Լրահոս
Օրվա լրահոսը

Չպահպանված եկեղեցիներ. Հակո գյուղի եկեղեցին

Հունվար 20,2024 12:00

Հակոն (մինչեւ 2006թ.՝ Հակկո) Արագածոտնի մարզի հին բնակավայրերից է։ Գտնվում է Թալինից մոտ 20 կմ արեւմուտք, Մաստարա գետի կիրճի ձախ եզրին, բլրակներով պատած քարքարոտ հարթավայրում: Գյուղը 1873-ին ուներ 45, 1931-ին՝ 415, 1959-ին՝ 484, 1970-ին՝ 456, 1979-ին՝ 451, 1989-ին՝ 401, 2001-ին՝ 229, 2011-ին՝ 95 բնակիչ: Այստեղ, 1951թ., դպրոցի շենքի կառուցման ժամանակ հայտնաբերվել են հնագիտական իրեր՝ կավե ամաններ, բրոնզե ճարմանդ, սարդիոնի ուլունքներ եւ երկու կնիք:

Այդ մասին գրել է նաեւ հնագետ Եսայի Ասատրյանը. «Արտին լեռան հարավ-արեւմտյան փեշերին ընկած է Հակկո գյուղը: Սրա դպրոցի շինարարության ժամանակ պատահականորեն բացվել են ուրարտական (Վանի թագավորության) դամբարաններ, որոնցից մեկում գտնվել են երկու կնիքներ: Դպրոցից դեպի հարավ տարածվում է հին դամբարանադաշտը»։ Ենթադրվում է, որ Հակոն առավել հնում կոչվել է Հակ։ Այդ անվամբ գյուղ է եղել Սյունիքի Աղահեջք գավառում, ինչպես նաեւ՝ Արցախի Հադրութի շրջանում՝ Հակակ անվամբ եւ այլն։ Հակ նշանակել է զանազան ապրանքների մեծ կապոց եւ չի բացառվում, որ միջնադարում, այստեղ շրջակա գյուղերից եւ դաշտերից հավաքված ապրանքների (բամբակ եւ այլն) մեծ կապոցներ են պատրաստել, որի համար էլ անվանվել է Հակ։

Գյուղում եղել է վաղմիջնադարյան եկեղեցի, որից միայն մի քանի քարեր են պահպանվել։ Քիվի երկու ատամնաշար քարերը, որոնք 5-7-րդ դարերի են, ընկած են տարածքում։ Հիմնականում, քիվի այդ քարերից էլ ենթադրվում է, որ եկեղեցին եղել է վաղմիջնադարյան (5-7-րդ դդ.)։ Այդ առթիվ ճարտարապետ Թորոս Թորամանյանը գրել է, որ «քիվերը սկզբեն մինչեւ վերջ չորս տեսակ ձեւափոխության ենթարկված կերեւին, որոնցմե մեկը ամենեն հին շրջանին մեջ գործածված է, այսինքն 5-րդ դարեն մինչեւ 7-րդ դար, եւ կներկայացնեն երբեմն մեկ եւ երբեմն քանի մը ճարտարապետական գծերով խառնված ատամնաշարեր»։

Եկեղեցու տեղում ներկայումս դրված է վաղմիջնադարյան (5-7-րդ դդ.) քառակող կոթողի քանդակազարդ պատվանդան, իսկ նրա մոտ 1940-ական թթ., եկեղեցու սրբատաշ քարերով կառուցվել է գյուղի կոոպերատիվ խանութի շենքը։ Այդ մասին 1947թ., տեղում ուսումնասիրություն կատարելիս, գրել է հնագետ Հովսեփ Եղիազարյանը. «Գյուղում եղել է եկեղեցի, որը քանդել եւ տեղը նրա քարերով կոոպերատիվ խանութի շենք են կառուցել: Վերջինիս պատերի մեջ օգտագործված են քանդակազարդ խաչքարերի եւ կոթողի բեկորներ, որոնց քանդակագործությունը բնորոշ է VII-X դարերին: Եկեղեցու գոյությունը վկայում է, որ այստեղ հայկական գյուղ է եղել։ Վերոհիշյալ եկեղեցու շուրջը եղել է գերեզմանոց, որը նույնպես քանդված է, միայն կոոպերատիվ խանութի արեւմտահարավային պատի մոտ պահպանվել են 2 գերեզմաններ՝ կարմիր տուֆից, սուր եռանկյունաձեւ տանիքի գերեզմանաքարերով: Գերեզմանոցում եղել են կոթողներ, որոնցից քառակող մեծ կոթողի ստորին մասի մի մեծ կտոր ընկած է նույն խանութին կից՝ Մամե Մարոյանի տան բակի ցանկապատի մեջ, իսկ դրան մոտիկ է եկեղեցու մի լուսամուտի կամարաքարը՝ կարմիր տուֆից: Նկատվում է, որ այդ գերեզմանոցը բավական ընդարձակ է եղել, որովհետեւ եկեղեցու վայրից մոտ 60 մ դեպի հարավ, գյուղաեզրին պահպանվել են  մի քանի գերեզմաններ՝ կարմիր տուֆից, սուր եռանկյունաձեւ գագաթով»:

Ընդարձակ գերեզմանոցի առկայությունը արդեն իսկ վկայում է, որ միջնադարում Հակոն բավական մեծ բնակավայր էր։ Գերեզմանոցում, որը եղել է եկեղեցու շրջակայքում, կանգուն են եղել 5-7-րդ դարերի քանդակազարդ կոթողներ, զարգացած միջնադարին բնորոշ խաչքարերը եւ եռանկյունաձեւ տապանաքարեր։ 10-րդ դարի մի խաչքար դրված է գյուղի հյուսիս-արեւմտյան մասում, Մաստարա գետի կիրճի եզրին։

Հակոյի դիմաց, Մաստարա գետի կիրճի աջ եզրին, ընդարձակ գյուղատեղիի ավերակներն են եւ չի բացառվում, որ գյուղը տարածված է եղել նաեւ գետի մյուս ափին։ Այստեղ միջնադարյան մշակութային շերտը պատել է առավել հին բնակատեղին։ Այդ գյուղատեղիին նույնպես անդրադարձել է Հ. Եղիազարյանը. «Գյուղատեղին գտնվում է գյուղի հարավային կողմում՝ ձորի աջ ափին, ընդարձակ տարածության վրա, մնում են տների հետքերը՝ փոսերի ձեւով: Գետնի երեսին նկատվում են կավե ամանների կարմիր ներկած կտորներ: Գերեզմանոցը գտնվում է գյուղատեղիի հարավային կողմում, տապանաքարերը կարմիր տուֆից են, ոմանք հարթ, ոմանք եռանկյունաձեւ գագաթով. մեծ մասամբ ջարդել, տարել են, տեղում պահպանվել են մի քանի գերեզմանաքարեր՝ թաղված գետնի մեջ: Գյուղաեզրին, նախորդ գերեզմանոցում եղել է մեծ կոթող-մահարձան, որը քանդել եւ քարերն օգտագործել են նոր շինարարության վրա»: Հակո գյուղի հուշարձանները կարոտ են մանրակրկիտ ուսումնասիրման։

Արմեն ԱՍԱՏՐՅԱՆ

Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի գիտաշխատող

«Առավոտ» օրաթերթ
19.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031