«Յուրաքանչյուր անգամ երիտասարդների հետ շփվելիս եւ առնչվելիս համոզվում եմ, որ նրանք են մեր հասարակության շարժիչ ուժը, որ բոլոր ոլորտներում նրանց մտածողության ու վերլուծական մտքի կարիքն այսօր ունենք առավել, քան երբևէ»,-ֆեյսբուքի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:
Նա առաջնորդության թեմայով զրույց-քննարկում ունեցավ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների եւ հանդիպմանը մասնակից մյուս երիտասարդների հետ «Մատենա» առաջնորդության դպրոցում:

Հաճախ մեզ թվում է՝ ամեն ինչ գիտենք, բայց ես խորապես համոզված եմ, որ բացի այն, որ ժամանակները փոխվում են, հետեւաբար այսօրվա երիտասարդները նույնը չեն, ինչ մենք էինք, նաեւ ընկալումն է փոխվում իրավիճակի»,-ասաց Մանե Թանդիլյանը: Նա անդրադարձավ այսօրվա աշխարհում առաջնորդության մարտահրավերների, այս համատեքստում կանանց դերին:
Կարդացեք նաև
«Ինձ հաճախ ասում են, որ կանայք առաջնորդության մեջ պիտի զիջեն, կամ զիջում են տղամարդկանց: Մենք միասին քննարկման առարկա կդարձնենք այն, թե ինչու է նման կարծիք ձեւավորվել: Իմ համոզմամբ, բոլոր գիտակից տղամարդիկ, այդ կարծիքը պիտի չունենան»,-հավելեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահը:
Ընդգծեց, որ մարդկանց գործունեությունը եւ առաջնորդությունը պիտի համապատասխանեն եւ բացառվի կեղծիքը, հատկապես, նրա խոսքով, ապրում ենք այնպիսի դարում, որտեղ տեղի է ունենում մարդկանց, առաջնորդների վարկաբեկում, ու համատարած արժեզրկման մեջ հաճախ դժվար է լինում տարբերակել կարեւորը երկրորդականից: Այդ ամենին նպաստում է նաեւ սոցցանցերով տարածվող չճշտված, միտումնավոր խեղաթյուրված տեղեկատվությունը:
«Եթե ժամանակին Մարտին Լյութեր Քինգի մասին այնքան տեղեկատվություն լիներ, ինչքան այսօր, նա թերեւս չէր կարողանա իրականացնել այն կարեւորագույն փոփոխությունը, որ արեց ԱՄՆ-ում, որովհետեւ կսկսեին չհավատալ, վարկաբեկել, գուցե սոցցանցերում գրեին՝ դու այն մարդկանցից ես, որ խաբում է բոլորին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































