Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի խնդիրը դարձավ տարածքային ամբողջականության հարց, քանի որ մենք ժամանակին հարց չդրեցինք, որ փախստականների առկայության միակ պատճառը ցեղասպանությունն է»․ Մարիամ Ավագյան

Օգոստոս 09,2023 20:40

«Իլհամը, ակտիվացնելով այսպես կոչված «Արեւմտյան Արդբեջանի» պրոյեկտը, ստիպում է մեր իշխանություններին տեղից շարժվել եւ մեր փախստականների խնդիրները լուծել։ Եթե Իլհամը հանկարծ այդ հարցերը չբարձրացներ, նույնիսկ Արցախից մեր ունեցած փախստականների խնդիրներին պատշաճ ուշադրություն չէր դարձվի»,- այս մասին այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։  

Նա նշեց, որ փախստականների հարցերով հանդիպումներ են նախատեսված տարբեր գերատեսչություններում։ «Մենք ունենալու ենք հանդիպումների շարք, արդեն մեկ հանդիպում ունեցել ենք Մարդու իրավունքների պաշտպանի մոտ, սա երկրորդ հանդիպումն է՝ սոցապ նախարարությունում, ուրբաթ օրը արդարադատության նախարարությունում կունենանք հանդիպում։ ՄԻՊ-ի մոտ պահանջներ էինք առաջ բերել, որ փաստացի Հայաստանի Հանրապետությունը խախտում է փախստականների իրավունքը, քանի որ չունի պետական օղակ, որը կզբաղվի փախստականների հարցով, եւ ՄԻՊ-ը խոստացավ, որ ինքը քննարկում կկազմակերպի։ Ենթադրում եմ, որ ուրբաթ օրը արդարադատության նախարությունում հանդիպումից հետո կգնանք ՄԻՊ-ի հետ հանդիպման, որտեղ կլինեն նաեւ նախարարությունների ներկայացուցիչներ»,- ասաց նա։

Հարցին, թե քանի՞ փախստական է հաշվառված Հայաստանում, Մարիամ Ավագյանը պատասխանեց․ «Միգրացիոն ծառայության նախկին պետը՝ Եգանյանը, 2011 թվականին մի այսպիսի թիվ դրեց շրջանառության մեջ, որ մոտ 85 հազար մարդու ստիպելով շնորհել են Հայաստանի քաղաքացիություն։ Եվ այդ օրերին մոտ 800 հոգի պետք է մնացած լինեին որպես փախստականի կարգավիճակ ունեցող մարդ, նկատի ունեմ 1988-92 թվականների փախստականներին։ Ենթադրում եմ, որ հիմա այդ 85 հազար քաղաքացիություն ստացած անձանցից բավական մարդիկ կամ մահացել են, կամ տեղափոխվել են, նույնը վերաբերում է փախստականի կարգավիճակ ունեցողներին։ Այսինքն՝ այդ թվերը Հայաստանի կառավարություններին չի հետաքրքրել, այն ժամանակ էլ Եգանյանը մոտավոր թիվ էր ասում, կոնկրետ ուսումնասիրություններ չկան։ Ինչ վերաբերում է Արցախից տեղափոխվածներին, 2021 թվականին ՄԱԿ-ն իր կայքում տեղադրել է, որ Արցախից Հայաստանում 26 750 փախստականին մոտ կարգավիճակով անձ կա»։

Նա հավելեց․ «Այսօրվա հանդիպման ժամանակ մենք հակադարձ հարց դրեցին՝ ինչո՞ւ եք մեզ կանչել, ինչպե՞ս եք մեր տված ինֆորմացիան օգտագործելու, ի՞նչ մեթոդաբանությամբ ու նպատակով։ Բայց ես կարծում եմ, որ եթե իրենք ունենան ստեղծագործական ու պետականամետ մոտեցում, ապա մեր այս խոսակցությունից բավական մեծ բազա կձեւավորեն։ Այսինքն՝ մենք կարող ենք բավական տվյալներ տալ պետությանը, իրենք մշակեն պետական ծրագիր»։

Մարիամ Ավագյանի խոսքով՝ Հայաստանում փախստականների պարտադրված ինտեգրում է տեղի ունեցել, մարդկանց պարտադրված ՀՀ քաղաքացիություն են շնորհել, եւ այսօր Հայաստանը քաղաքական դաշտում տանուլ է տալիս, որովհետեւ Ադրբեջանը պահել է ադրբեջանցիների փախստականի կարգավիճակը, այսօր էլ ինչ-որ թվեր է հորինում։

Մարիամ Ավագյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը քաղաքական քայլեր պետք է անի։ «Արցախի խնդիրը դարձավ տարածքային ամբողջականության հարց, որովհետեւ մենք ժամանակին հարց չբարձրացրեցինք, թե ինչն է պատճառը, որ մենք ունենք փախստականներ։ Փախստականների առկայության միակ պատճառը ցեղասպանությունն է, հիմա հանկարծ Արցախի Հանրապետության նախագահն ուշքի է եկել ու աջ ու ձախ ասում է՝ արդյո՞ք Արցախի դեմ իրականացվում է ցեղասպանություն։ Ինչո՞ւ Արցախի դեմ նո՞ր է ընթանում ցեղասպանություն, Մարաղայի կոտորած եղավ, դա Արցախի դեմ ցեղասպանությո՞ւն չէր։ Այսինքն՝ եթե մենք հիմքը դնեինք, որ մեր փախստականները ձեւավորվել են ցեղասպանության կանխման հետեւանքով, այսօր Արցախի կարգավիճակի հարց չէր լինի, հայության փրկության հարց կլիներ։ Եվ տարածքային ամբողջականությունը դեմ չէին տա, կտային մարդկության փրկության հարցը։ Մենք ցեղասպանությունից չենք խոսել, վարչապետը պատերազմի ժամանակ մեկ անգամ ասաց՝ ցեղասպանական ագրեսիա է սա, հետո մոռացավ։ Այսինքն՝ մենք անընդհատ հետ ենք քաշվել, դրա համար Արցախի խնդրում մենք վտանգված ենք, Զանգեզուրի խնդրում վտանգված ենք»,- ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031