Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետ․ «Երեւանի կենտրոնում ավտոմեքենայով շրջելիս պիկ ժամին ի՞նչ զգացողություն ունեք․մեր մի ավտոբուսում 60 ավտոմեքենայի մարդ է տեղավորվում»

Դեկտեմբեր 26,2023 15:03

«Երեւանի կենտրոնում ավտոմեքենայով շրջելիս պիկ ժամին ի՞նչ զգացողություն ունեք։ Այս նախագիծը նրա մասին չէ, որ հանրային տրանսպորտին էական առաջնահերթություն ենք տալիս, որը պետք է տանք․․․, շատ կարմիր գծեր, որոնք հիմա կապույտ գծեր են դառնում, դառնալու են ավտոբուսային գծեր։ Բացի այս ամենից, Երեւանի կենտրոնը որոշակիորեն անհատական մեքենաներից պետք է բեռնաթափենք։ Մեր մի ավտոբուսի մեջ 60 ավտոմեքենայի մարդ է տեղավորվում։ Այս որոշումները բավարար չեն լինելու ամբողջական բեռնաթափման համար։ Հետո գալու ենք նոր սահմանափակումների մասին քննարկումներ անենք։ Մենք քաղաքական պատասխանատվությունը վերցնում ենք», – այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Երեւան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին հարցի քննարկման ժամանակ։ Նախագիծն առնչվում է նաեւ ավտոկայանտեղերի վճարի բարձրացմանը։

«Ազգային առաջընթացից» առաջարկ եղավ մի տարով հետաձգել այս նախագծի ընդունումը, ինչին ի պատասխան Ավինյանն ասաց, որ այդպես անընդհատ կարելի է հետաձգել, սակայն որոշումները հերթով պետք է ընդունվեն, որպեսզի փոփոխություն տեղի ունենա։


«Ազգային առաջընթացից» Գրիգոր Երիցյանն էլ հարցրեց՝ ի՞նչ չափորոշիչներով եք որոշել, որ պետք է Երեւանի կենտրոնում ավտոկայանատեղիների տարեկան վճարը պետք է 12 հազարի փոխարեն 160 հազար դրամ լինի․«Շատ հեշտ է ասել՝ միջազգային փորձի վրա․․․ բայց դա նույնն է, թե հարցին չպատասխանել, որովհետեւ տեղական վճարը որոշելու համար միջազգային փորձ պետք չէ, պետք է նաեւ հետազոտել իրավիճակը տեղում: Օրինակ, մեկ անձին ընկնող ՀՆԱ-ի թիվը Հայաստանում եւ Վրաստանում բավականին մոտ է, բայց ձեր առաջարկով Երեւանի քաղաքացին Թբիլիսիի քաղաքացուց պետք է 100 դոլարով ավելի շատ վճարի մեկ տարվա համար: Եթե Թբիլիսիում 120 հազար են վճարում, ինչո՞ւ եք որոշել, որ երեւանցին 160 հազար պետք է վճարի, երբ Թբիլիսիում տրանսպորտի հարցը շատ ավելի լավ է լուծված»:

Երիցյանի խոսքով՝ արդյոք նախագծի հեղինակները հաշվարկել են քաղաքացիների վրա սոցիալական ազդեցությունը, թե մի իրավիճակ է լինելու, որ կենտրոնը չի բեռնաթափվելու, ուղղակի այդտեղ հարուստների մեքենաներն են կանգնելու, ոչ թե աղքատների»,-ասաց նա:

Քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման եւ գանձման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Ջհանգիրյանն ի պատասխան ասաց՝

Թբիլիսիում 800 լարի վճարը արդեն գործում է 10 տարի, եւ այնտեղ էլ արդեն մտադիր են վերանայել դրույքաչափը․«Տրանսպորտի վարչությունը կատարել է հաշվարկներ եւ հիմնավորումներ է ներկայացրել եկամուտների վարչություն: Սոցիալական բեռի մասով՝ժամի եւ օրվա հետ կապված կտրուկ աճ մենք չունենք, այսինքն` ֆինանսական բեռ հասարակ քաղաքացու վրա, որ շտապում է իր աշխատանքի վայր, այդքան մեծ չէ: B գոտում կայանելու դեպքում գործող դրույքաչափից այդքան մեծ տարբերություն մենք չունենք: Քաղաքացին կարող է կայանել B գոտում եւ իջնել աշխատանքի, որ գտնվում է A գոտում»:

«Սոցիալական բեռի ազդեցության հաշվարկ չեք արել, պարզ է»,-արձագանքեց Երիցյանը։ Նրա խոսքով՝ Երեւանը դարձնում ենք քաղաք, որտեղ մարդիկ չեն ուզում ապրել, որովհետեւ Երեւանում ապրելը թանկ է, անհարմար է, եւ Երեւանում ամեն ինչ թանկացել է՝ գույքահարկից սկսած, կայանատեղիներով վերջացրած․«Մենք միտում ենք տեսնելու, որ մարդիկ նախընտրելու են Երեւանից գնալ եւ ապրել Երեւանի հարակից բնակավայրերում: Եթե այդպես եք բեռնաթափելու քաղաքը՝ արտագաղթի միջոցով, շնորհավորում եմ, ձեզ մոտ կստացվի»:

Քաղաքապետն էլ արձագանքելով Երիցյանին, ասաց՝ ինչ վերաբերում է նրան, որ Երեւանում ամեն ինչ թանկանում է, ենթադրաբար, պետք է թանկանա․«Որովհետեւ ՀՆԱ աճը տարեցտարի բացառիկ թվեր են Հայաստանում: Շինարարական բումը, մյուսը, մյուսը, բոլոր գործոններն ազդում են նաեւ գների վրա: Ռուսաստանից մեծ թվով մարդիկ տեղափոխվեցին Հայաստան, Արցախից բռնի տեղահանված անձանց մի մեծ զանգված հիմա Երեւանում է: Այդ ամենը շուկայական պայմաններում իրենց դերն ունեն»:

Նա ասաց, որ նույնիսկ տասը տարի հետ ենք ընկել այս բարեփոխումների հարցում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031