Այսօր ԱԺ հանձնաժողովի նիստում ՀՀ ԿԳՄՍՆ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրեց «Թանգարանների մասին» օրենքի նախագիծը, որը կարգավորում է թանգարանների գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է թանգարանների տեսակները, գործառույթները, Հանրապետության թանգարանային հավաքածուի ձեւավորման, համալրման, հաշվառման, պահպանության եւ անվտանգության իրավական հիմքերը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կարեւորեց նախագիծը եւ հարցրեց՝ այս պահին քանի՞ թանգարան ունենք ըստ տեսակի եւ սեփականության ձեւի, քանի՞ աշխատակից ունեն այդ թանգարանները. «Ես հիշում եմ, որ խրոնիկաբար ամենացածր աշխատավարձը թանգարանային ոլորտում աշխատողների աշխատավարձն է ոչ միայն մշակույթի, այլեւ առհասարակ ՀՀ միջին աշխատավարձի համեմատ: Կապ տեսնո՞ւմ եք աշխատավարձերի բարձրացման եւ այս օրենքի միջեւ»:
Կարդացեք նաև
Քոչարյանը պատասխանեց. «Այս օրենքով մենք սահմանում ենք ատեստավորման հարցը: Ինչ վերաբերում է կոնկրետ դրույքաչափերին, այս օրենքով նախատեսված չէ, բայց անպայման այս տարվա մեջ քայլեր ենք ձեռնարկելու՝ աշխատավարձերի հարցը բարձրացնելու համար: Նախարարության ենթակայությամբ ունենք 19 թանգարան, եւ շուրջ 140 համայնքային թանգարաններ Հայաստանում: Հազարից ավելի աշխատատեղ կա: Մեծամասնությունը, ցավոք, սրտի մինիմալ աշխատավարձ են ստանում»:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ




















































