսում հայերը խոստացան չխառնվել եւ չկռվել միմյանց հետ, լիբանանահայ քաղաքական կուսակցությունների ղեկավարները պարբերաբար հանդիպումներ էին ունենում՝ քննարկելու եւ պահպանելու ներդաշնակությունը եւ պահելու իրենց տարաձայնությունները միայն քաղաքական: Եղան, իհարկե, միջադեպեր, բայց դրանք միշտ անհատական մակարդակի վրա էին եւ զսպվում ու կարգավորվում էին…

Հիշում եմ մի դեպք. Լիբանանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես սոցցանցերում քարոզչություն էի անում, մասնավորապես, ի նպաստ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության եւ Լիբանանյան ուժերի եւ ընդհանրապես «Մարտի 14» կոալիցիայի թեկնածուների (երկու կուսակցություններն էլ այս կոալիցիայի մաս էին կազմում): Հայ Յեղափոխական Դաշնակցությունը «Մարտի 8-ի» մաս էր կազմում: ՀՅԴ-ի մի համակիր եկավ սոցցանց ու հայհոյանքներ ու վիրավորանքներ հնչեցրեց, ես բարկացա ու ուզում էի հանդիմանել նրան, հետո հանկարծ նկատեցի, որ այդ տղան իմ ընկեր Բեկորն է: Գրեցի նրան մեկուսի Ֆեյսբուքում՝ «Բեկոր, սա ես եմ, ինչ է պատահել քեզ հետ, նա ասաց՝ կներես, չգիտեի՝ որ դու ես»: Հետո հանդիպեցինք Բուրջ Համուդում, որը Դաշնակցության հենակետն է, գրկախառնվեցինք, համբուրվեցինք ու ծիծաղեցինք այդ ամենի վրա եւ ասացինք՝ թե «ինչ հիմարություններ ենք անում երբեմն»:

Երբ ես սկսեցի ծանոթանալ եւ շփվել Հայաստանի Հանրապետության քաղաքական ներքին սպեկտրին՝ իմ թյուր կարծիքը վերածվեց հուսախաբության՝ զարմանքի եւ ապշանքի, հետո՝ հիասթափության եւ վերջապես անցած շաբաթվանից՝ սարսափի:

Անցած շաբաթ սահմռկեցուցիչ սարսափն առավելագույնն էր, երբ տեսա, որ իշխող կուսակցության Հայաստանի խորհրդարանի պատգամավորներից մեկը մահացել է, եւ այս նույնպես վերածվեց առիթի՝ հնարավորության, փորձել ցույց տալ կողմերից յուրաքանչյուրի աջակցությունը: Ներկայիս իշխող ուժի հակառակորդները հանգուցյալի մահվան լուրի մասին ուրախություն եւ մահացողի հասցեին բացասական խոսքեր արտահայտելով, իսկ Քաղաքացիական պայմանագիր կողմի կողմնակիցները՝ գովաբանելով նրան: Հիմա ամեն ինչ շատ վտանգավոր դարձրեց այն, որ մինչ իշխանության կողմնակիցները դատապարտում էին այդ ամենը, ընդդիմությունն օրինակներ էր բերում, որ ավելի վաղ իշխող կուսակցության բարձրաստիճան ղեկավարներից ուրախություն են հայտնել ընդդիմադիր գործչի մահվան կապակցությամբ։

Այս ամենը ոչ միայն անհանգստացնող է, այլեւ սահմռկեցուցիչ, եւ պետք է տագնապալի ու ահազանգելի լինի՝ պարզ համեմատություն անելով Լիբանանում տիրող քաղաքական մթնոլորտի հետ: Կարող եմ ասել, որ նույնիսկ քաղաքացիական պատերազմի ժամանակ Լիբանանում մենք երբեք այս աստիճանի քաղաքական անհանդուրժողականության ականատես չենք եղել:

Որպեսզի ձեզ հստակ օրինակ բերեմ, 1982 թվականին սպանվեց Լիբանանի ընտրված նախագահ Բաշիր Գեմայելը, ով «Ֆալանգ» կուսակցության անդամ էր, Սիրիայի նացիոնալ-սոցիալիստական կուսակցության (SSNP) անդամ Ասադ Շարտունին խոստովանեց, որ մարդասպանն է, SSNP-ն պատվիրակություն ուղարկեց Գեմայելների ընտանիքի եւ «Ֆալանգ»-ի մոտ, SSNP կուսակցությունը հայտարարեց, որ իրենք կապ չունեն Շարտունու եւ սպանության հետ…

Լիբանանյան քաղաքացիական պատերազմի ամենակատաղի օրերին լիբանանյան մարտական խմբերը երբեք չեն կոտրել հաղորդակցության ուղիները, ես բացահայտում չեմ անում, երբ ասում եմ, որ քաղաքականության եւ ռազմավարության աշխարհում, երբ երկխոսությունը դադարում է, թնդանոթները «հռհռում» են, ռազմական գործողություններ են իրականացվում՝ հակամարտող կողմերից մեկի կամ երկուսի կողմից՝ ստիպելու մյուս կողմին վերադառնալ բանակցությունների սեղան:

Այսօր համարձակվում եմ հայտարարել, որ փառք Աստծո, Հայաստանն ունի մեկ երանելի առավելություն, զենք ունեն միայն պետությունը եւ ազգային զինված ուժերը, ԱՍՏՎԱԾ մի արասցե, ես վախենում եմ այն օրվանից, երբ պետությունից դուրս գտնվող հայկական կամավորական զինված խմբերը զենք կրեն, նման մթնոլորտում ատելությունից ես վախենում եմ, ամենավատից:

Եվս մեկ բան, շատ մտահոգիչ, ամոթալի եւ վտանգավոր է, որ ամեն անգամ, երբ Հայաստանի խորհրդարանը՝ Ազգային ժողովը նիստ է անում, ընդդիմությունն ու իշխող կուսակցությունը կարծես թե այս նստաշրջանը տեսնում են որպես միմյանց դեմ բացասական քարոզչություն ծավալելու արդյունավետ հնարավորություն եւ մեղադրանքներով փոխանակվելու հանդիպավայր:

Պարոնայք, Ազգային ժողովը պետք է լինի օրենսդրությունների եւ մեր խնդիրների պատշաճ լուծումների քննարկման վայրը, կուսակցական քարոզչությունը կարող է իրականացվել լրատվամիջոցների միջոցով, բացի այդ, ժամանակն է, որ բոլոր հայկական խմբերը նաեւ անկեղծ, թափանցիկ, հրապարակային բաց ժողովներ անցկացնեն, եւ ազգային-երկխոսություն: Բայց նախ՝ ժամանակն է թուլացնելու լարվածությունը եւ անմիջապես դիմակայելու շատ լուրջ սպառնալիքի՝ հանրապետության ներսում հանդուրժողականության բացակայությանը՝ բոլոր մակարդակներում:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
29.06.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930