«Եթե որեւէ տեղ լսեք, որ տոլման հայկական չէ, մեր հաստ գրքով կարող եք կռիվ անել: Տոլման հայկական ուտեստ է եւ մենք պետք է պահենք դա»,-կես հումոր-կես լուրջ այսօր իր հյուրերին դիմելով՝ ասաց շեֆ խոհարար Վահան Առաքելյանը:

Կարդացեք նաև
Նախագծի հեղինակներն են շեֆ խոհարար Վահան Առաքելյանը, լուսանկարիչ Վիգեն Մնոյանը եւ գաղափարի հեղինակ Գուրգեն Բունաթյանը:
Խնդիրը՝ հայկական խոհանոցը հանրայնացնելն է:
«Այս գիրքը ներառում է մեր պատմությունը, մեր սերը մեր երկրի հանդեպ, մեր ուտեստի, մեր ծիսակատարության լիարժեքությունն է»,- ասում է շեֆ խոհարարը, որը գրքի հրատարակության պատրաստությունների ընթացքում ստիպված է եղել մի ուտեստը անգամներ պատրաստել ու ձեւավորել:

Գաղափարի հեղինակ Գուրգեն Բունաթյանն էլ մանրամասնում է՝ փորձել են ամեն մանրամասները ճշտել, հստակեցնել եւ ամբողջական բաղադրատոմսեր փոխանցել. «Ուտեստ կա, պատրաստվել է հինգ անգամ, նկարվել է 20 անգամ»:

Նախագիծը կոմերցիոն չէ:

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի համար նման գիրքը սպասված է, քանի որ իր կարծիքով, գրախանութներում շատ վատ ենք ներկայացված եւ այս առումով պարտվում ենք հարեւաններին եւ ոչ միայն. «Ազգային խոհանոցը շատ մեծ դերակատարում ունի, այն հիմնավոր է նաեւ ազգապահպանման, տեսակի պահպանման հարցում: Մեր կազմակերպության 15-ամյա գոյության ընթացքում հանդիպել ենք իրավիճակների, երբ սփյուռքի որոշ հատվածներ, որոնք կորցրել են ազգային դեմքն ու դիմագիծը, նույնիսկ հավատքը՝ կաթոլիկ են դարձել, բայց խոհանոցի միջոցով պահպանել են իրենց ծագումնաբանությունը»:
Խոսքը Անիից գաղթածների մասին է:
Ազգային խոհանոցը Սեդրակ Մամուլյանը համարում է մեր դեմքը, մտածելակերպը, աշխարհընկալումը եւ քանի որ տեսակների մեջ պայքարն անողոք է, իր գնահատմամբ, նման հանրագիտարանի գոյությունը կարեւոր է:
«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ խոհանոցը մեր մշակույթի կարեւոր մասերից է համարում, նաեւ՝ զբոսաշրջային արդյունքի կարեւոր բաղկացուցիչ. «Մենք ունենք շատ հարուստ մշակութային ժառանգություն եւ դրա մեջ շատ հարուստ խոհանոցային ժառանգություն, ավանդույթներ՝ համեղ, առողջարար, գեղեցիկ ու բազմազան: Հիմա մենք խնդիր ունենք դա արժեւորելու, դասակարգելու, ճիշտ փաթեթավորելու եւ ներկայացնելու: Դրա համար, նման միջոցառումները շատ կարեւոր են: Շատ կարեւոր է, որ մենք նաեւ, որպես նվեր ունենանք մեր խոհանոցը ներկայացնող գրքեր, դրանք պաշտոնական հանդիպումների ժամանակ, դիվանագիտական հարթակներում եվս օգտագործենք»:
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունն արդեն իսկ տպագրել է Սյունիքի խոհանոց գիրքը՝ սյունյաց ճաշատեսակների բաղադրատոմսերով, նյութերը պատրաստ են այլ մարզերին վերաբերվող գրքերի հրատարակության համար էլ, իսկ Yooocook-ն ամբողջացնում է այդ շարքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ






















































