Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյոք պաշտոնյաները, որոնք ժամանակին հեղափոխական էին ներկայանում, այսօր չեն սկսել գործել հին ու բարի մեթոդներով». Հայկ Մարության

Օգոստոս 08,2023 13:10 Share

«Վերջին շրջանում, տարբեր վայրերում ինձ մոտենում են մեր քաղաքացիները եւ հարցնում են՝ արդյոք Երեւանի քաղաքապետի ընտրություններին առաջադրելու եմ իմ թեկնածությունը… Պատասխանս միշտ նույնն է՝ դեռ չեմ որոշել»,-ֆեյսբուքի իր էջում ուղիղ միացմամբ հայտնեց դերասան, հումորիստ, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մի կողմում իմ անձնական կյանքն է, ընտանիքս, մասնագիտական գործունեությունը, մյուս կողմում՝ Երեւանը, երեւանցիները, քաղաքի դեռ չլուծված խնդիրները, հասարակության հիասթափությունը՝ առկա իրողություններից: Եվ երբ հաճախ քննարկում ենք այս թեմաներով, ինձ ասում են՝ Հայկ ջան, բա քեզ պե՞տք է, քո համար առոք, փառոք, ապրում ես, սերը, հարգանքը, բարեկեցիկ կյանքը…

Ընդ որում, էդ նույնն ինձ ասում էին 2008թ-ին, երբ մասնակցում էի ընդդիմության հանրահավաքներին, նույնը ասում էին տրանսպորտի թանկացման դեմ պայքարի ժամանակ, Երեւանի կանաչ տարածքների ցույցերի ժամանակ, նույնը ասում էին 2018թ հեղափոխության ժամանակ… Մի խոսքով՝ միշտ: Եվ առաջին հայացքից այս խոսքերի մեջ կա տրամաբանություն, բայց դա միայն առաջին հայացքից: Որովհետեւ մարդը չի կարող ոչ անձնական, ոչ էլ ընտանեկան բարեկեցություն ունենալ, երբ շրջապատդ անբարեկեցիկ է: Չի կարող մարդը առողջ կյանք վայելել, երբ հարեւանդ անառողջ է, չի կարող լինել անձնական երջանկություն, երբ համայնքդ եւ երկիրդ երջանիկ չեն: Հետևաբար` չենք կարող անտարբեր մնալ մեր կողքինների ճակատագրի նկատմամբ»,-ասում է Մարությանը;

Նա ասում է՝ չենք կարող չպայքարել երեխաների եւ ժողովրդի ապագայի համար: Ու հավելում է, որ նախորդ անգամներն առանց երկմտելու մտել է այդ պայքարի մեջ. «Բայց արդյոք այսօր այդ պայքարը ավարտվա՞ծ է, արդյոք այսօր մեր երկրում պրոցեսները արդար են ու թափանցիկ, արդյոք մայրաքաղաքի կառավարումն արդյունավետ է եւ ի նպաստ երեւանցու, արդյոք պաշտոնյաները, որոնք ժամանակին հեղափոխական էին ներկայանում, այսօր չեն սկսել գործել հին ու բարի մեթոդներով, արդյոք մենք հասել ենք այն ամենին, ինչի համար ոտքի ենք կանգնել 2018թ…Իհարկե, ոչ: Ուստի պայքարն ավարտված չէ, այդ հարցին՝ բա քեզ պետք ա, ես միանշանակ պատասխանում եմ՝ այո, ինձ պետք է»:

Ավելի ուշ Հայկ Մարությանը շեշտում է. «Հայտարարում եմ, որ իմ թիմի հետ միասին մասնակցելու ենք Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին, մեր թիմը չունի մեծ գումարներ, չունի սեփական օլիգարխներ, չունի լրատվամիջոցներ, վարչական լծակներ: Մեր միակ հարստությունը դուք եք, երեւանցիներ: Մենք համոզված ենք, որ մեր քաղաքի բախտը չեն կարող որոշել անհասկանալի եւ պատահական մարդիկ, միակ որոշողը դուք եք: Մենք միասին ամեն ինչ կարող ենք, որովհետեւ դա մեզ բոլորիս պետք ա»:

Հիշեցնենք, որ Հայկ Մարությանը սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցի Հայկ Գրիգորյանի գլխավորած Ազգային առաջընթաց կուսակցության ցուցակով: Այդ կուսակցությունը ստեղծվել է 2018 թ. մի խումբ քաղաքացիական ակտիվիստների ու հանրային գործիչների կողմից։ Կուսակցության գաղափարախոսությունն է սոցիալ-լիբերալիզմը։ Կուսակցության հիմնադիրները տարբեր հասարակական, քաղաքական ու սոցիալական շարժումների անդամներ են, այդ թվում՝ «Դեմ եմ», «Էլեկտրիկ Երևան», «Մենք ենք տերը մեր երկրի»։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garo says:

    Իհարկե սկսել են: Ու էտ մեթոդներիցա, գրպանային ընդիմադիրներ բուծելը:
    Իրական ընդիմությունից ձայներ փախցնելու ու ընտրության պրոցեսը անլրջացնելու նպատակով:

    Քաղաքապետի ընտրություններում արդեն տեսնում ՔՊ -ի արբանյակ ուժերին ընդիմության անվան տակ: Մեկն էլ դու ես:

    Բայց դուք շատ հաց ու պանիր պետք ուտեք Արտաշես Գեղամյանին պես ընդիմություն աշխատելու համար: Տենց բնական քլնգեք իշխանությանը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031