Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուր բանաստեղծություն զարմանալի եւ առեղծվածային պատկերների պայթյունի վայր է»

Սեպտեմբեր 11,2023 12:00

«Առավոտի» զրուցակիցը Մարսելի Խաչատուր Աբովյանի անվան հայկական վարժարանի  տնօրեն, բանաստեղծ, թարգմանիչ Կարեն Խուրշուդյանն է։

– Կարեն, վերջերս հայերեն թարգմանությամբ ընթերցողի դատին հանձնեցիք Պոլ Էլյուարի «Ցավի մայրաքաղաք, որին հաջորդում է Սեր պոեզիա» բանաստեղծական ժողովածուն։ Ինչո՞վ էր պայմանավորված ընտրությունը։

– 27 տարեկան էի, արագընթաց գնացքով գնում էի Փարիզ, լսելով Ազնավուրի «Մեռնել հանուն սիրո» երգը, իմ ճանապարհորդության մթնշաղին իմացա Գաբրիել Ռուսիեի ողբերգական պատմությունը եւ արձագանքը. Ելիսեյան պալատում նորընտիր նախագահ Ժորժ Պոմպիդուի, ով մեջբերում է մի հատված Պոլ Էլյուարի հասարակական կարծիքը տապալող բանաստեղծությունից, որը գրվել էր 1944 թվականին՝ ի պաշտպանություն սափրված գլուխներով կանանց: Լինելով դիմադրության շարժման խորհրդանշական կերպար եւ գրելով այս բանաստեղծությունը՝ Պոլ Էլյուարը լինելով մտքի մի հոսանքի մաս, հակասում է ընդհանուր հասարակական զգացողությանը: Նվաստացմանը բանաստեղծի հետ միայն Սարտրը եւ որոշ մտավորականներ ընդդիմացան: Ազատագրման ժամանակ մարդիկ տարիներ շարունակ պարզապես ապրել էին դաժանություններ եւ անողոք աչք էին գցում նրանց վրա, որոնք համարվում էին մեղավորներ: Միայն հետահայաց նայելով եւ ժամանակի ընթացքում ընձեռված հանգստությամբ է, որ հասարակությունն այս կանանց նկատմամբ ավելի ներողամիտ կգտնվի՝ կա՛մ կհամարի որպես միամիտ սիրահարներ, կամ պատերազմի պարզ զոհեր: Բանաստեղծն ազատագրմամբ ոգեշնչված անարդարության եւ անզորության ճիրաններում գտնվող կանանց հալածանքներց ընդվզեց հասարակության դեմ իր ստեղծագործությամբ:

Ահա այդ քաջությունն ու հայացքներն ինձ ոգեւորեցին հայ ընթերցողի դատին հանձնել «Ցավի մայրաքաղաք» հավաքածուն, որի վերաբերյալ  Անդրե Բրետոնը գովաբանում է՝ ասելով, որ «հոյակերտ, սրտապատառ բաբախումն է»: Եվ իսկապես, սկզբնական վերնագիրն էր «Դժբախտ լինելու արվեստը»: Հավաքածուն ներառում է նորարարական սյուրռեալիստական գեղագիտություն: Յուրաքանչյուր բանաստեղծություն զարմանալի եւ առեղծվածային պատկերների պայթյունի վայր է: Քանզի հայ գրականության ներկապնակում պակասում էին սյուրռեալիստական ստեղծագործությունները, ձեռնամուխ եղա թարգմանել, բառացի հավատարիմ մնալով բնագրին ու բանաստեղծի ներաշխարհին:

Իր խոսքում լիցքավորված մաքրությամբ ու հուզիչ միամտությամբ է բանաստեղծը նկարագրում երազային աշխարհը, որտեղ սիրո գովեստն անծայրածիր է:

Վերջապես, երբ Եվրոպան շղթայված էր, Էլյուարը գրեց.
«Եվ մեկ բառի կարողությամբ
Վերսկսում եմ կյանքս նորից
Ծնվել եմ որ քեզ ճանաչեմ
Քեզ անվանեմ
Ազատություն»։

Այս բառը ներառում է աշխարհի բոլոր ապրումները, ըստ իս, այն գլխավոր իրողությունը, որ ես սիրում եմ Ֆրանսիան…

– Այս գիրքը թարգմանելիս հաշվի՞  եք առել լեզվական նրբությունները: Ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել։

– Ամենադժվարն է ներթափանցել ֆրանսիացու դադաիստական, հետո սյուրռեալիստական զարմանահրաշ աշխարհը եւ Էլյուար հայերեն թարգմանելու առաջին ընդարձակ փորձով։ Համառոտ եւ հստակ գրելու համար բառերի զգույշ ընտրությունը հիմնարար է նույնիսկ արձակ գրողների համար, բայց բանաստեղծներից շատ ավելին է պահանջվում, հաշվի առնելով բառի հուզական հատկությունները, երաժշտական արժեքը, նույնիսկ շնչառության ռիթմը:

Էլյուարի մոտ հանգերը բացակա են, բայց կա ուղեկցող երաժշտություն, չմոռանամ ասել, որ բացակայում են նաեւ կետադրական նշանները, որն էլ իր հերթին ինձ ստիպեց երազել իմաստի վարկածներ ստեղծելու մասին։ Թարգմանեցի համեմատելով ռուսերեն, անգլերեն տարբերակների հետ, իսկ որ ամենակարեւորն էր, հենվեցի ամեն ստեղծագործության համար արդեն իսկ գոյություն ունեցող փիլիսոփայական ու գիտական վերլուծական էսսեների վրա:

– Ինչպիսի՞ն է Էլյուարի գեղարվեստական աշխարհը, հակասությունները գերակշռո՞ւմ են։

– Բանաստեղծություններն առհասարակ սուբյեկտիվ են, քանի որ դրանք հեղինակի զգացմունքների արտահայտությունն են, բայց կարող են նաեւ փոխել տեսլականը՝ ընթերցողի մեկնաբանության համաձայն: Էլյուարն իր ողջ կյանքի ընթացքում պաշտպանել է պացիֆիստական արժեքները։ Իսկապես, նա հանրաճանաչ է դարձել իր երիտասարդության տարիներին, երբ 1914 թ.-ի ճակատում որպես բուժակ ներգրավվել է եւ այդպիսով զորավարժություններ կատարել զինվորական հոսպիտալում: Սերտորեն շփվում է պատերազմի սարսափների, ատելության, մարդու մութ կողմերի հետ եւ սրտում պահպանում է ոգին ապստամբության, որն իրեն առաջնորդում է դեպի գաղափարական նվիրվածություն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Էլյուարի անունը կապված է նացիստների ներխուժման դեմ պայքարի հետ։ Եվ հենց ինքն էր այն նույն Ազատության ռահվիրան, որը ընդդիմացավ հասարակական գերակշռող կարծիքին:

– Ցանկանում եմ անպայման շեշտել, որ դուք նաեւ գրող եք, ինչը, կարծում եմ՝ օգնել է թարգմանության ընթացքում՝ ավելի խորքային բացահայտումների, գեղարվեստական մտքին առնչվելու եւ ճիշտ դիտակետից ներկայացնելու գործում։ Սակայն հետաքրքիր է՝ ձեր գրող լինելը խանգարող հանգամանքներ ստեղծե՞լ է թարգմանության ընթացքում։

– Ամենայն անկեղծությամբ կարող եմ ասել, որ պոեզիան, ցավոք, դժվար է թարգմանել մի լեզվից մյուսը, հետը տանելով դարի կշիռն ու բնագրի ամբողջ նորուժն ու շեշտը, բացառություն կարող են լինել փոխադրումները, որտեղ գեղեցկությունն ավելի շատ գաղափարների հավասարակշռության մեջ է, քան հատուկ բառապաշարի:

Պոեզիայի մեծ մասում ամենակարեւորը բառերի ծանրությունն է, ենթատեքստերն ու «ուղեբեռը»: Նշանակության այս երանգները կարող են դժվար մեկնաբանվել եւ կարող են տարբեր ընթերցողներ մեկնաբանել բանաստեղծությունները տարբեր ձեւերով առհասարակ, իսկ Էլյուար, կամ սյուրռեալիստական ստեղծագործոթյունները՝ մասնավորապես: Այո, հարկավոր է լինել գրող, կրկնակի գրող, ավելի քան իրազեկ եւ ստեղծագործողի գրած գործին, եւ նրա ապրումներին, եւ նրա արժեքներին… Միեւնույն ժամանակ մնալով հավատարիմ եւ բնագրին, եւ ազնիվ օբյեկտիվությամբ բանաստեղծական ամբողջ եւ լիարժեք հույզերը հաղորդելուն: Այո, երբեմն բարկանում էի, մի կողմ նետում, սակայն կրկին վերցնում էի գրիչս ու հնազանդորեն շարունակում… Իսկ երբեմն էլ, լուսաբացին,  մնում էր ընդամենը մեկ սուրճ խմելու ժամանակ, աշխատանքից չուշանալու համար…

– Ի՞նչ գրական նորություններ են սպասվում։ Նոր գիրք, թարգմանություն…

– Այո, հայ ընթերցողի համար ունեմ մի քանի անակնկալ, շուտով, շատ շուտով, մինչեւ տարվա վերջ  նրա սեղանին կլինեն շատ կարեւոր աշխատություններ:

Զրուցեց

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930