Լրահոս
Օրվա լրահոսը

Ցավի եւ սիրո վկայագիրը՝  Մ. Դերանցի «Գմբեթավոր հովանոց» վեպում

Հունվար 22,2024 12:00

Երեւանյան պայծառ ու տաք աշունն իր գույներով ու էությամբ իսկական հակադրություն էր ստեղծել մարդկանց հոգիներում բույն դրած ցավի հետ. Արցախը բռնի ուժով հայաթափվում էր։ Ամենուրեք տխուր ու անբռնազբոս տրամադրությունը սքողել էր բոլորին՝ ինչ-որ բանով զբաղվելու սիրտ չթողնելով։

Այդ օրերին էր, երբ ՀԳՄ-ի կլոր սրահը նորից դարձավ մարդաշատ։ Առիթը ամերիկահայ ժամանակակից արձակագիր Մարգարիտ Դերանցի հերթական գրքի՝ «Գմբեթավոր հովանոց» շնորհանդեսն էր։ Ունկս բանախոսների՝ գրողին ու գիրքը բնութագրող վերլուծական-գնահատանքից չկտրելով՝ աչք գցեցի գրքի սիրտ առած բառերին։ Բացված էջը կամայական էր, աչք զարնող նախադասությունը՝ պատահական ընտրված. «Հինչ էլ լինի, Ղարաբաղը հանձնվողը չի…»։ Սարսռացի։

Վեպի ենթավերնագրերն առաջին իսկ պահից ենթադրում են պատմվածքի համահավաք ժողովածու, սակայն ընթերցելիս նկատելի է դառնում յուրաքանչյուր վերնագրի տակ միավորված դիպաշարի ու հերոսների միասնական, ագուցված կապը։ Պատումներն օրգանապես միահյուսված են՝ երկը դարձնելով կուռ ու ամբողջական։ Հեղինակը տեքստային ու բովանդակային առումով ժամանակի այնպիսի տեղաշարժ է կատարում, որ ընթացքը դառնում է միասնական ու անխախտ։ Վեպում դեպքերը զարգանում են մի քանի տարածաժամանակային հարթություններում՝ անցյալ դարի Շուշիի հրդեհի դեպքից մինչեւ Արցախյան առաջին հերոսամարտ, այնուհետեւ աշնանային այն տաք լուսաբացը, երբ «քշաթոխպը» նստեց ու մնաց հայրենի Արցախի՝ դեռեւս լիովին չապաքինված ուսերին։ Երկի առաջին իսկ էջերից զգացվում է ցավի, կորստի, կարոտի, պայքարի, մաքառման տրոփ, որը պարպվում է հայրենիքի նկատմամբ սիրո բռնկումով։

Վեպը հարուստ է նուրբ զգացական շերտերով ու հոգեբանական հարուստ ընդգրկումով։ Հեղինակն ունի պատմելու հմուտ ձիրք, կառուցում է հետաքրքիր երկխոսություններ՝ հերոսներին դարձնելով խոսուն ու կենսունակ։ Կերպարները տարբեր են ոչ միայն իրենց անխռով ու տխուր, զգացական ու ազդու, հախուռն ու համարձակ վարքագծով, այլեւ կյանքի բաշխած ծանր ու ազդու հարվածների ուժով, որոնցից թրծած ճակատագիրը դառնում է ընդհանրական՝ կոչվելով Հայրենիք։ Վեպի գլխավոր հերոսներից է Հադրութի շրջանի, Քյուրաթաղ գյուղի Թերեզիկը, որը համագյուղացիների կողմից ստացել էր իր կերպարը բնութագրող մականուն՝ Բզեզիկ։

Ծնված օրվանից աղջիկն անմասն չի մնացել ճակատագրի դրամատիզմ հարվածներից. ծնվելուն պես կորցրել է մորը, հայրն էլ խռովելով իրեն բաժին հասած բախտից՝ հեռացել է տնից ու հայրենիքից՝ հասնելով Բաքու։

Սակայն վեպում այսքանով չի ավարտվում հոր կերպարի դրամատիկ զարգացումը։ Թշնամու ձեռքով հասցրած եւս մի դժնի հարված՝ «սումգայիթյան սահմռկեցուցիչ ոճիրը», հորն ու աղջկան միավորում է։ Հայրը հետ է վերադառնում՝ հետը բերելով խոշտանգումից փրկված հարեւանի աղջկան՝ Նյուշային։

Նյուշան, որի դերը վեպում հոր բարության ու մեծահոգության ընդհանրացումն է, իր մեջ կրում է հոր «նահատակված ընտանիքի հիշողության ամփոփումը»։ Թերեզի համար հոր այցը սփոփանք էր, սեր, կարոտի փարատում, ինչը, անշուշտ, ստանում էր նաեւ իր զինվորական ամուսնուց, «ով սիրո մեջ կրքոտ էր, կռվի մեջ՝ անձնուրաց, սակայն նա ամիսներ հետո դարձավ լույսի եւ հավերժության ճամփորդ՝ վերջ դնելով հերոսուհու հասանելիք երջանկությանը»։

Ընդգրկուն, իրենց ցուցաբերած վարքով համոզիչ, օրինակելի կերպարներ են ԱՄՆ-ից Արցախ հասած հայրենասեր ու պատվախնդիր տղաները։ Նրանցից մեկն էլ Թերեզի որդին էր՝ Գեւորգը, ով անտեսելով կնոջ, ընկերների հորդորները՝ հասավ հայրենիք՝ ցավին իր բաժին փրկությունը տալու՝ «…չէ՞ որ հերոսի որդի էր»։

«Թերեզը մնացել էր հայրենիք սիրող որդու եւ որդի սիրող հարսիկի միջեւ»։ Նրա մեջ «ընդվզում էր մի դատավոր, որի վճիռն արդար էր ու չներող»։ Հուզիչ պատկերներով է նկարագրվում հայրենի գյուղում կազմակերպած Գեւորգի եւ Վարդանի հուղարկավորությունը։ «Իմացյալ մահն անմահություն է,- իր հուզիչ խոսքով ներկաներին սրտապնդում է պրոֆեսորը։ -Մենք պարտվեցինք, բայց մեր զինվորը չպարտվեց»։ Բժիշկ Անդրանիկը խորհում է դասախոսի ասածների շուրջ՝ միաժամանակ մնալով իր անխախտ կարծիքին հավատարիմ. «…Էլի լինելիության վտանգ կա։ …Ստացվում է՝ մեր կռիվները միշտ էլ կենաց-մահու են, բայց մեզ մեռնել չկա…»։

Վավերագիր պատում է «Դեպի Օմարի լեռնանցք» վերտառությամբ հատվածի հերոսական սյուժեն, որի հիմքում ազատամարտիկ Մենուա Մանվելյանի հուշամատյանն է։

Ազգային ինքնագիտակցության գաղափարախոսությամբ առաջնորդվող տասնհինգ հոգանոց զինված հայկական ջոկատը իրենից տասնապատիկ ավելի մեծ, մինչեւ ատամները զինված ջոկատի հետ տալիս է անհավասար մարտ, որոնց մասին, ինչպես հեղինակն է գրում, «ոչ մի դասագրքում չի գրվել, եւ որ նման կռիվները որոշեցին ավելի մեծ ճակատամարտերի ելք»։

Վեպում տխուր ու ցավոտ գույներով է պատկերվում Թաղավարդի համար մղվող պայքարը, որը ի վերջո «փլվեց կորստի ցավով»։ «…Թշնամական ջոկատները կանգնել էին դեմ-հանդիման՝ Վերին Թաղավարդում ադրբեջանցիներ էին, ներքեւում՝ հայերը»։

Դիպուկ ու ազդու խորհրդանիշ է «Երբեք չմեռնես» գլխում պատկերված ճզմած խաղողով լեցուն հինգտոննայանոց լի կաթսան, որը թշնամու կործանիչի անսպասելի հարվածից վեր է թռչում, շուռ գալիս՝ պարունակությունը տարածելով ամենուր։ Տան պատերից սկսում է ծորալ թանձր ու կարմիր մրգահյութը։ «Կաթսան խաղաղ, բարի օրերի հրաժեշտն էր, որի կորստով հօդս ցնդեցին նախնյաց հույսերը»,-գրում է հեղինակը։

Երկում հարուստ նկարագիր-պատկերներից յուրաքանչյուրը պատահականորեն ստեղծված չեն։ Դրանց մեջ հեղինակը պարփակել է ապրած ցավի խտությունը. «Հացի ցեխում խմորը ուռչել, թափվել էր կաթսայից դուրս, հասել մինչեւ հատակն ու քարացել»։ Երկն իր մետաֆորիկ արտահայտչականությամբ ընթերցողի մոտ ավելացնում է զգայական պատկերների առկայությունը։ Զգացական անկեղծությամբ հարուստ վեպը կոչ է լացն ու կսկիծը հաղթահարելով՝ լրջորեն մտածել մեր ճակատագրի մասին։

Անշուշտ, Մ. Դերանցի իրապաշտ արձակում ծանր ու ցավալի իրականության կողքին տեսանելի է ակնկալվող սպասման, սիրո, նվիրումի արտացոլանքը, որը, ինչպես հեղինակն է նշում, «ծնվում է հայրենիքի հանդեպ խոր ապրումներից»՝ միաժամանակ հաստատելով մի պարզ, բայց կարեւոր բանաձեւում՝ «Մարդը չի կարող երջանիկ լինել, երբ հիվանդ է Հայրենիքը»։

Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

մանկավարժ, արձակագիր

«Առավոտ» օրաթերթ
20.01.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031