Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախենում եք բանավեճի գնալ, որովհետեւ կարող է պարզվի, որ էլի ոչ թե ձեր, այլ ուրիշի ձայնով եք խոսում, ուրիշ տեղ գրած սցենարով եք խաղում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Հայկ Մարությանին

Սեպտեմբեր 15,2023 21:21

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքում  վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քաղաքապետի թեկնածու, «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակը գլխավորող Հայկ Մարությանի հայտարարություններին։

«Ուզում եմ իմ տարակուսանքը հայտնել այն մարդկանց նկատմամբ, ովքեր արհամարհեցին բանավեճի հարթակը։ Բեմում միայնակ կանգնել, վարչապետի ձայնը նմանակելով՝ խոսել, դա վատ չէ։ Սա հեղափոխության արժեք է, սա ազատություն է, որ հանրապետության բոլոր բեմերն ու հրապարակներն ազատ են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար։ Եվ սա ժողովրդական, ոչ բռնի թավշյա հեղափոխության ամենամեծ արժեքն է։ Բայց հեղափոխության արժեք է նաեւ քաղաքական բանավեճը։ Ես երկու անգամ՝ որպես ՀՀ վարչապետ, մասնակցել եմ բանավեճերի, որովհետեւ բանավեճին մասնակցելը հարգանք ու խոնարհում է ընտրողի առաջ։ Բանավեճից հրաժարվելը արհամարհանք ու քամահրանք է ընտրողի նկատմամբ։ Բա հարցեր եք բարձրացնում, բա մեղադրանքներ եք հնչեցնում, դե գնայիր, նայեիր ՔՊ կուսակցության ներկայացուցչի աչքերի մեջ ու շպցնեիր ասելիքդ։ Բայց դուք աչքերի մեջ նայել չգիտեք, որովհետեւ չեք կարող, որովհետեւ բարոյական փախստականները չեն կարողանում նայել ուրիշների աչքերի մեջ։ Բա ինչո՞ւ չեք գնում բանավեճի, որովհետեւ վախենում եք, որ կարող է պարզվի, որ էլի ոչ թե ձեր, այլ ուրիշի ձայնով եք խոսում, կարող է պարզվել, որ ուրիշ տեղ գրած սցենարով եք խաղում։ Եվ մեզ էլ ասում են՝ նախկիններից չեք տարբերվում։ Դուք չեք տարբերվում նախկիններից, բա նախկինը ո՞նց է լինում։ Էդ նախկիններն էին, որ ասում էին՝ մենք բանավեճի չենք գնում, մենք բանավիճելու բան չունենք։ Դա մաքուր ընտրակեղծարարի, բռնակալի, ուզուրպատորի, դավադիրի մոտեցում է։ Ժողովրդի ծառան չի կարող չկանգնել ժողովրդի առաջ»,- ասաց Փաշինյանը։

Նա անդրադարձավ նաեւ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար, քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանի հայտարարությանը։ «Բանավեճի չգնացող մեկ ուրիշն էլ երեւանցիներին կոչ է անում՝ «ձեր քվեներով կրակեք»։ Բա գնայիր բանավեճի, բանավեճում քո խոսքով կրակեիր, դու ուրիշներին կրակելու կոչ ես անում ու փախնում քաղաքական դուելից, այ վախկոտ դասալիք»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ բանավեճերը պետք է դարձնել պարտադիր, եւ բանավեճին մասնակցելուց հրաժարվողների գրանցումն օրենքով պետք է չեղյալ արվի։ «Բայց ես կարծում եմ, որ երեւանցիներն իրենց քվեարկությամբ բանավեճը եւ երեւանցիներին արհամարհողներին պետք է զրկեն Երեւանի քաղաքապետի թեկնածուի գրանցումից։ Դուք այդ հնարավորությունն ունեք»,- հայտարարեց Փաշինյանը։

Ավելի ուշ Անդրանիկ Թեւանյանը պատասխանեց Փաշինյանին։ Դիտեք տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930