Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ համար դժվար է, չեմ տեսել վերջին 7 ամիսներին իմ 4 երեխուն, կնոջս, քրոջս… Իմ քայլը հերոսություն չէ, նորմալ է, այդ է խնդիրը, որ մենք նորմալ բաների վրա զարմանում ենք». Ռուբեն Վարդանյան

Հուլիս 08,2023 14:50

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարին, որը կրում է «Սփյուռք-Արցախ-Հայաստան» խորագիրը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախից ուղիղ կապով միանալով քննարկմանը, կոչով դիմեց բժիշկներին, սփյուռքին ու ողջ հայությանը. «Այս հնարավորությունն ուզում եմ օգտագործել, որ մենք ունենանք շատ ուղիղ, անկեղծ զրույց իրավիճակի մասին, որովհետեւ դուք՝ բժիշկներդ, շատ լավ գիտեք, որ եթե ուզում եք հիվանդը բուժվի, առաջինը պետք է ճշգրիտ դիագնոզը տրվի: Մենք ունենք լուրջ խնդիր Արցախում, որովհետեւ 44-օրյա պատերազմից հետո, իհարկե, դա մեծ ու շոկային ազդեցություն է թողել հասարակության վրա, հոգեբանները դա կբացատրեն՝ իրավիճակ է, որ նրանք անջատվել են ու չեն ուզում դա ընդունել: Մենք արդեն ոչ թե մենակ դեղորայք կամ ուտելիք չունենք, չունենք ոչ բենզին, ոչ դիզել, տարիքով մարդիկ չեն կարողանում դեղորայք գնան առնեն, մենք սննդի խնդիր ունենք, կարող ենք սրա մասին անվերջ խոսել: Բայց ամենավտանգավորը ռազմական իրավիճակն է, որից դուրս գալը դժվար է: Բայց մարդիկ, որ մի կողմից ուրախանում ես, որ շարունակում են ապրել հասարակ կյանքով, չեն ուզում հասկանալ, որ սա իսկապես մեծ վտանգ է, որը պահանջում է ոչ թե վախ, ոչ թե անջատվել, այլ հասկանալ, որ ընդդիմանալն է միակ տարբերակը, որ մենք կարող ենք փրկվել: Շրջափակման մեջ մենք բոլորս մի նավի մեջ ենք, մենք բոլորս հավասար ենք: Բայց անջատվածությունը շատ վտանգավոր բան է, որովհետեւ բերում է անտարբերության»:

Նա նշեց, որ հաջորդ լուրջ խնդիրն այն է, որ Հայաստանը չի հասկանում, որ Արցախն է մեր արմատը, որը մեզ պահպանում է՝ որպես հայ ազգ, այդ գաղափարախոսությունը չկա. «Ավելի են ուժեղացվել Հայաստանի իշխանության կողմից հնչեցրած թեզերը, որ Արցախը մեր գլխացավանքն է ու եթե Արցախից ազատվենք, Հայաստանը կունենա խաղաղություն, Արցախը գլխացավանք է, թող Ջավախքի կամ Գլենդելի պես դառնա սփյուռք: Ավելացվում են ավելի վտանգավոր բաներ. մենք հայկական աշխարհում ունենք շատ լուրջ վտանգներ՝ կապված արժեքների եւ սկզբունքների հետ՝ բոլոր տղամարդիկ դասալիքներ են եղել պատերազմի ժամանակ, բոլոր կանայք հայկական աշխարհում երջանիկ չեն, եկեղեցին վատն է: Եվ այդ կողմից մենք ունենք լուրջ իրավիճակ, սփյուռքում էլ իրենց խնդիրները կան՝ Երուսաղեմում, Ռուսաստան-Ուկրաինայում, էլ չեմ ասում Սիրիայում ինչ դժվար է: Արցախը, գտնվելով շատ ծանր ներքին իրավիճակում, չունի մյուս կողմից այն զգացումը, որ հայկական աշխարհը հասկանում է, զգում է կարեւորությունը Արցախի ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ հայ ժողովրդի համար»:

Նա հիշեցրեց, որ Մեսրոպ Մաշտոցի առաջին դպրոցը բացվել է Ամարաս վանքում, եւ Արցախը ոչ միայն ունի հազարավոր տարիների պատմություն, այլ հազվագյուտ տեղերից է, որտեղ պահպանվել է հայկական մթնոլորտը: Ռուբեն Վարդանյանը նշեց, որ պատերազմը չի վերջացել. «Հայրենական պատերազմը, որը հիմա գնում է, անպայման չի, որ ամեն օր կրակեն: Պատերազմը շարունակվում է: Մենք ունենք վստահություն, որ Արցախը, Հայաստանը եւ սփյուռքը իրար հետ կապված են ու չի կարող մեկը պահպանվել՝ առանց մյուսի»:

Ռուբեն Վարդանյանը նկարագրեց ադրբեջանական սադրանքները՝ ասելով, որ կարող է համաճարակային, խնդիրներ առաջանան. «Մենք տեսնում ենք, թե ոնց են իրենք փորձում Սարսանգի շուրջ ինչ-որ բաներ անել, ֆինանսների, մշակույթի, ամեն ուղղությամբ իրենք աշխատում են, հետեւողական ամեն ինչ անում են, որ մարդիկ հուսահատվեն, չհավատան, որ կարող են ապրել իրենց հայրենիքում: Ուզում են կա՛մ ստիպեն դուրս գալ Արցախից ու դառնալ փախստական, կա՛մ ենթարկվել իրենց օրենքներին»:

Ըստ Ռուբեն Վարդանյանի, ինչքան էլ մենք փոքր լինենք, պիտի պայքարենք, ուժ գտնենք մեր մեջ ու պաշտպանենք հայրենիքը՝ ամեն ուղղությամբ՝ կրթության մեջ, ենթակառուցվածքներ ունենալով, հետ բերելով հարգանքը դեպի ուսուցիչն ու բժիշկը. «Մենք հիմա ունենք զարգացման ծրագիր 77 ուղղությամբ, մենք արդեն իրականացրել ենք տասնյակ ծրագրեր ու տեսնում ենք աշխատանքային խմբերի ուժը, որովհետեւ միավորվել են ոչ միայն արցախցիները ներսում, այլ նաեւ Հայաստանի ու աշխարհի մասնագետները: Մեր խնդիրն է ոչ միայն օգնել դեղերով, այլ իմանալ՝ ոնց կազմակերպել կյանքը, որ ունենանք առողջ հասարակություն, առողջ՝ ե՛ւ ֆիզիկապես, ե՛ւ հոգեպես: Իմ հիմնադրամներից մեկը, որտեղ համահիմնադիր եմ Ոսկերչյանի եւ Նուբար Աֆեյանի հետ, ապահովել է բժիշկների խումբ, որը մեքենայով գնում ու օգնում է մարդկանց այն տեղերում, որտեղ չեն կարող գալ, բայց ցավոք, սահմանափակվել է նրանց տեղաշարժը»:

Նա ասաց, որ երկարաժամկետ պայքարի են իրենք պատրաստվում, որովհետեւ շատ երկրներում են այդպես արել. «Մենք հասկանում ենք, որ պետք է կառուցել այնպիսի համակարգ, որը կարող է ապահովել առողջապահական, կրթական, մշակութային ապահովվածությունը երկարաժամկետ, ենթակառուցվածքները պետք է այնպես անենք, որ աշխատեն առանց խափանման: Մենք հիմա խնդիր ունենք հիվանդանոցները ապահովելու դիզելով, էլեկտրաէներգիայի հարցն է լուրջ: Ծրագիր կա, նախատեսվում է արեւային վահանակ դնել հիվանդանոցներում: Ուզում ենք ապահովել առողջապահական առաջին օգնությունը համայնքներում եւ կենտրոնական շրջաններում, որովհետեւ եթե պատերազմ սկսի, շատ կարեւոր է, որ տեղում բուժօգնություն տրամադրվի, ոչ թե բերեն անպայման Ստեփանակերտ, ոնց եղել է 44 օրյա պատերազմի ժամանակ: Հիմա խնդիր ունենք՝ բժիշկները, որ կարողանում էին գալ Արցախ եւ օգնել, էլ չեն կարողանում գալ, ուսանողները, որ գնացել էին սովորելու, հետ չեն կարողանում գալ, ունենք մարդիկ, որ չեն կարողանում գնալ սովորելու»:

Դիմելով բժիշկներին՝ Ռուբեն Վարդանյան ասաց. «Ե՛վ ուսման ուղղությամբ, ե՛ւ կոնսուլտացիաների, ե՛ւ էքսպերտային ձեր կարծիքը շատ կարեւոր է: Դրա համար ես ձեզ կխնդրեմ մի բան՝ ամենավտանգավոր բանը անտարբեր լինելն է, ամենավտանգավոր բանն այն է, որ մենք այս իրավիճակում չենք հավատում, որ ամեն մեկիցս ինչ-որ բան կախված է ու այն քայլերը, որ կարող ենք անել, շատ կարեւոր են: Իմ քայլը հերոսություն չէ, նորմալ բան է, այդ է խնդիրը, որ մենք նորմալ բաների վրա զարմանում ենք: Ես վստահ եմ, որ ինչ արել եմ, որոշելով իմ համար շատ դժվար բան, որովհետեւ ես չեմ տեսել վերջին 7 ամիսներին իմ ընտանիքը, իմ 4 երեխուն, կնոջս, քրոջս, ընկերներիս: Բայց դա նորմալ քայլ է, որովհետեւ եթե քո մեջ չկա հասկացողություն, որ քո հայրենիքը վտանգի մեջ է ու դու պիտի անես այն, ինչ պիտի անես որպես ուղղակի զինվոր, դա ուրեմն լուրջ հիվանդության նշան է: Մենք ապրում ենք դարաշրջանում, որ ամբողջ աշխարհն է մեծ փոփոխությունների մեջ, բայց նորմալ մարդ մնալը՝ մարդկային արժեքներով, մարդկային ու ազգային սկզբունքներով ամենակարեւոր նպատակն է մեր համար, եթե մենք իսկապես ուզում ենք շարունակել մնալ որպես ազգ, որը 5000 տարի ապրում է: Դուք բժիշկներ եք ու փրկում եք հազարավոր մարդկանց կյանքերը, պիտի հասկանաք, որ մենք հայրենական պատերազմի մեջ ենք, կան անձեր, որ փորձում են մեզ ոչնչացնել ներսից՝ հանելով մեր արժեքները եւ սկզբունքները, մենք հիվանդ ենք, որովհետեւ ունենք հիասթափություն եւ հուսախաբություն անցած ճանապարհից, բայց իրավունք չունենք հանձնվել: Մենք պարտական ենք անցած սերունդների նկատմամբ, այն մարդկանց,  որ զոհվել են մեր հայրենիքի համար եւ այն 30 հազար երեխաների, որ այստեղ են գտնվում, իրենք պիտի վստահ լինեն, որ կունենան իրենց ապագան երջանիկ, հաջողված, հայկական Արցախում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31