Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ին կամակատարներ են պետք

Դեկտեմբեր 13,2023 10:00

Պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ բոլոր այն մարդիկ, որոնց նկատմամբ ես հարգանք ունեի, եւ որոնք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո չհրաժարվեցին իրենց պետական պաշտոններից, պատգամավորական իշխանական մանդատներից, կամ էլ, առավել եւս՝ ստանձնեցին այդ պաշտոններն ու մանդատները, ինձ մի թեթեւ հիասթափեցրել են: Եվ հակառակը՝ այն մարդիկ, որոնք կտրեցին իրենց կապերը պետական համակարգի հետ, հրաժարվեցին մաս կազմել խորհրդարանի իշխանական թիմին, ավելի բարձրացան իմ աչքում:

Ես հասկանում եմ, որ պետությունն ու իշխանությունը տարբեր բաներ են, մյուս կողմից, վստահ եմ, որ իշխանական համակարգում որեւէ տեղ զբաղեցնելը, բոլոր երկրներում, բոլոր իշխանությունների օրոք, այս կամ այն չափով վարկաբեկիչ է: Սակայն այդ երկու, իրար հակասող նկատառումները կիրառելի չեն ներկայիս Հայաստանի դեպքում: Որովհետեւ «դեպքն» ինքը արտառոց է. բոլոր նախորդ իշխանությունների սարսափելի մեղքերը չի կարելի անգամ համեմատել այն ազգային աղետի հետ, որը Հայաստանի, հայության գլխին բերել են Փաշինյանը եւ նրա թիմը: Այն, որ հայության մեծ մասը դա չի հասկանում, իրավիճակը չի փոխում:

Հայկուհի Հարությունյանը 2020 թվականի աղետից հետո շարունակում էր աշխատել պետական համակարգում, ղեկավարում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Դա հենց այն դեպքն է, երբ ես կցանկանայի, որ տվյալ անձնավորությունը պետական համակարգից դուրս գար, որովհետեւ չեմ կասկածում նրա պարկեշտությանը:

Բայց անցած շաբաթ եւս մեկ անգամ հաստատվեց, որ ՔՊ-ականներին պարկեշտ աշխատող պետք չէ՝ նրանց պետք է անձնապես նվիրված, իրենց քմահաճույքները կատարող պաշտոնյա: Կոռուպցիան նման ձեւով հնարավոր չէ կանխարգելել:

ՔՊ-ականները ձեւ են անում, թե իբր իրենք կոռումպացված չեն, բայց բավական է բացել «Հետքի» կայքը՝ համոզվելու համար, որ դա այդպես չէ: Այն, ինչ նրանք ունեին 2018 թվականից առաջ, համեմատության եզր չունի նրանց այսօրվա ունեցվածքի հետ: Հաջորդ իշխանափոխությունից հետո (երբ էլ այն լինի) ականատես կլինենք նոր քրեական գործերի եւ դատավարությունների, որոնց կեսը կլինի շինծու: Բայց անձամբ ինձ ներկայիս իշխանավորների բնակարանները, մեքենաները, բիզնեսները, արտասահմանում ձեռք բերած գույքը շատ ավելի քիչ է հուզում, քան նրանց մեղքով հայաթափված Արցախը:

Եվ վերջինը: Ես չեմ հավատում, որ Հայկուհու «պաշտոնազրկումը» ՔՊ-ական պատգամավորների «տեղական նախաձեռնությունն» է: Այդ պատգամավորները որեւէ ինքնուրույնություն չունեն եւ չեն կարող ինքնուրույն ընտրել կամ չընտրել որեւէ հանձնաժողովի որեւէ անդամի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nimar says:

    «Հայ ժողովրդի գլխին բերված ազգային աղետ» սահմանումը, ըստ երեւույթին, պարզաբանման կարիք ունի: Եթե ​​փորձեք դասակարգել այս նույն «ազգային աղետները» ըստ դրանց խստության աստիճանի՝ կարող է պարզվել, որ 500.000 հայերի փախուստը Հայաստանից, Ադրբեջանի հետ պատերազմների զոհերը, տրանսպորտային շրջափակման և երկրի թշնամական միջավայրը անչափելի ավելի մեծ աղետ են, քան 120.000 հայերի Արցախից Հայաստան վերաբնակեցումը:
    Այն, որ հայերի մեծամասնությունը դա լավ է հասկանում, վկայում է նրանց ողջախոհության մասին և գոնե որոշակի հույս է ներշնչում երկրի ապագայի նկատմամբ: Փաստ չէ, որ ապագան անամպ է լինելու՝ համառ,
    երկարատև հիմարության հետևանքները պետք է հաղթահարվեն մի ամբողջ սերնդի կողմից: Դա շատ կարժենա, բայց այս դաժան դասը մեզ հավանաբար կսովորեցնի չտրվել դեմագոգիային և չդառնալ
    «օգտակար ապուշներ» ռուս-թուրքական երկար խաղում:

    • Հ.Շ. says:

      Դուք ալ դժբախտաբար էական կապը չէք տեսնում Արցախի կորուստին եւ Հայաստանի ընթացիկ ու այսուհետեւ դանդաղ խեղդամահութեան միջեւ:

      Նաեւ, լաւ գիտէք որ նախկինում Հայաստանը լքող հայաստանցիներուն մեծ մասը, այս կամ այն կերպով, անհատապաշտութեան եւ նիւթապաշտութեան պատճառով, պիտի լքէին Հայաստանը: Նախկին իշխանութիւնները սակայն իրենց համար լաւ պատրուակ մը եղան, որ նրանք «արդարացնեն», թէ ինչու այդպէս լքեցին իրենց երկիրը: Սրա էլ ցայտուն փաստը այն է, որ նրանք չվերադարձան, 2018ին, 2019ին, 2020ին:

      Իսկ այժմու, մնացորդ բնակչութեան մէջ, կան վստահաբար մեծ թիւով անձեր, ընտանիքներ, որոնք հենց որ առաջին պատեհութիւնը գտնեն, արդէն պիտի արտագաղթեն:

  2. Հ.Շ. says:

    Այն անձերուն մէջ «որոնք կտրեցին իրենց կապերը պետական համակարգի հետ», կան շատ հաւանաբար ոմանք, որոնք այդպէս ըրին որպէսզի փախչին այս վարչակարգին պատասխանատւութիւնից տեղի ունեցած Աղէտի կապակցութեամբ, մինչ, մինչեւ իրենց այդ կապերը կտրելը, իրենք ալ հլու-հնազանդ հետեւած էին Փաշինյանի կամքին, քմայքներին, հրահանգներին:

    Նաեւ կան հաւանաբար ոմանք, որոնք նեղացան ու հեռացան վարչակարգից, քանի որ չստացան իրենց ուզած պաշտօնը:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031