Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունները լավ հասկանում են, որ շատ վատ կլինի, եթե Ռուսաստանին թշնամացնենք, դրա համար են անորոշ հայտարարություններ անում»․ Ռուստամյան

Նոյեմբեր 22,2023 16:48

Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն անդրադարձավ հարցին, որ ՀՀ ԱԳ եւ Պաշտպանության նախարարները չեն մասնակցի ՀԱՊԿ նիստին։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել էր,  որ դեկտեմբերին ինքն էլ չի մասնակցելու ՀԱՊԿ միջոցառումներից մեկին, բայց դա չի նշանակում, թե Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։

Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի սա, Արմեն Ռուստամյանն պատասխանեց․ «Իսկ իրե՞նք սա ինչպես են մեկնաբանում, որ ոչ մի տեղ չեն մասնակցում, բայց դա նշանակում է, որ իրենք դուրս չեն գալիս ՀԱՊԿ-ից։ Ասացինք՝ դեմա՞րշ է, ասացին՝ չէ, դո՞ւրս եք գալիս, ասացին՝ դուրս չեն գալիս, բա սա էլ ի՞նչ անուն պետք է ստանա։ Պարզ է, որ ակնհայտ դեմարշ է կատարվում։ Եվ դա շարունակությունն է նույն քաղաքականության, ինչ Հայաստանի իշխանություններն իրականացնում են։ Նաեւ գտել են իրենց կարծիքով շատ հիմնավոր բացատրություն՝ ասելով, որ ՀԱՊԿ-ը գալիս է այստեղ՝ իր ներկայությունն ապահովելու, որոշակի համաձայնություն այդ հարցով կա, ՀԱՊԿ-ն էլ իր հերթին հայտարարում է, որ օրակարգում է այդ հարցը, քննարկում ենք տեխնիկական հնարավորությունները, բայց Հայաստանը շարունակում է դա մերժել՝ ասելով՝ քանի որ իրենք չեն հստակեցնում, թե ուր են գալիս, ինչպե՞ս են գալիս։ Հիմա հարցը կարելի է այլ կերպ ձեւակերպել, եթե իրենք գալիս են, չգիտեն ուր են գալիս, բա ո՞նց են գալիս։ Այսինքն՝ եթե գալիս են, գիտեն ուր են գալիս, չէ՞։ Ինչպե՞ս կարելի է դա դարձնել ինչ-որ հիմնավոր ձեւակերպում ու տիրաժավորել։ Գալիս են, լավ էլ գիտեն՝ ուր են գալիս»։

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ քանի դեռ սահմանազատման ու սահմանագծման հարցերը չեն լուծվել, ֆորմալ առումով բոլորն էլ կարող են ասել՝ մենք չգիտենք, թե կոնկրետ որտեղ է սահմանը։ «Մենք ինքներս այդ սահմաններն ու քարտեզը ճշգրտած չունենք։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում՝ թող ասեն ուր են գալիս, նոր գան։ Իրենք գալիս են, այդտեղ էլ կերեւա՝ ուր են գալիս։ Չեմ կարծում, որ որեւէ տրամաբանական բացատրություն գոյություն ունի, պարզ է, որ կա քաղաքականություն՝ թե վեկտորի փոփոխության, որի մասին մենք խոսել ենք, թե ընդհանրապես անվտանգային համակարգի փոփոխության, որը մեզ համար խիստ վտանգավոր է։ Սա լուրջ խնդիր է առաջացնում, որովհետեւ հակամարտող կողմերն այսօր խնդիր ունեն միմյանց հետ, եւ այդ հակամարտությունը, առճակատումը պատերազմական իրավիճակ է, որը մենք տեսնում ենք, որ շարունակաբար գոյություն ունի Ուկրաինայի հարցով։ Եվ այստեղ ճամբար փոխել, այս ճամբարափոխությունն իրականացնել այս պահին, սա նշանակում է կռվի ժամանակ մի խրամատից անցնել մյուս խրամատ։ Այդ ընթացքում, բնականաբար, զոհեր կլինեն։ Հիմա մենք այս կռիվը տեղափոխում ենք փոքր Հայաստանի տարածք, մի՞թե չենք տեսնում, թե դա ինչ է նշանակում։ Մեր աչքի առաջ կա Ուկրաինայի օրինակը, Վրաստանի օրինակը։ Այս տրամաբանության մեջ ես իսկապես շատ լուրջ վտանգ եմ տեսնում»,- ասաց պատգամավորը։

Ըստ նրա՝ իշխանություններն անվտանգային համակարգը փոխելու քայլեր են անում՝ չհասկանալով, թե ինչ համակարգ է փոխարինելու ՀԱՊԿ-ին։ Նրա խոսքով՝ առայժմ միայն խոսքեր են հնչում եւ շատ թույլ քայլեր են կատարվում սպառազինության առումով, որը մեր մարտունակությունն ու անվտանգությունն ամբողջությամբ ապահովելու որեւէ երաշխիք չի տալիս։

Ըստ նրա՝ ՀԱՊԿ ասելով՝ առաջին հերթին Ռուսաստան ենք հասկանում։ Այդ կառույցում կոնսենսուսով են ընդունվում որոշումները, եթե կոնսենսուսն չի կայացել, ճիշտ չէ դա տարածել Ռուսաստանի վրա։ «Երկրորդ, մենք դժգոհում ենք, որ Ռուսաստանը լավ բարեկամ չեղավ մեզ հետ այս ընթացքում։ Կարծում եմ՝ իշխանությունները լավ հասկանում են, որ շատ վատ կլինի, եթե մենք Ռուսաստանին թշնամացնենք։ Սրա պատճառով են այս՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ անորոշ հայտարարությունները։ Բնական է, որ սա երկար չի կարող տեւել, կողմնորոշվելու խնդիր բոլոր կողմերից դրվում է, եւ այստեղ է, որ մեր վիճակը դրանով է վատանում։ Կամ-կամ-ի վիճակ է առաջանալու, Արեւմուտքն ասելու է՝ կամ իմ հետ ես, կամ իմ դեմ ես, Ռուսաստանն ասելու է՝ կամ իմ հետ ես, կամ իմ դեմ ես։ Սա է ամբողջ պրոբլեմը, այսօր աշխարհաքաղաքական առճակատումը բերել է դրան, չի ստացվի եւ-եւ-ի վիճակն իրականացնել, չնայած՝ Հայաստանը պետք է փորձի հենց դա իրականացնել, գտնել այն տեղը, որտեղ իր անվտանգային խնդիրներն է լուծում։ Կենսական իր շահից ելնելով՝ պետք է Ռուսաստանին ասի՝ այն, ինչ դու չես կարողանում անել, ես դա պետք է փոխհատուցեմ այլ ճանապարհով։ Սա ճիշտ ճանապարհ կլինի։ Երբ ասում եմ՝ դիվերսիֆիկացիա, իրականում դիվերսիֆիկացիա պետք է իրականացնել։ Դիվերսիֆիկացիա կլիներ, որ ասելով այս ամենը՝ գնային ՀԱՊԿ նիստերին մասնակցեին, այ դա կլիներ դիվերսիֆիկացիա։ Մեր պագոնները չեն ընկնի, եթե գնանք մասնակցենք այդ նիստին եւ ինչ ուզում ենք ասել, մեր դժգոհությունը եւս մեկ անգամ հիմնավոր հայտնենք»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930