Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի քանի խոշոր կառուցապատողներ կան, օրինակ՝ «ML mining»-ը, «Defansehousing»-ը, նման ֆինանսական բեռ դնելը վտանգավոր է տնտեսության համար»․ շինթույլտվության տուրքերը բարձրանում են

Դեկտեմբեր 26,2023 14:24

Մի կողմից մայրաքաղաքում ձգձգվում են շինարարությունները, մյուս կողմից էլ լրացուցիչ բեռ է դրվում կառուցապատողների վրա։ Այսպիսի կարծիք հայտնեց «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը՝ Երեւանի ավագանու այսօրվա նիստում քննարկվող շինթույլտվությունների տուրքի դրույքաչափը բարձրացնելու հարցի վերաբերյալ։

Ըստ Մանուկյանի, հարցի վերաբերյալ համապատասխան հանձնաժողովում հայտնել են, որ այս տուրքերի բարձրացման արդյունքում ակնկալվում է 7 միլիարդ դրամի մուտք քաղաքապետարանի բյուջե․ «Վտանգավոր է տնտեսության իրական հատվածից 7 միլիարդը վերցնելը»։

Ավագանու անդամի կարծիքով՝ կան մի քանի խոշոր կառուցապատողներ, օրինակ՝ «ML mining»-ը, «Defansehousing»-ը, որոնց պայմանագրերի երկարացման համար նման ֆինանսական բեռ դնելը վտանգավոր է տնտեսության համար․ «Որովհետեւ նախորդ տարիներին մեր տնտեսության ակտիվությունն արտաքին ազդեցությամբ էր, ոչ թե՝ ներքին։ Այդ ակտիվությունը ոչ այս տարի, ոչ հաջորդ տարի չենք ունենալու։ Շինարարությունը լոկոմոտիվ ճյուղ է, ու շինարարությանը նման բեռի առաջ կանգնեցնելը․․․ դրա համար էի հարցնում կառավարության հետ քննարկե՞լ եք այս հարցը, որ պատասխնատվությունը նրանք կրեն։ Եթե կառոցապատողը չկարողանա շինարարությունը ժամկետում ավարտել, քաղաքացին մնա անտուն, կառավարությունը պատասխանատվություն կրի։ Եզակի դեպքերում է, որ կառուցապատողը գերշահույթ է ստանում, բայց ծայրամասերում կառուցվող մեծ թաղամասերում չեմ կարծում, թե աստղաբաշխական եկամուտ ունեն։ Ես կառուցապատողների պաշտպանը չեմ․․․»։

Ի պատասխան Մանուկյանի հարցադրման, քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ այս որոշման լիազորությունը տրված է օրենքով․ «Գործադիրը որոշել է, որ ավագին լիազորված է նման որոշում կայացնել։ Ինչ վերաբերում է կառուցապատողներին՝ կենտրոնի գները հաշվի առնելով՝ դա էական ազդեցություն չի ունենալու կենտրոնում վաճառվող անշարժ գույքի վրա։ Միգուցե հունվարի հանդիպմանը որոշ գոտիներում տեսնենք, որ մեղմացման կարիք լինի։ Սա տրամաբանական որոշում է, քաղաքային բյուջեն կհամալրվի, կառուցապատմանը զուգահեռ քաղաքապետարանի առջեւ նոր մարտահրավերներ են առաջանում՝ սոցիալական ենթակառուցվածք, ճանապարհներ, կոմունալ ծառայություններ։ Նոր բնակիչներով է լցվելու, այդ ամենը պետք է սպասարկենք»։

Նախագիծն ընդունվեց 32 կողմ, 18 դեմ քվեարկությամբ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031