Aravot.am-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբից փոխանցեցին, որ նոյեմբերի 26-ին, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, իրականացրել է ֆլեշմոբ` Դալմա Գարդեն Մոլում նվագելով Մորիս Ռավելի հայտնի «Բոլերոն»։
Ազգային ֆիլհարմոնիկի շուրջ 80 երաժիշտներ, անսպասելի դուրս գալով մոլի տարբեր խանութներից, հավաքվեցին առաջին հարկի սրահում ու մաեստրո Թոփչյանի ձեռքի մի շարժումով «Բոլերո»-ի կրակոտ, իսպանական ռիթմերը տարածվեցին ողջ մոլով մեկ` հիացմունք ու զարմանք պատճառելով այցելուներին։
Ֆլեշմոբը անսպասելի նախատոնական անակնկալ էր երևանցիներին եւ դասական երաժշտության տարածման գեղեցիկ ձեւաչափ: Իսկ դրա համար ընտրված ստեղծագործությունը` Ռավելի «Բոլերոն», նվագախմբային երկացանկի ամենասիրված ու տարածում գտած գործերից մեկն է: Այն հնչում է ֆիլմերում, թատերական ներկայացումներում, բալետային բեմադրություններում։ 1979թ-ին, հնչելով ամերիկյան ռոմանտիկ-կատակերգական «10» ֆիլմում, աննախադեպ տարածում գտավ։ Մասսայական վաճառքը 1 միլիոն դոլարի հոնորար բերեց և կայծակնային կերպով Ռավելին դարձրեց ամենավաճառվող դասական կոմպոզիտորը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: