Լրահոս
Օրվա լրահոսը

Թվում է՝ ՈՒԱԶ-ի վարորդին պետք է մեղադրեին՝ մարդկանց գիտակցաբար վրաերթի ենթարկելու եւ մարմնական վնասվածքներ հասցնելու համար. «Հրապարակ»

Մայիս 10,2024 10:54

Երկու պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը՝ երկու ընկերների հետ, ապրիլի 21-ից կալանքի տակ է, այն օրվանից, երբ Բագրատաշենի ճանապարհին տեղի ունեցած ակցիայի ժամանակ «ՈւԱԶ» ավտոմեքենան վրաերթի ենթարկեց նրանց։ Թվում է՝ ՈՒԱԶ-ի վարորդին պետք է մեղադրեին՝ մարդկանց գիտակցաբար վրաերթի ենթարկելու եւ մարմնական վնասվածքներ հասցնելու համար, բայց ոչ` ՈւԱԶ-ը մարդկանց վրա վարած քաղաքացին տուժող է ճանաչվել, իսկ մեղադրյալի կարգավիճակում Արմանն ու նրա 3 ընկերն են։ Նրանց մեղադրում են Այրումից Բագրատաշեն ճանապարհը փակելու, խուլիգանական արարքների կատարման մեջ։

Այն, ինչ երեւում է համացանցում տարածված տեսանյութերում, թե ինչպես է ՈւԱԶ-ի վարորդը մեքենան վարում Արմանի եւ նրա ընկերների վրա, քննիչները չեն տեսնում։ Ըստ նրանց, ՈւԱԶ-ի վարորդն ընդամենը «պահանջել է բացել ճանապարհը եւ իր վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ ընթացել, սակայն մի խումբ անձինք խոչընդոտել են մեքենայի ընթացքը», նրա մոտ «վախ են առաջացրել», նրան հայհոյել են ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին։ Տղաներից միայն մեկն է ազատության մեջ, երեքը կալանավորված են։

Ըստ Արգիշտի Քյարամյանի ՔԿ-ի, Արմանն ու նրա երկու ընկերները ոչ թե ակցիա են իրականացրել, այլ «տեւական ժամանակ միջպետական ճանապարհը փակելու ընթացքում առերեւույթ խուլիգանական արարքներ» են կատարել։ Այսինքն՝ նրանց մղումը ոչ թե քաղաքացու պայքարն է, հայրենիքը մասնատումից ու թշնամուն հանձնելուց պաշտպանելը, այլ` խուլիգանությունը։

Իրավապաշտպան, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար Նինա Կարապետյանցը կարծում է, որ սա մահակ է, որը պահելու են մարդկանց գլխավերեւում։ «Այս կիսաբաց գործերը, նախաքննական պրոցեսները պահելու են մարդկանց գլխին, որ թույլ չտան, որ մարդիկ իրականացնեն իրենց սահմանադրական իրավունքը, իսկ դա ոչ միայն խաղաղ հավաքների անցկացումը կամ դրանց մասնակցելն է, այլ նաեւ ՀՀ սահմանադրությամբ նախատեսված բազմաթիվ այլ պարտականությունների իրականացումն է՝ ՀՀ սահմանների անքակտելիության, պաշտպանության հետ կապված»,- ասում է նա։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031