21-րդ դարի հայ ճարտարապետության մեջ ազգայինի տեղն ու դերը հասկանալու համար Քաղաքաշինության կոմիտեի Ալ․ Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը նախաձեռնել է միջոցառումների շարք։ Օրերս անցկացվել է քննարկում ճարտարապետների տարբեր սերունդների ներկայացուցիչների մասնակցությամբ, որին ներկա են եղել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը և Երևանի փոխքաղաքապետներ Տիգրան Ավինյանը, Գևորգ Սիմոնյանը, Ստեփան Մաչյանը։

Քննարկմանը զուգահեռ և որպես բաղկացուցիչ մաս թանգարանում ընթանում է «Արդեան» արվեստի կենտրոնի հիմնադիր Վազգեն Բրուտյանի ցուցահանդեսը, որը պատմում է հայկական ժամանակակից ճարտարապետության մասին՝ 21-րդ դարին համահունչ տեխնոլոգիաների լեզվով։ «Փորձել ենք մատուցել այն գաղափարը, թե ունենալով ճարտարապետական հարուստ անցյալ՝ 21-րդ դարում ինչպե՞ս ենք այն ներկայացնում նոր տեխնոլոգիաների միջոցով, և նոր տեխնոլոգիաները ի՞նչ հնարավորություններ են տալիս, որ չկային նախկինում»,-պատմում է Վազգեն Բրուտյանը։
Կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կարևորել է տարբեր ժամանակաշրջաններում մասնագետներին հուզող հարցը նորովի քննարկման ասպարեզ բերելու նախաձեռնությունը։ Այդ համատեքստում փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հույս է հայտնել, որ ճարտարապետները, իրենց մտքի ազատության մեջ մնալով, կկարողանան ներմուծել ազգայինն արդի ճարտարապետության մեջ և ապահովել մայրաքաղաքի «դեմքի» որոշակիությունը՝ այդ հարցում ունենալով քաղաքապետարանի աջակցությունը։
Կարդացեք նաև
Թեմայի վերաբերյալ ակտիվ քննարկման ընթացքում իրենց տեսակետներն են հայտնել անվանի ճարտարապետներ Հրաչ Պողոսյանը, Սաշուր Քալաշյանը, ճարտարապետության տեսաբաններ Կարեն Բալյանը, Անուշ Տեր-Մինասյան և այլ մասնագետներ։
ՀՀ քաղաքաշինության կոմիտե


















































