Բանջարեղենից, մրգերից, դեղաբույսերից պատրաստված բնական հյութերը սովորաբար ասոցացվում են առողջ ապրելակերպի հետ, սակայն դրանց օգտագործումը ևս գրագետ մոտեցում է պահանջում։
Բուսական հյութերի կազմում առկա ջուրն, որն իր կազմությամբ հիշեցնում է սառույց։ Այդպիսի «սառցաջուրն» արագացնում է օրգանիզմի կենսաքիմիական ռեակցիաները, կարգավորում թթվահիմնային հավասարակշռությունը, բարձրացնում ֆերմենտների ակտիվությունը, խթանում նյութափոխանակությունն ու մաքրում օրգանիզմը։
Հյութերը, ինչպես և այլ ըմպելիքները, չի կարելի օգտագործել սնվելու ընթացքում և դրանից անմիջապես հետո։ Ցածր կամ նորմալ թթվայնության դեպքում հյութերը խորհուրդ է տրվում խմել սնվելուց 30-40 րոպե առաջ, բարձր թթվայնության դեպքում ավելի լավ է դրանք խմել սնվելուց մի քանի ժամ առաջ։
Հյութերն օգտակար են միայն թարմ վիճակում, անգամ պահպանման կարճ ժամկետում (բացառությամբ բազուկի հյութի) դրանք սկսում են փչանալ։ Վաճառվող գրեթե բոլոր բնական հյութերն օգտակար չեն։
Կարդացեք նաև
Բնական քամված հյութերը մարսողական համակարգի համար անհրաժեշտ սննդային մանրաթելեր՝ պեկտիններ են պարունակում։
Պեկտիններով հատկապես հարուստ են խնձորի, նարնջի, լոլիկի հյութերը։ Պեկտինով և առհասարակ բջջանյութով են հարուստ նեկտարները, որոնք ստացվում են խիտ պտղամիս ունեցող մրգերից՝ բանանից, ծիրանից, դեղձից և սալորից։
Մրգերի հյութերը մաքրում են օրգանիզմը, իսկ բանջարեղենի հյութերը՝ վերականգնում։
Գարնանն ու ամռանը նաև օգտակար են դեղաբույսերից ու կանաչիի տարբեր տեսակներից ստացվող հյութերը։
Բանջարեղենի տեսակներից ավելի կիրառելի են գազարի, բազուկի, կաղամբի ու կարտոֆիլի հյութերը։
Գազարի հյութը խթանում է բջիջների աճն ու բաժանումը, կարգավորում նյութափոխանակությունը, ամրացնում իմունիտետը։ Պրովիտամին A-ն (կարոտին) խթանում է սպիտակուցի սինթեզը՝ նպաստելով աճի արագացմանը․ ահա թե ինչու է գազարի հյութը խորհուրդ տրվում հատկապես երեխաներին։
Գազարի հյութը բարելավում է աղիների գալարակծկանքը, նպաստում լյարդի, լեղապարկի ու միզապարկի գործունեությանը, դուրս բերում օրգանիզմից ավելորդ հեղուկը։
Բազուկի հյութը հարուստ է վիտամիններով, իսկ հանքանյութերից պարունակում է ֆոսֆոր, կալիում և ծծումբ, որոնք անհրաժեշտ են էրիթրոցիտների ձևավորման և արյան որակի բարելավման համար։ Բազուկի հյութը հարուստ է յոդով, մագնեզիումով։
Որոշ մարդկանց մոտ բազուկի հյութի սկզբնական օգտագործումը կարող է գլխապտույտ և սրտխառնոց առաջացնել, ուստի սովորելու համար պետք է սկսել այն խմել գազարի հյութի հետ 1:3 հարաբերակցությամբ, այնուհետ աստիճանաբար ավելացնել բազուկի հյութի չափաբաժինը։
Բազուկի հյութը միակ հյութն է, որն օգտագործելուց առաջ պետք է 3 ժամ պահել սառնարանում։ Դրական արդյունք ստանալու համար խորհուրդ է տրվում օրական օգտագործել 1-1,5 բաժակ բազուկի հյութ։ Այն խորհուրդ է տրվում ըմպել երեկոյան, քանի որ ամրացնում է նյարդային համակարգը, օգնում անքնության և նևրոզների դեպքում։
Կաղամբի հյութը մեծ քանակությամբ ծծումբ, յոդ ու քլոր է պարունակում, որոնց շնորհիվ լավ մաքրում է ստամոքսի ու աղիների լորձաթաղանթը, պաշտպանում լորձաթաղանթը խոցերի առաջացումից։ Որոշ մարդկանց դեպքում կաղամբի հյութը կարող է ավելորդ գազագոյացման տեսքով կողմնակի ազդեցություն թողնել։
Հում կարտոֆիլի հյութը պրոֆիլակտիկ հրաշալի միջոց է։ Այն շատ լավ է ազդում մարսողական համակարգի վրա, հատկապես գազարի հյութի հետ համադրությամբ։ Այն նպաստում է ստամոքսի մի շարք հիվանդությունների ախտանշանների թեթևացմանը, որը զգացվում է հյութն ընդունելուց հետո մի քանի օր անց։
Կարտոֆիլի հյութը կարելի է խմել միայն հուլիսից փետրվարն ընկած ժամանակահատվածում, քանի որ դրանից հետո կարտոֆիլի մեջ կուտակվում է սոլանին թունավոր նյութը։
Կարտոֆիլի հյութ խմելու ընթացքում խորհուրդ է տրվում սննդակարգից հանել աղի և համեմված մթերքները, մսային ապուրներն ու արգանակները։
Աղբյուր՝ Ելենա Սկլյանսկայա, բ․գ․ թ․
Պատրաստեց՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ