Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ միջազգային հարթակներում քննարկման թեմա չի դարձնելու Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացման հարցերը, քանի որ իրեն հետաքրքրում է միայն ՀՀ տարածքի պատմամշակութային ժառանգությունը։ Բայց զուգահեռ Փաշինյանը նաեւ ասել է, որ Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործություններին եւս ընթացք չի տալու։ «Առավոտ»-ն այսօր հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ այսինքն՝ Հայաստանի տարածքում տեղի ունեցած պատերազմական հանցագործությունները նույնպե՞ս իրեն չեն հետաքրքրում։
Նիկոլ Փաշինյանին նաեւ հարցրինք, թե ինչո՞ւ Արցախի եկեղեցիների ոչնչացման հարցերը չի բարձրաձայնում, արդյոք նրա գործողությունները փաստո՞ւմ են, որ աջակցում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։
Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Արծվաշենը ՀՀ ինքնիշխան տարածք է։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ես ուզում եմ մենք մոդելավորենք այսպիսի մի իրավիճակ, ասենք՝ այն պահը, որ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է ՀՀ վերահսկողության ներքո, եւ մենք գնում տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, օրինակ, 2016 թվականին։ Մեր ռեակցիան ի՞նչ պետք է լինի դրան։ Օրինակ՝ ՀՀ քաղաքացիներ կան, ովքեր այդ մզկիթի տարածքի վերաբերյալ բերում են իրենց սեփականության վկայականները, ասում են՝ այս հողը մերն է եղել։ Մենք ի՞նչ պետք է անենք։ Երբ որ ասում ենք՝ պատմամշակութային հուշարձան, մենք պետք է հասկանանք՝ պատմամշակութային հուշարձանն ինքը որոշակի չափանիշներով եւ կատեգորիաներով անցնող հուշարձան է։ Կարող է պարզվել, որ ամբողջ Արծվաշենի տարածքում ձեր նշած պատմամշակութային հուշարձաններն են, մենք ի՞նչ ենք անելու, ես համաձայն չեմ, որ այդպես է»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Հարցին, թե հայկական կողմը երբ է այլ ազգի ներկայացուցիչների պատմամշակութային ժառանգությունը ոչնչացրել, ինչո՞ւ է Փաշինյանն այս հարցում հավասարության նշան դնում Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ, նա պատասխանեց․ «Ես այդ հարցին պատասխանելու ցանկություն չունեմ, ես տեսնում եմ, որ Ադրբեջանն էլ նույն կերպ Հայաստանի մասին տարբեր բաներ է ասում։ Եվ մենք պետք է որոշում կայացնենք՝ ի՞նչ ենք անում, գնում ենք կոնֆլիկտի՞։ Հայաստանում խոսվում է բազմաթիվ ռազմական հանցագործությունների մասին, Ադրբեջանում էլ է խոսվում։ Ինչո՞ւ է ձեզ թվում, որ միայն Հայաստանում լրագրողներ կան, ընդ որում՝ հայրենասեր, որոնք անընդհատ այդ հարցերը բարձրացնում են։ Այնտեղ էլ են նույն հարցերը բարձրացնում, եւ հարցը հետեւյալն է՝ ի՞նչ ենք անում մենք, ո՞րն է մեր ռեակցիան։ Մեր ռեակցիան պետք է հիմնվի այն պայմանավորվածությունների վրա, որոնք թղթի վրա արձանագրված ու հրապարակված են»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































