Խաչատրյանի անվան 11-րդ միջազգային փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ դաշնակահար Ժան-Պոլ Գասպարյանը։ Նա կատարեց Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։ Ժան-Պոլ Գասպարյանն ընդգծում է‚ որ ուրախ է առաջին անգամ ներկայացնել այս ստեղծագործությունը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Նա նշում է‚ որ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտն իր մեջ ներառում է հայկական ազգային երաժշտության տարրեր. «Կոնցերտի երաժշտության մեջ կան մելանխոլիկ և միաժամանակ ռիթմիկ ելևէջներ։ Եվ այս միաձուլումը շատ գեղեցիկ է։ Ուրախ եմ‚ որ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը նույնպես ներառվեց իմ երկացանկում։ Խաչատրյանն աշխարհում ամենահայտնի հայ կոմպոզիտորներից է‚ նրա սիմֆոնիաները‚ կոնցերտները‚ բալետներն իրենց ուրույն տեղն ունեն համաշխարհային երաժշտարվեստում»։


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ


















































