Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԴԽ-ն ինքնակամ կամ ինքնագլուխ չգնաց այս գործողություններին. սրա նախադրյալները կային»

Հուլիս 10,2023 13:30

Ըստ Նինա Կարապետյանցի՝ եթե գործադիրը, օրենսդիրը, դատական բարձրագույն մարմիններից մեկն այսպիսի վարքագիծ է դրսեւորել, մնացած բոլորը համարելու են այդպիսի վարքագիծը ընդունելի, կիրառելի եւ համատարած սկսելու են այդ տրամաբանության մեջ աշխատել։

«ԲԴԽ-ն ինքնակամ, ինքնուրույն կամ ինքնագլուխ չգնաց այս գործողություններին»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցած զարգացումներին՝ այսպիսի կարծիք հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը։

Հիշեցնենք՝ էական կարգապահական խախտման հիմքով Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) որոշեց դադարեցնել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները: Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել լրատվամիջոցների հետ ունեցած հարցազրույցի պատճառով: Նա անդրադարձել էր ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի հայտարարություններից մեկին եւ այն անթույլատրելի համարել: Դրանից հետո Արդարադատության նախարարությունը դատավորին պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ դիմել էր ԲԴԽ: Նշենք, որ ԲԴԽ-ն որոշման եզրափակիչ մասը հրապարակել էր առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների: Կարգադրիչները պատճառաբանել էին, թե դահլիճում ազատ տեղ չկա ու լրագրողներին ուղղորդել մի սենյակ, որտեղ դրված է եղել մոնիտոր՝ որոշման եզրափակիչ մասը լսելու համար:

Նինա Կարապետյանցին հարցրինք՝ ԲԴԽ-ի վարքագիծը վատ նախադեպ չի՞ դառնա նաեւ պետական կառույցների համար, նա պատասխանեց. «Բազմաթիվ իրավիճակներից հետո՝ սկսած կառավարության գործողություններից, կառավարության անդամների՝ հարցազրույցից հրաժարվելուց, փախուստի դիմելուց, վերջացրած ԱԺ-ում լրագրողների համար նստարանները հեռացնելուց, ԲԴԽ-ն համարեց, որ կարող է փակ դատական նիստ անել անգամ «լայաղ» չարեց վերջնական դատական ակտը գոնե կարճ հրապարակել։ Այնպես որ, սրա նախադրյալները կային, դրանք գալիս էին՝ այդ թվում նաեւ գործադիրից, ԱԺ-ի պահվածքից։ Ակնհայտ է, որ մնացած բոլոր մարմիններն ընդօրինակելու էին այս վարքագիծը։ Բնականաբար, եթե գործադիրը, օրենսդիրը, դատական բարձրագույն մարմիններից մեկն այսպիսի վարքագիծ է դրսեւորել, մնացած բոլորը համարելու են այդպիսի վարքագիծը ընդունելի, կիրառելի եւ համատարած սկսելու են այդ տրամաբանության մեջ աշխատել»։

Հարցին՝ այն, թե ինչպես են այդ կառույցում որոշումներ կայացվում խնդրահարո՞ւյց չէ, նա պատասխանեց. «Ես անկեղծ ասած շատ խորը չեմ ուսումնասիրել բուն գործի  մանրամասները, որովհետեւ վերջին օրերին բազմաթիվ դատավորների լիազորություններ կասեցրին, բայց ձեւը, որով դա իրականացվում է, ոչ մի լավ բան չի հուշում։ Դա անընդունելի ձեւ է, գաղափար, եւ հաստատ ոչ ժողովրդավարական, ոչ  հեղափոխական, ոչ բարեփոխական։ Ոչ մի նորմալ, դրական միտում հուշող գործընթաց տեղի չի ունեցել։ Շատ վտանգավոր է, մերժելի է, եւ կարծում եմ՝ երկար չի կարող հանդուրժվել այդ թվում նաեւ հասարակության կողմից։ Դրան հստակ հասարակական  գնահատական պիտի տրվի։ Քաղհասարակությունն ինքը կարծես առանձին դեմքերով գնահատականներ հնչել է, բայց նաեւ հասարակությանը պիտի հասկանալի լինի, որ սա գործող մեխանիզմ չէ, սա ճիշտ մոտեցում չէ»։

Հետաքրքրվեցինք՝ կարծում եք՝ սա հրահանգավորվա՞ծ գործունեություն է, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Առնվազն գոնե այսպիսի վարքագիծը կարելի է  ասել մերժված, արգելված չէ։ Բայց նաեւ հաշվի առնելով, որ Կարեն Անդրեասյանը եւ հիմա արդեն նորանշանակ բազմաթիվ ԲԴԽ անդամներ առավելագույն չեզոքություն են հայտնել գործող իշխանություններին եւ այդ պատճառով է, որ հայտնվել են ԲԴԽ-ում, թույլ կտամ ինձ ենթադրել, որ կարող է նաեւ հրահանգավորված լինեն։ Սա ուժի ցուցադրման ձեւ է, իբր իշխանությունը իրավիճակին տիրապետում է, իբր իշխանությունները հարց լուծող են, բայց իրականության մեջ սա խոսում է միայն թուլության մասին, որովհետեւ այսպիսի գործիքակազմով աշխատելը բացառապես թուլության մասին է խոսում»։

Հիշեցրինք՝ լիազորությունները դադարեցրած 7 դատավորներ՝ Ալեքսեյ Սոքոյանը, Զարուհի Նախշքարյանը, Աննա Փիլոսյանը, Սուրեն Անտոնյանը եւ այլք, դիմել են ՄԻԵԴ, եւ այն դատավորների գանգատը ընդունել է վարույթ։ Այնուհետեւ հարցրինք՝ սա սթափվելու կո՞չ է՝ ուղղված ՀՀ իշխանություններին, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Սա սթափության կոչ է, սա ակնհայտ խախտումների արձանագրում է, այլապես եթե ակնհայտ չլիներ խախտումը, այդքան արագ չէին արձագանքի, առհասարակ վարույթ չէին ընդունի, որովհետեւ ի տարբերություն մեր պետական  կառույցների, որոնք ըստ նպատակահարմարության կամ ըստ նկարի հետ համաձայնեցնելու են գործողություններ իրականացնում, ՄԻԵԴ-ն արագ արձագանքել է։ Մենք մի կողմից պահում ենք մեր հարկերով մարմիններ, որոնք պիտի իբր արդարադատություն իրականացնեն, մյուս կողմից ստիպված ենք լինելու հատուցել այն բոլոր դեպքերում, երբ  իրավունքի խախտում կարձանագրվի դատավորների խախտված իրավունքների հետ կապված՝ ինչպես եղավ Ալվինա Գյուլումյանի պարագայում։ Ինչ-որ հանճարեղ թեմա են մտածել որոշ ԱԺ պատգամավորներ, որի արդյունքում մենք վճարեցինք թե’ այդ անտրամաբանական որոշումը կայացնող պատգամավորներին, թե’ համակարգին, մի հատ էլ ծախսերի փակման համար տիկին Գյուլումյանին հատուցում վճարեցինք։ Սա է, որ պիտի հասկանա հասարակությունը՝ ինչքանո՞վ է իշխանությունը արդյունավետ օգտագործում մեր բոլորի գումարները»։

Հարցրինք՝ այս իրավիճակում կապ ունի՞, թե ով է ԲԴԽ նախագահը, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Այս պայմաններում ԲԴԽ-ի ղեկավար կարող է լինել բացառապես մի մարդ, որը տոտալ հավատարմություն է հայտնել անձնապես Նիկոլ Փաշինյանին։ Մնացած բոլոր պաշտոնները, որոնք նշանակովի են, դրանցում կարող են նշանակվել բացառապես միայն տոտալ չեզոքություն հայտնած մարդիկ։ Ես չեմ կարծում, չեմ պատկերացնում, որ ԲԴԽ-ի անդամ կարող է ընտրվել որեւէ մեկը, որն այսպես կյանքի գնով, արժանապատվությունը, իրավունքը ոտնահարելու գնով պատրաստ չլինի պաշտպանել Նիկոլ Փաշինյանին։ Դա անհնար է։ Այն համակարգը, որ  կա ԲԴԽ-ի անդամներ նշանակելու հարցում, եւ այն տրամաբանությունը, որ հիմա  օգտագործում է ԲԴԽ-ի նախագահ Կարեն Անդրեասյանը, անընդունելի է։ Այն անձն էլ, որը կհամաձայնի դառնալ ԲԴԽ անդամ դառնալու թեկնածու, ինքն էլ ինձ համար վերապահումներ ունի։ Այս իշխանության կողմից ընտրվելու համաձայնություն տվող մարդու նկատմամբ ես որոշակի վերապահումներ ունեմ»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ ԲԴԽ-ի ձեւաչափն աշխատո՞ղ է, նա պատասխանեց. «Աշխատող ձեւաչափ է, որովհետեւ տարբեր երկրներում նաեւ փորձարկված է։ Բայց թե ինչ մոտեցումներ են ձեւավորվում, ինչ ավանդույթներ են ընդօրինակվում նախորդ ռեժիմից, դա անընդունելի է։ Չես կարող նույն բանն անել եւ ակնկալել, որ այլ արդյունք ես ունենալու»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.07.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31