«Ուզում եմ սկսել մեզ համար ամենաողբերգական, ամենացավալի դրվագից, երբ որ Արցախի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի վրա բարձրացավ Ադրբեջանի դրոշը, եւ Ալիեւը այլեւս շրջում էր Ստեփանակերտի նախագահական նստավայրով: Միայն Ստեփանակերտի վրա չբարձրացավ Ադրբեջանի դրոշը, Ադրբեջանի դրոշը երեկ բարձրացավ Երեւանի վրա, բարձրացավ մեզանից յուրաքանչյուրի տան վրա, մեզանից յուրաքանչյուրի երեխայի օրորոցի վրա, բարձրացավ Հայաստանի բոլոր բնակավայրերի վրա: Եվ ովքեր սա չեն հասկանում եւ շարունակում են սոցիալական ցանցերով պատերազմել այս ողբերգության դեմ՝ իրական պատերազմը, ներքին եւ արտաքին թշնամիների հետ թողած, ինչ ասեմ, շարունակեք այդպես:
Թող Ալիեւը Ստեփանակերտում, հայկական բնակավայրերում ու քաղաքներում բարձրացնի Ադրբեջանի դրոշ, դուք ֆեյսբուքում շարունակեք բարձրացնել հայկական, Արցախյան դրոշը »,-«Հայելի» ակումբում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Դուք հասկանում ե՞ք՝ թշնամին հստակ ճանապարհային քարտեզով իրականացնում է իր պատմական երազանքը, հիմա զավթելու է նաեւ Հայաստանը, իսկ մենք շարունակում ենք ֆեյք, անիմաստ, անամոթ, ռաբիս, անմակարդակ, ասֆալտի, ֆեյսբուքյան հայրենասիրությամբ հիբրիդային այս պատերազմում փորձել հակազդել իրական թշնամու իրական գործիքներին»:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ նոր է վերադարձել Ֆրանսիայից, եւ թե Փարիզում, թե Ստրասբուրգում տարբեր միջազգային ինստիտուտներում հանդիպումներ է ունեցել, թե Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ հարցեր է քննարկել, թե փորձել է հայ ռազմագերիների հարցերը հնչեցնել: Նաիրա Զոհրաբյանի խոսքով, մինչեւ այս պահը ճշտված չէ՝ այդ թվում՝ երրորդ, սեպտեմբերյան Արցախյան պատերազմից քանի՞ գերեվարված անձ ունենք Ադրբեջանում:
«Ամեն օր ինձ դիմում են ծնողներ, ասում են՝ իմ որդին ոչ զոհերի մեջ է, ոչ վիրավորների մեջ: Խոսքը Արցախյան երրորդ պատերազմի մասին է: Ծնողների կողմից ինձ փոխանցված եւ իմ ունեցած բոլոր տվյալները փոխանցել եմ եվրոպական կառույցներին: Մինչ այս պահը որեւէ հուսադրող բան չկա, որովհետեւ թե ԵԽ նախարարների կոմիտեն, թե եվրոպական մյուս կառույցները չեն կարողանում Ադրբեջանից ստանալ տեղեկատվություն այն մասին, թե որքան է վերջին պատերազմում գերեվարված մեր զինվորների եւ քաղաքացիական անձանց թիվը: Հանդիպել եմ նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր ներկայացուցիչների հետ՝ հորդորելով գոնե վերջապես դուխ ունենալ եւ գնալ Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական Արցախ, փորձել փրկել Արցախի մշակութային կոթողները: Ցավոք, առ այս պահը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ասում է՝ չունենք Ադրբեջանի համաձայնությունը»,-հավելում է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































