«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր քվեարկեց Երեւանի 9/53 տեղամասում։ Լրագրողների հետ զրույցում Ավինյանն ասաց․ «Ես քվեարկել եմ հանուն Երեւանի շարունակական զարգացման, հանուն մեր եւ մեր երեխաների ապագայի եւ ավելի լավ քաղաքի»։




Դիտարկմանը, որ ընտրացուցակներում նաեւ 229 հանգուցյալների անուններ կան, նա արձագանքեց․ «Թափանցիկության տեսանկյունից ընտրություններ են, ցուցակները բաց են եղել, եւ վստահաբար կարող են լինել նաեւ անճշտություններ։ Բայց նաեւ ընտրություններից հետո կարելի է ստուգել՝ ովքեր են գնացել ընտրությունների, եւ արդյոք այդ անճշտություններով հանդերձ մարդիկ գնացել են, եւ դիմացը ստորագրություն եք տեսնում»։
Կարդացեք նաև
Ավինյանը նշեց, որ նախ եւ առաջ այսօր պետք է լսել, թե երեւանցիներն ինչ են ասում, եւ արձանագրել այն արդյունքները, որոնք երեւանցիներն ընտրությունների միջոցով կգրանցեն։ «Դրանց հետո արդեն կարելի է խոսել այլ ուժերի հետ համագործակցության մասին»,- հավելեց նա։
Ավինյանը նաեւ նշեց, որ այս ընտրությունների կազմակերպման մասով շատ-շատ մեղադրանքներ ուղղակի անհիմն են։ «Անընդհատ խոսում են վարչական ռեսուրսի կիրառումից, եկեք 2017 թվականի ընտրությունների մասնակցության արդյունքները նայեք եւ այս տարվա մասնակցության արդյունքները նայեք։ Եթե մենք իրականում վարչական ռեսուրս կիրառեինք, ձեր կարծիքով ժամը 11-ի դրությամբ մենք 5․78 տոկոսի փոխարեն 12 տոկոս չէինք ունենա՞, իհարկե, կունենայինք։ Բայց այդ ժամանակները շատ վաղուց անցնել են, հետեւաբար, անընդհատ այդ հին թեզերը, նորից բերել, փորձել շրջանառել, ինձ թվում է՝ ժողովուրդն է արդեն հոգնել դրանից»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































