Լրահոս
Օրվա լրահոսը

Անկասելի ուղեւորը

Սեպտեմբեր 21,2023 12:30

Մտորումներ «Հյուպատոսական գրառումներ» գրքի շուրջ

Անտառապանք չե՛ս երկնի ոչ մի երգ,

Անտառապանք չե՛ս կռի ոչ մի սուր…

Պետար Պետրովիչ Նեգոշ

«Ձեր գիրքը, իրոք, հայ-սերբական գրական մի հուշարձան է, որը հիշեցնում է անառիկ մի ամրոց: …Հայաստանն ու Սերբիան այնքան են ներդաշնակված իրենց անցյալով ու ներկայով, ասես մի մոր զավակներ լինեն: Այդ գրքում հառնում են ձեր երկու հայրենիքները: Մենք պիտի փայփայենք ձեր նման բարեկամին, սիրենք եւ սատարենք»: Բաբկեն Սիմոնյանի «Մի պտղունց սերբական հող» գրքի մասին այսպիսի գնահատանք է հնչեցրել Սերբիայի Ազգային ժողովի պատգամավոր Զորան Ռադոյիչիչին:

Անտարակույս, նման բնութագրումով ու համեմատությամբ կարելի է արժեւորել նաեւ հեղինակի վերջերս լույս տեսած «Հյուպատոսական գրառումներ» մենագրությունը:

Գրքում բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր, սերբագետ Բաբկեն Սիմոնյանը ներկայացնում է հայ-սերբական հարաբերությունները, մշակութային կապերը, որոնք հուշագրության ձեւաչափով ձգվում են հեղինակի՝ 2006 թվականին ՀՀ-ում Սերբիայի պատվավոր հյուպատոս նշանակվելու պահից մինչ 2023-ի տարեմուտը:

Մի քանի տասնյակի հասնող օրագրային գրառումներում ամփոփված են ոչ միայն հյուպատոսի դիվանագիտական առաքելության անցուդարձը, այլ գրքում ակնառու տարորոշվում է մեր ազգի հոգսերը, անպատասխան մնացած Հայոց հարցի անհայտությունը, Արցախյան գոյապայքարը:

Հեղինակի հանդիպումներից յուրաքանչյուրը, կարծես, մերձեցնում է աշխարհաքաղաքական բարդ պայմաններում ապրող հայերին ու սերբերին:

Երեւի թե հայրենիքի նկատմամբ ազատասիրության ոգին է ստիպել հեղինակին հյուպատոսական ուղեգրության այս մեծածավալ ու արժեքավոր գիրքը փառավորել հայրենանվեր տոգորումներով:

Անխոս, գիրքն իսկական վավերագիր է հայ-սերբական հարաբերությունների վերաբերյալ: Գրական խոսքով սերունդներին պահ է տրված պատմական իրադարձություն: Այստեղ արտացոլված է ժամանակի դիվանագիտական քաղաքականությունը:

«Բաբգէնը շարժուն, շարժական կամուրջ է: Կամուրջ, որ կը կամրջէ Հայաստանը Սերպիոյ, Սերպիան` Հայաստանին, Հայաստանն ու արտասահմանեան բազմաթիւ հայ համայնքներ: Կը սերտացնէ կապը անոնց միջեւ: Կը խանդավառէ, մարդոց մէջ կը սերմանէ բարիին հանդեպ հաւատք, կոգեւորէ զանոնք հայու անմար խիզախութեամբ եւ ապագային հանդէպ անբեկ յույսով: Սիրելի՛ Բաբգէն, դուն նուիրեալ ուղեւոր ես եւ քու ուղեւորութիւնդ անկասելի է…»:

Հյուպատոսի մասին դրվատանքի այսպիսի խոսքեր է հնչեցրել Լիբանանում լույս տեսնող «Կամար» ամսագրի գլխավոր խմբագիր Ժիրայր Դանիելյանը:

Հեղինակը Սերբիա այցելելիս գրեթե միշտ հանդիպումներ է ունեցել տեղի հայ համայնքի հետ` ցանկանալով սերբահայ փոքրաթիվ գաղթօջախներում վառ պահել հայրենիքի ոգին ու անջինջ կերպարը՝ հզորացնելով նրանց կապը հայրենիքի հետ:

Գրքում հաճախ է շեշտվում հայ եւ սերբ ժողովուրդների պատմականորեն բախտակից լինելու փաստը: Սերբերը նույնպես տեսել են ցեղասպանություն եւ ապրում են կորցրած հայրենիքի ցավը:

Այս ամենին Եվրոպայի դիրքորոշման վերաբերյալ հեղինակը տալիս է դիպուկ բնութագրում. «Նրանք չունեն կորցրած հայրենիքի զգացողություն ու չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում նայել Արարատին եւ մեծ ցավ ապրել: Իսկ սերբերի Արարատը Կոսովոն է, որը մարդկության աչքի առջեւ նվեր տվեցին բարբարոս ալբանացիներին, ինչպես 1921-ին` Արցախն ու Նախիջեւանը` Ադրբեջանին»:

«Այսօր աշխարհում բոլոր հարցերը լուծվում են բացառապես ուժային ուղիներով, որոնց, ավա՜ղ, հիմնականում զոհ են դառնում հազարամյակերի պատմություն ունեցող, հալածված փոքրաթիվ ժողովուրդները,- զրույցներից մեկում շեշտում է հեղինակը,- այսօր, վստահորեն կարող եմ ասել՝ ոչինչ չի փոխվել, այդ վեհաժողովները փոխվել են նորերով՝ Մինսկի խումբ, Մադրիդյան գագաթնաժողով, Վենետիկյան հանձնաժողով… Էությունը նույնն է մնացել, այսինքն՝ պատմությունը կրկնվում է»:

Գրքում դիվանագիտական տարբեր հանդիպումների մասին հուշագրություններում հյուպատոսն առիթը բաց չի թողնում հարգանքի ու սրտի ցավով անդրադառնալու 1988-ի երկրաշարժի դժնի օրերին սերբ օդաչուների կատարած մարդասիրական քայլին, երբ անսպասելիորեն վթարվեց հարավսլավական ինքնաթիռը: «Մեզ օգնության ձեռք մեկնած սերբ օդաչուների ողբերգական վախճանը հավերժ վավերացնելու է երկու ժողովուրդների պատմության էջերը: Սերբական յոթ մասունք է հանգչում Հայոց հողում… Անմոռաց յոթ մասունք…»,- գրում է Բ. Սիմոնյանը:

Անխոս, հեղինակի կողմից կատարած հսկայածավալ գործունեության շնորհիվ Սերբիան մեզ ավելի մոտիկ ու սիրելի երկիր է դառնում: Հայերիս կապում այդ երկրի մշակույթի, պատմության, գրականության հետ:

Հուզիչ է, երբ հեղինակը Սերբիային այսչափ մերձենալու համար երախտագիտությունն է հայտնում իր կյանքում ճակատագիր դարձած երկու կանանց՝ պատմության ուսուցչուհուն՝ Արուս Սարգսյանին եւ Սանկտ Պետերբուրգի համալսարանում իրեն սերբերեն ուսանած անվանի սերբագետ Իրինա Արբուզովային:

Տարիներ են ննջում այս օրագրության էջերում, որտեղ ապրում է ոչ վաղ անցյալի դիվանագիտական անցուդարձը՝ համեմված ինչպես գեղարվեստական պատկերավորման միջոցներով, այնպես էլ խորը բովանդակություն ունեցող մտքերով, որոնք կարելի է համարել աշխարհաքաղաքական հարաբերություններում ճշմարտություն որոնելու իմաստնություններ:

Այդ ամենի վկայությունն են Բաբկեն Սիմոնյանի մտորումներից արված քաղվածքները՝

***

Չպատժված ամեն հանցագործություն նոր հանցանքներ է ծնում:

***

Արյունն էլ կարող է խոսել, արյունն էլ ձայն ունի, զգալ, հառաչել ու ընդվզել գիտե:

***

Աստված ուժեղներին է փորձության ենթարկում՝ ստուգելով, թե կկարողանան արդյոք նրանք դիմակայել տառապանքներին:

***

Չդատապարտված ամեն հանցագործություն նոր ոճիր է ծնում:

***

Քաղաքականությունն ու դիվանագիտությունը մարդասիրություն չեն ճանաչում:

***

Ամեն երկիր աշխարհին է ներկայանում առաջին հերթին իր մշակույթով:

***

Հոգեհարազատ եւ տառապած ժողովուրդները պարտավոր են դաշինք ստեղծել, այլապես դժվար կլինի գոյատեւել ներկայիս աշխարհակարգի պայմաններում:

***

Անխոս, հեղինակն իր գնահատումներում զուսպ է ու հավասարակշիռ, սակայն հայ-սերբական հարաբերությունների համար կատարած գործով՝ կա ու կմնա որպես ազնվագույն առաքյալ:

Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Մանկավարժ, արձակագիր

«Առավոտ» օրաթերթ
20.09.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930